Կովերին արգելեցին քվեարկել


Նյումարքեթ քաղաքի բնակչուհի անգլուհին այնքան էր փափագում, որպեսզի ընտրություններում հաղթի իր թեկնածուն, որ քվեարկողների ցուցակում փորձել է գրանցել սեփական 2 կովերին: Ընդ որում, ընտրությունների արդյունքները կեղծելու նրա երկրորդ փորձն է սա: Անցյալ տարի Բրենդա Գուլդն ընտրողների ցուցակում հաջողեցրել էր գրանցել Հենրի ու Սոֆի Ցուլ և Ջեկ Հաֆի անունները, որոնք կրում են նրա ցուլը, կովն ու շունը: Կինն այս անգամ ճշմարտանման մի պատմություն է հորինել, որպեսզի իր մեքենայությունն օրինական դիտվի: Նա հավաստիացրել է, թե իր տունը կիսված է 2 մասի, որոնցից մեկում ապրում են երկու արժանապատիվ անգլիացիներ: Անցյալ շաբաթ թեկնածուասեր Բրենդա Գուլդը 189 դոլար տուգանքի է ենթարկվել` իր արարքի համար: Դատավորի օգնական Մեգի Կամպը մեկնաբանել է. - Այս կնոջ կողմից դա արդեն երկրորդ փորձն էր ընտրությունների արդյունքները կեղծելու: Այդ պատճառով, դժբախտաբար, դատարանն անհրաժեշտ գտավ նրա հանդեպ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հետագայում նույնը չկրկնվի: Հնարամիտ Բրենդան ու նրա ամուսին Բարրին այդ արարքը համարել են կատակ և զարմացել են, երբ դատարանից նամակ են ստացել` իրենց մարագի բնակիչների հասցեով: - Մենք այդ նամակը ոչնչացրեցինք, բայց հետո դատարանից ինչ¬որ մեկը սկսեց մեզ հանգիստ չտալ` հետաքրքրվելով, թե ինչու պատասխան չեն ստանում,¬ պատմել է Բրենդան: