Նախընտրական ծրագիր N... Կույրն ինչ կուզի` մի զույգ աչք


Հայաստանում բազմապիսի և բազմաբնույթ և անպայման ազգային ծրագրերին մեկն էլ ավելացավ: Մինչ կույրերը և կուրանալու ենթակա հիվանդները մյուս բոլոր հաշմանդամների հետ դժվարինս պահպանում են իրենց գոյությունը, հայրենի Կառավարությունը կուրության կանխարգելման ազգային ռազմավարական ծրագիր է հաստատել: Կուրությունն աղքատության «երաշխավորն» է, և առանց այդ էլ աղքատ երկրին ձեռնտու չէ, որ աղքատության սանդղակը մի թիզ էլ կուրության պատճառով բարձրանա: Եվ մարդու աչքի լույսի պահպանումն, ըստ մեր առողջաբանների, մի կողմից համահունչ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, մյուս կողմից «Հազարամյակի մարտահրավերների», (որ աղքատությունը վերացնելու ենթածրագիր ունի) պահանջներին: Մեր առողջապահները ուսումնասիրել են աշխարհի փորձը, համոզվել, որ տեսողական խնդիրների 75 տոկոսի դեպքում կարելի է խուսափել տեսողության կորստից և երկնել են վերոնշյալ ծրագիրը: Մինչև 2020 թվականը վերացնել կանխարգելելի կուրությունը. սա է ծրագրի ռազմավարական նպատակը: Իսկ մինչ այդ, ըստ հանրությանը ներկայացվող որոշ հաշվարկների, գլաուկոման կարող է, օրինակ, ախտահարել տարեկան 2-3 հազար մարդու տեսողություն: Մեզնից շուրջ 50 հազարի աչքի լույսն էլ կատարակտն է մթնեցրել: Շուրջ 4 հազարի մոտ երկկողմանի կուրությունը պայմանավորված է կատարակտով և լիովին ենթակա է բուժման վիրահատական ճանապարհով: Մասնագիտական առումով, բնականաբար, ասվածը վիճարկելի չէ: Փոխարենը չվիճարկել չես կարող բերված թվերը, որոնք հաստատապես ոտքի վրա, ձեռքի հետ, աչքաչափով արված հաշվարկների արդյունք են: Առարկողներին մեզ թույլ կտանք հարցնել. հաշվե՞լ են, արդյոք, մարզերում` հեռավոր գյուղերում ապրող տասնյակ հարյուրավոր մարդկանց, ովքեր բժշկի երես չեն տեսնում, հաշտվել են խարխափելով տեղաշարժվելու և (մանավանդ տարեցները) Աստծո տված կյանքի շարունակությունն այդպես «կուրորեն» էլ ապրելու հետ: Իսկ տխուր այս իրողության բուն պատճառը «Նորին մեծություն» սոցիալականն է: Մեղրիից ու Բերդից մայրաքաղաք հասնելը, բուժհիմնարկների (իմա` պետության) պահանջը և բժիշկների ախորժակը բավարարելը, այլ կերպ ասած, երկու տիրոջ ծառա լինելը հեշտ բան չկարծեք: Թե ինչպես կբժշկվեն կույրերն ու կուրանալու գործընթացում գտնվողները, իրենք կորոշեն: Պետությունն այլ բան է որոշել` նախ չկուրանալ: Կանխարգելման ճանապարհով: Կույրերին, կուրանալու վտանգի ու հետևանքների մասին կարծես թե ճիշտ ժամանակին էլ հիշվել է: Հասկանո¯ւմ եք, ընտրություններ են: Նախընտրական ծրագիր N-ը էսօրվա-վաղվա գործ չէ, այն առայժմ հնչեցնելու փուլում է: Հլա որ թող հնչի, կույրերը թող քոռ-քոռ տեսնեն իրենց վաղվա օրը, մինչև կանխարգելման խորհրդային համակարգը կյանքի կկոչվի: «Անվճար (՞) գործող պոլիկլինիկաները կհագեցվեն նոր սարքավորումներով»,- բացատրում է Առողջապահության նախարարության բուժօգնության կազմակերպման վարչության պետ Վ. Պողոսյանը: Միայն թե այնքան էլ պարզ չէ` Մուհամմե՞դը կգնա սարի մոտ, թե՞ սարը` Մուհամմեդի: Բայց դե պարզելու և մանավանդ կանխարգելվելու ժամանակ դեռ ունենք` մինչև 2020 թվականը:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ