1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Պետեկամուտների կոմիտեն չի շտապում հանրությանն իրազեկել ՀԴՄ կտրոնների խաղարկության կարգում կատարված փոփոխությունների մասին: Համենայն դեպս, տեղի ունեցածի վերաբերյալ կոմիտեի «դանդաղաշարժ» կայքում որևէ տեղեկություն չկա: Ոչ էլ Գագիկ Խաչատրյանն է հարցազրույցներ տալու անհրաժեշտություն տեսնում` լավ լուրը պահ առաջ հաղորդելու և կտրոն պահանջելու հարցում սպառողներին ոգևորելու համար: ՊԵԿ ղեկավարը միգուցե տրամադրություն չունի, քանի որ պաշտոնանկության ստվերը վերջին շաբաթներին նրան նույնպես շուրջկալել է: Կգնա՞, թե՞ կմնա սույն պաշտոնյան` այս պարագայում առանձնապես կարևոր չէ: ՀԴՄ կտրոնների առնչությամբ հարկ է արձանագրել, որ միայն ավտոմեքենաների խաղարկությունը գրեթե զրոյացրել էր դրանց հանդեպ հետաքրքրությունը: Ավելին, գործադիրի և ՊԵԿ¬ի տարբեր պաշտոնյաներ անցնող ամիսներին առիթներ ունեցել էին խոստովանել, որ ինչ¬որ ավելի հետաքրքիր նոր տարբերակ է պետք մտածել: Եվ դա կարծես գտնվել է: Որքան էլ խաղարկության նոր կարգն առայժմ մշուշոտ լինի, այսուհանդերձ, հայտնի է, որ ամենայն հավանականությամբ` դեկտեմբեր ամսից ՀԴՄ կտրոններով հնարավոր կլինի կենցաղային տեխնիկա ևս շահել: Դե հասկանալի է, հարկայինը որոշել է առևտրաշրջանառության աճը նաև կտրոնների աճի տեսքով ներկայացնել: Հարկ է կարծել, որ կենցաղային տեխնիկայի խաղարկությունը դարձյալ փորձնական է լինելու, քանի որ գործադիրը հունվարից ավելին է խոստանում: Ասվածն էլ ենթադրել է տալիս, որ կտրոնների շահումների կարգի փոփոխությունը հապճեպ է կատարվել: Եթե համաձայնենք, որ կարևորը շահումների հաճելի ավանդույթի վերականգնումն է, ապա անհասկանալի է, թե ինչու են դրամային շահումների փոխարեն մարդկանց համակարգիչ, լվացքի մեքենա կամ հեռուստացույց տալու, այլ ոչ թե` կանխիկ գումար: Գումար, որը ինչպես ասում են, բոլորին ու միշտ է պետք և տնօրինողն ինքը կորոշի` ինչ նպատակով դա ծախսել: Այնպես որ տարբերակներից լավագույնը դրամային շահումների վերականգնումն է: Ո˜վ գիտե, տարեսկզբից խոստացվող նոր մրցանակները գուցե հենց գումարային տեսքով բաշխվեն սպառողներին` մեծացնելով ու վերականգնելով պետության և քաղաքացու հետաքրքրությունը` օգտակար խաղարկության հանդեպ: