ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ


Հաճախ պատահում է այնպես, որ օրացույցն «սկսում» է հետաքրքիր հուշարարություններ անել` ստիպելով մեկ անգամ ևս կարևորելու ոչ մի դեպքում ժամանակի զգացողությու նը չկորցնելու անհրաժեշտությունը: Եվ ահա այսօր նոյեմբերի 9-ն է. առաջին հայացքից նախորդ ու հավանաբար նաև գալիք օրերից ոչնչով չտարբերվող սովորական օրացուցային մի օր... Սակայն մի փոքր ավելի երկար նայելով օրացույցին, կարող ենք մի շարք հետաքրքրական եզրահանգումներ անել: Դիցուք, ավարտվում է աշունը, այդ թվում` քաղաքականը, և մոտ մեկ ամիս հետո երկրում կսկսի թևածել Ամանորի շունչը, ու էլի մեկ ամիս քաղաքականություն կոչվածը կդառնա ամենաերկրորդական իրողություններից մեկը: Ավելին, մինչ այդ էլ արժանահիշատակ ու հետաքրքիր իրադարձություններ հազիվ թե տեղի ունենան, բացի թերևս գալիք տարվա բյուջեի ընդունումից: Այսուհանդերձ, ֆինանսական փաստաթղթի` արդեն սկսված խորհրդարանական քննարկումներից նույնպես հակասականության առումով անակնկալներ չպետք է սպասել: Հայրենի Խորհրդարանը Կառավարության օրինակով դարձյալ կարձանագրի, որ բյուջեն իրատեսական է և իր նախորդի համեմատ դարձյալ առաջընթացի ու զարգացման անուրանալի տարրեր է պարունակում: Իր հերթին խորհրդարանը ձայների ջախջախիչ մեծամասնությամբ հավանություն կտա հաջորդ տարվա կարևորագույն փաստաթղթերից մեկին: Արմատականներն, իհարկե, այս առումով թեթև փորձեր կանեն` եղածը նորից չտեսնելու և Կառավարության ու խորհրդարանական մեծամասնության ուղղությամբ նոր նետեր ուղղելու... Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ և° նոր բյուջեն է նվազ խոցելի, և° ընդդիմությունն է մի տեսակ անհավես դարձել: Վերջիններս արդեն կարծեք թե թքած ունեն ոչ միայն հակակրիմինալ շարժման, այլ նաև դրանից բխող բոլոր նախընտրական շահագրգռությունների ու ցանկալի քաղաքական շահույթի վրա: Արդյուն քում` վերջին շրջանում արդեն յուրաքանչյուրն իր հերթին գրեթե 90 տոկոսանոց երաշխիքներ է տալիս` Ազգային ժողովի ընտրություններին միայնակ մասնակցելու վերաբերյալ: Մինչդեռ վաղուց արդեն հակառակ պատկերի ականատեսը պետք է լինեինք. որևէ մեկը չի հերքի, որ քարոզարշավի չհայտարարված և ամենանախնական փուլը աստիճանաբար ավարտվում է: Սա էլ հենց ենթադրում է, որ քաղաքական ուժերն արդեն իսկ պետք է հստակեցրած լինեին իրենց առաջիկա քաղաքական հեռանկարների մասին պատկերացումները: Այսուհանդերձ, եթե ինչ-որ ակտիվություն նկատվում էլ է, ապա դա գերազանցապես ներքին պայքարի վատ քողարկված գործընթացներում է դրսևորվում: Ասել է թե, մոռացած նույնիսկ իշխանափոխության մասին, ընդդիմությունը, դրսից ու ներսից հրահրվող հակամարտություններին տրված, հենց այնպես ժամանակ է վատնում` այդպես էլ չկարողանալով լիարժեքորեն դրսևորվել վաղուց սկսված նախընտրական մրցապայքարում: Դե, եթե ընդդիմությունն էլ անտարբեր է սեփական վարկանիշի հանդեպ, ուրեմն ինչպե՞ս կարող է հավատ ակնկալել: