Ընտրական օրենսգիրքը` յուրօրինակ լակմուս


Արդեն երկար ժամանակ է` վերլուծաբանները «գլուխ են կոտրում»` հասկանալու համար ՀՀԿ-«Բարգավաճ Հայաստան» հարաբերությունների իրական բնույթը: Ինչպիսի՞ն են դրանք այսօր, և, որ առավել հետաքրքրական է, ինչպիսին կլինեն մոտ ապագայում` ԱԺ ընտրությունների անմիջական նախաշեմին: Ինչքան էլ առաջին հայացքից տարօրինակ ու «անկապ» թվա, այդ հարաբերությունների ապագայում սպասվելիք «որակի» վրա կարող է լույս սփռել ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկումների երկրորդ փուլը: Ինչ տրամաբանությա՞մբ: Ահա այսպիսի: Հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգ ներառող Ընտրական օրենսգրքի տարբերակը (որը մտցվել է օրակարգ) ներկայացրել է Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս միանշանակ ընկալվում է որպես «ԲՀ»-ի գաղտնի-բացահայտ «ագենտ»: Ըստ այդմ «ԲՀ-ն ամեն ինչ անելու է` 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու համար, ինչին կտրականապես դեմ է ՀՀԿ-ն: Իրադրության ինտրիգայնությունը խորանում է այն պարզ պատճառով, որ «ԲՀ»-ն էլ, կրկին գաղտնի-բացահայտ համարվում է ՀՀ նախագահի հիմնական հենարանը ԱԺ ընտրություններում: Ստացվում է, որ իշխանական երկու հզոր թևերի` նախագահականի և Հանրապետականի միջև սպասվում է սուր հակամարտություն` խիստ սկզբունքային խնդրի շուրջ: Կախված այն հանգամանքից, թե այս պայքարը ինչքանով կթեժանա, ինչպիսի վերջնական հանգուցալուծում կստանա, այդքանով էլ կարելի է որոշակի պատկերացում կազմել իշխանական ճամբարում կատարվող խմորումների վերաբերյալ: Այս պահին թվում է` ուժերը հավասար են: Մեծամասնական ընտրակարգի ջատագովները` ՀՀԿ-ն, «Ժողպատգամավոր»-ը դիմակայելու են ընդդիմության խմբակցություններին, ՀՅԴ-ին, ՄԱԿ-ին: Խոշոր հաշվով այս առճակատման ընթացքն ու ելքը հանդիսանալու են այն լակմուսը, որի մեջ կերևակվի, թե «ԲՀ»-ի, ասել է, թե ՀՀ նախագահի և ՀՀԿ-ի միջև կա՞ն արդյոք լուրջ հակասություններ և որքանով խորն են դրանք: Այդ հարաբերությունների երեք տարբերակն էլ` 1) գործընկերային, 2) մրցակցային, 3) թշնամական, այսօրվա դրությամբ հավասար հավանականություն ունեն:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ