Ուժ, կամք, արիություն


Նրանք մեր բանակի սրատես աչքերն ու ականջներն են. միշտ արթուն, զգոն, պատրաստ` կանխելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն: ՀՀ Զինված ուժերի հետախուզական վարչությունը 19 տարեկան է: Բոլոր ժամանակներում կարևորվել է ռազմական հետախույզի դերը: Նրա ճշգրիտ տեղեկությունները վճռորոշ են, հաճախ` նույնիսկ ճակատագրական: Ժամանակի քննություն անցած ճշմարտություն է` ցանկացած հաջողված գործողության հիմքում հետախույզի ճշգրիտ դիտարկումներն են: Մեր Զինված ուժերի այս ծառայության հիմքերն էլ դրվեցին Արցախյան գոյապայքարի ժամանակ: Ընդհանուր հաղթանակի կերտման ճանապարհին անգնահատելի է հայ հետախույզների դերը: Սկզբնական շրջանում կամավորական ջոկատների կազմում են ստեղծվել հետախույզների խմբեր, որոնց հիման վրա էլ հետագայում ձևավորվեցին ստորաբաժանումները` իրենց կենսագրության 19 տարիների ընթացքում անընդհատ կատարելագործվելով: Յուրաքանչյուր բանակի հզորությունն ու մարտունակությունը մեծապես պայմանավորված է ռազմական հետախուզությունով: Անտեսանելի ճակատի մարտիկներն իրենց հստակ խնդիրներն ունեն խաղաղ, թե պատերազմական իրավիճակներում: Հայ հետախույզներն այսօր պատվով են իրականացնում իրենց առաքելությունը` մարտական բարձր պատրաստությամբ ունակ կանխելու ցանկացած սադրանք: Ասվածի լավագույն ապացույցը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերն են` Հետախույզի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ. - Հետախուզական ստորաբաժանումները փառապանծ ճանապարհ են անցել, և այսօր կարելի է փաստել, որ ՀՀ ԶՈւ բոլոր ստորաբաժանումներն ի սկզբանե կազմավորվել ու նաև գործել են հետախուզական առանձնահատկություններից և սկզբունքներից ելնելով: Դա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում հետախույզները միշտ եղել են առաջապահներ: Այսինքն, ինչպես ընդունված է ասել` եղել են մեր բոլորիս աչքերն ու ականջները: Առանց հետախուզական խնդիրներ կատարելու, ինչպես Արցախյան գոյապայքարի ժամանակ, այնպես էլ այսօր մենք ի վիճակի չենք հասնել հաջողությունների: Կարծում եմ` հետախույզները թե´ մարտական գործողությունների ժամանակ, թե´ այսօր իրենց առջև դրված խնդիրները բավական բարձր են կատարում: Նրանց միջանձնային հարաբերություններում առաջնային են փոխադարձ հարգանքն ու վստահությունը, դժվարին պայմաններում հրամանատարը` ենթակային, ենթական` հրամանատարին միշտ օգնելու պատրաստակամությունը: Հետախույզները խնդիրներ են կատարում` հավասարաչափ վտանգավոր պայմաններում գտնվելով: Ուզում եմ հավաստիացնել, որ Զինված ուժերի հետախույզներն այսօր ունեն բարձր պատրաստվածություն: Մարտական հերթապահության ժամանակահատվածում նրանք օգնում են համազորային զորամասերին: Ավելին` նրանց ուժերով վերջին տարիներին բազմիցս հայտնաբերվել և չեզոքացվել են բոլոր այն փորձերը, դիվերսիոն հետախուզական գործողությունները, որ իրականացվել են մեր հարևանների կողմից: Ուզում եմ ջերմորեն շնորհավորել բոլոր հետախույզներին` այսօրվա տոնի կապակցությամբ և ցանկանալ առաջին հերթին քաջառողջություն, երջանկություն անձնական կյանքում և հաջողություններ մեր այս սրբազան ու բարձր գնահատանքի արժանի ծառայության մեջ: Միջոցառման ժամանակ ցուցադրված զենքերը, հանդերձանքը, հատուկ նշանակության ստորաբաժանումների ցուցադրական ելույթները, րոպեների ընթացքում հակառակորդի պայմանական թիրախը խոցելու և գրավելու հմտությունները լավագույնս արտահայտում էին մեր հետախույզների պատրաստվածության աստիճանը: - Հետախուզական ստորաբաժանումները, կարելի է ասել, ստեղծվել են բանակի կազմավորմանը զուգահեռ: Առաջին իսկ ռազմագործողություններն ուղեկցվել են հետախուզական գործողություն ներով, քանի որ այլ կերպ անհնար է հաջողության հասնել: Ժամանակին իրականացվող հետախուզությունը, դրա հիման վրա տրվող տեղեկատվությունը ճշգրիտ որոշումներ կայացնելու հիմք են հանդիսանում: Արդյունքում կարող ենք հասնել գործողությունների հաջող, մեզ համար նախընտրելի ելքի: Մենք ամեն օր, ամեն ժամ բարձրացնում ենք մեր մարտական պատրաստությունը: Հավաստիացնում եմ` հետախուզական ստորաբաժանումները ցանկացած պարագայում կատարում են իրենց խնդիրները,- ասում է զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Վ. Գրիգորյանը: Չափազանց պատասխանատու այս գործում հաջողությունը կախված է նաև կամային հատկանիշներից: Հետախույզն առաջին հերթին պետք է աչքի ընկնի բարձր մտավոր ունակություններով, վերլուծելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, ճիշտ որոշումներ կայացնելու հմտությամբ, պրպտուն մտքով: Այս ամենից զատ իրենց կարևորությամբ առաջնային են նաև ֆիզիկապես կոփված լինելը, նպատակասլացությունը, աշխատասիրությունը և այլն: Այլ կերպ ասած, ինչպես տարբերանշանն է վկայում` ուժ, արիություն, կամք. սրանք են հետախույզի պարտադիր հատկանիշները: - Հետախույզի մասնագիտությունը տարբերվում է նրանով, որ բացի ֆիզիկականից, պահանջվում է նաև բարձր ինտելեկտուալ պատրաստություն: Լեզուների տիրապետելը, տեղանքին ծանոթ լինելը, բնակչության սովորություններն իմանալը ևս անհրաժեշտություն է, սակայն եթե բարձր է մարտական ոգին, հստակ են խնդիրն ու նպատակը, ուղղորդող ուժը` հայտնի, բոլոր թերությունները կարող են լրացվել,- հավելում է Վ. Գրիգորյանը: Միջոցառման մասնակից զինծառայողների խրոխտ կեցվածքը, հպարտությունն ու ոգևորությունը մեկ անգամ ևս հաստատում են, որ հակառակորդի ցանկացած արկածախնդրություն անպայման կստանա արժանի հակահարված: Լավագույն հավաստիացումը զինվորներից մեկի խոսքերն են. - Հատուկ նշանակության ջոկատները բարձր պատրաստվածության դեպքում կարող են անել ամեն ինչ: Նույնիսկ այն, ինչն անհնարին է թվում: Մենք զինված ենք գիտելիքներով, բարձր մարտական ոգով: Ֆիզիկապես կոփված ենք և պատրաստված: