«Տաֆտ` երեք եղանակ» Տաֆտալոգիա` տարին կլոր, բոլոր եղանակներին


Ասուլիսներ ու հարցազրույցներ են լինում, երբ զգում ես, որ լրագրողական միտքդ հարստացավ նոր փաստերով, հին փաստերի նոր մեկնաբանություն ներով: Այնպես որ, բանախոսին որևէ հարց չունես տալու, քանզի չես հասցնում ասվածը մարսել, ինքդ քո մեջ մեկնաբանել: Լինում են հանդիպումներ, որ գիտես` ուղղակի տեղեկատվական նյութ պետք է սարքես: Սակայն հազվադեպ են լինում հանդիպումներ, որտեղից դուրս ես գալիս... աղքատացած, նյարդայնացած, երբ լրագրողները սկսում են սրահից հեռանալ առաջին տասնհինգ րոպեն դեռ չլրացած, իսկ բանախոսին լրագրողը հորդորում է. «Խնդրում եմ իմ հարցին հակիրճ պատասխանեք»: Այսպիսի հանդիպում կայացավ «Ազդակ» ակումբում, ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանի հետ: Որպեսզի մերկապարանոց չլինի խոսքը, մեջբերենք նրա խոսքի առաջին պարբերությունը բառացի, առանց լրագրողական «վարսահարդարման». «Ես կուզեի խոսենք ամենալուրջ խնդիրներից, որովհետև մենք տեսնում ենք, որ ցավոք, ուրեմն նախընտրական կրքերը ու նաև մեր կարծիքով ժամանակից շուտ, էսպես, ոչ քաղաքական ձևերով քարոզարշավը, մարդկանց շեղում է ամենահիմնական խնդիրներից: Մենք համոզված ենք, որ արտաքին և ներքին խնդիրները խիստ շաղկապված են մեր պարագայում և Հայաստանը առավել քան երբեք կանգնած է շատ լուրջ խնդիրների առաջ: Բավական է նայել մեր բյուջեն, բավական է նայել, թե պաշտպանության համար որքան գումար է հատկացված, համեմատել Ադրբեջանի հետ, կտեսնենք, որ տաս անգամ մոտավորապես քիչ է և զարմանալի է, երբ էս պարագայում, ասենք. միայն ասում են, որ ոչինչ, դա որևէ էապես վտանգ չի ներկայացնում: Մենք պատրաստ ենք, ու պաշտպանության նախարարը, անվտանգության խորհրդի քարտուղարը փոխանակ գիշեր-ցերեկ մտածի, թե ինչ անի, որ էդ հսկայական տարբերությունը չեզոքացնի, ասենք ջրագծեր է բացում, խոստանում է ճանապարհներ կառուցել: Սա մեզ իհարկե անհանգստացնում է խիստ»: Հասկացա՞ք: Հարգելի ընդդիմադիրին անհանգստացրել է ոչ թե Ադրբեջան, բյուջե և այլն, և այլն, այլ այն, որ ջրագիծ բացելիս, ժողովրդի հետ հանդիպելիս էկրանին երևացել է Սերժ Սարգսյանը, և այս հսկայական ու անկապ պարբերությունը պետք էր այս հակիրճ միտքը արտահայտելու համար: Հարգելի գործչին հավանաբար թվում է, թե լրագրողների հետ հանդիպելը նույնն է, ինչ երեխաներին հեքիաթ պատմելը: Եվ ուր էր, թե մեր ընդդիմադիրներն այսպես վարվեին միայն խոսքով: Այդպես նրանք նաև գործում են արդեն երկար ու ձիգ երեք տարի: Ինչևէ, անցնենք առաջ: Բանախոսի կարծիքով, նախագահ Քոչարյանը պետք է Սերժ Սարգսյանից պահանջի (հավանաբար, իրենց ջրաղացին ջուր լցնելու նպատակով-խմբ.) կամ զբաղվել պաշտպանական խնդիրներով, կամ հրաժարվել պաշտոնից ու զբաղվել քաղաքականությամբ: Նա ծիծաղելի է համարում նաև այն փաստը, որ «...մերոնք ասում են, թե մենք պարսիկներին տեղյակ ենք պահում, թե ռուսների հետ ի՞նչ ենք խոսում և դա տպում ենք թերթերում: Ի՞նչ է պարսիկները ռուսների հետ չե՞ն կարողանում խոսել, որ մենք պետք է ասենք: Ծիծաղելի է, չէ՞» (իրոք, որ ծիծաղից թուլացանք-Գ.Ա.): - Հայաստանը երբեք այսպիսի շահեկան վիճակում չի եղել,-շարունակելով արտաքին քաղաքականության թեման, ասում է Զաքարյանը,- այն իմաստով, որ որոշ պետությունների շահեր բախվում են, և մենք կարող էինք այստեղ օգտվել: Օրինակ` մեզ ձեռք է տալիս, որ Եվրոպան ուզում է Թուրքիայի հետ խնդիրները մեր միջոցով լուծել: Պարսկաստանը իր խնդիրները ուզում է մեր միջոցով լուծել` էլի մեզ ձեռք է տալիս, ԱՄՆ-ն իր խնդիրներն ունի, որ էլի մեզ ձեռք է տալիս քրդական պետության ստեղծման պահով: Մենք պետք ենք նաև Ռուսաստանի ծրագրերին, բայց մենք չենք կարողանում օգտվենք, որովհետև զբաղված ենք նախընտրական կաշառքներ բաժանելով»: «Որտեղի՞ց պաշտպանության նախարարին այդքան փող, արտաքին քաղաքականության «համատեքստում»,- նաև նկատում է Ստ. Զաքարյանը: Մեր բյուջեն նա անվանեց գոյատևման բյուջե` իր ուրախությունը հայտնելով, որ ուսուցիչների աշխատավարձը բարձրացվում է 20 %-ով, ու միաժամանակ զարմանք հայտնում, որ պաշտոնատար անձանց աշխատավարձը բարձրանում է 40 %-ով. որտեղի՞ց պետությանը այդքան փող... Շարունակելով ներքաղաքական թեման, նա ասաց, որ ՀԺԿ-ն դեռ Կարեն Դեմիրճյանի ժամանակներից մինչև հիմա հանուն պետության գնացել է զիջումների` կազմելով միություններ և էլի պատրաստ է դրան, բայց իշխանությունները խանգարում են (ընդդիմության համախմբմանը-խմբ.): Հանդիպման ավարտին բանախոսը պատասխանեց «Ավանգարդի» մի քանի հարցերին: - Ձեր խոսքում Դուք ասացիք, որ ՀԺԿ-ն հանուն պետության գնացել է զիջումների և կազմել միություններ: Ու՞մ եք զիջել և ո՞ր հարցերում: - Չէ, զիջումներ գուցե ես սխալ բառ ասացի, այսինքն` փոխզիջումների: Երբ ինչ-որ մեկի հետ համագործակցում ես, նա ունի իր խնդիրները, իր շահերը, դու ունես քո շահերը, բայց մենք գտնում ենք, որ կա ամենաբարձր շահը. դա ժողովրդի, հասարակության շահն է և դրա համար պետք է ինչ-որ բաներից հրաժարվել: ՀԺԿ-ի համար հեշտ չէր 1999-ին գնալ Վազգեն Սարգսյանի հետ համագործակցության, որովհետև մենք համոզված ենք, որ 98-ին Կ. Դեմիրճյանի հաղթանակը գողացվեց: Բայց մենք գիտակցելով պետության ու հասարակության շահը, Կ. Դեմիրճյանը գնաց համագործակցության: - Արտաքին քաղաքական վիճակը Դուք Հայաստանի համար բարենպաստ համարեցիք, քանի որ այստեղ բախվում են տարբեր պետությունների շահեր, որից մենք կարող ենք օգուտ քաղել: Ինչո՞ւ Ձեր խոսքը դեկլարատիվ հայտարարությունից այն կողմ չի անցնում: Օրինակ, կարելի էր գրավոր ձևակերպել բոլոր այն առաջարկները, որոնք աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում կարող են նպաստ բերել Հայաստանին, և դրանք ներկայացնել ինչպես հանրությանը, այնպես էլ իշխանություններին: - Չգիտեմ, գուցե կգրենք: - Մեծամասնական ընտրակարգով որևէ ընտրատարածքում Ձեր թեկնածությունը դնելո՞ւ եք: - Գիտեք, այդ հարցը շատ չարչրկվեց, առանց նախադրյալ ունենալու: Այս գաղափարի մասին ընդամենը խոսք է եղել, կուսակցությունը դեռ չէր քննարկել, եզրակացության չէր եկել, և հանկարծ մամուլը գրում է, թե որոշել ենք: Եթե կուսակցությունը որոշի և ես էլ գտնեմ, որ այդ 41-ից մեկը ես եմ, ուրեմն կենթարկվեմ այդ որոշմանը:

Գագիկ ԱԲԳԱՐՅԱՆ