ՄԻ՞ԹԵ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆԸ


Տասնամյակներ առաջ Շնորհք պատրիարքը, վտանգելով իր կյանքը, վեղարի տակ թաքցրած` Հայաստան բերեց Պետրոս Դուրյանի մասունքները, որպեսզի դրանք հուղարկավորվեին հայկական հողում, չկորչեին Պոլսում: Գիտենք, որ վերջին տարիներին թուրքական իշխանությունները պահանջում էին քանդել նաև Հակոբ Պարոնյանի գերեզմանը, քանի որ հայ մեծ երգիծաբանի շիրիմի համար հարկ չէր վճարվել… Վաղամեռիկ տաղանդավոր բանաստեղծի ու թատերագրի մասունքները հանձնվեցին Ե. Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարան` հույսով, որ շուտով տեղի կունենա հուղարկավորությունը: Անցնող տարիների հետ, սակայն, որևէ խոհեմ որոշում չկայացվեց, իսկ մասունքները մնացին արկղի մեջ, դարակներից մեկի վրա դրված: Սա հակասում է քրիստոնեության օրենքներին, հակասում է մարդասիրությանը… 2009 թվականին ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որի առջև խնդիր դրվեց շուտափույթ լուծել հուղարկավորության հարցը` հայ արվեստի ու գրականության մեծերի կողքին թաղել բանաստեղծի աճյունը: Հանձնաժողովը երկու տարի առաջ վերջնական որոշման չհանգեց: Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանն առաջարկեց այդ արարողությունը կատարել նրա ծննդյան 160-ամյակի միջոցառումների շրջանակում` 2011 թվականին: Տարին ավարտվում է, սակայն մինչև օրս բանաստեղծի մասունքների հուղարկավորության հարցը չի լուծված: Ավելին, հանձնաժողովի անդամները չեն կարողանում հտակ դիրքորոշումներ արտահայտել: Անգամ կարծիք է հնչել` մասունքները վերադարձնել Ստամբուլ և հուղարկավորել այնտեղ` «բանաստեղծի հողում, քանի որ Պոլիսը նույնպես մեր հոգևոր հայրենիքն է»: Կարծիք, որն ավելի քան ծայրահեղ է ու անտրամաբանական: Այո´, շատերն են ցանկանում, որպեսզի Ստամբուլից չպակասի «հայկական հետքը», որպեսզի մեր մշակութային խոշորագույն կենտրոններից մեկում պահպանվի այն ամենը, ինչը մշտապես կհիշեցնի, որ այս քաղաքը 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած իր աստիճանական զարգացումներին է հասել նաև հայերի ջանքերով: Սակայն դրա համար բնավ էլ պետք չէ, որ Պետրոս Դուրյանի մասունքները թաղվեն այնտեղ, իսկ հետո մոռացության մատնվեն: Այս հարցը չի կարող միայն մի հանձնաժողովի տնօրինության տակ լինել, այն պետք է համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիր դառնա: Հայաստանյայց Առաքելական եկեղեցու առաջնորդները, անձամբ Վեհափառ Հայրապետը պիտի իրենց հստակ վերաբերմունքն արտահայտեն և անհապաղ լուծեն հուղարկավորության հարցը, որպեսզի վերջապես Պետրոս Դուրյանն իր գերեզմանն ունենա, և արևի շողերը տարածվեն նրա դամբանաքարին: Այն արևի, որը տենչում էր նաև ինքը…