Հա՞ որ...


Մինչ հանրապետության գյուղական համայնքների բնակչությունը գրեթե սրտատրոփ սպասում է գյուղացիական կոոպերատիվների ստեղծմանը, պարզվում է, որ առաջիկա տասը տարիներին նրանք նման ծրագրի ականատես հազիվ թե դառնան: Վերջերս մշակված հայեցակարգը նախատեսում է մինչև 2020 թվականը պետական միջոցներից շուրջ 5 միլիարդ դրամ ծախսել` փորձարկելու համար, թե գյուղկոոպերատիվները որքանով կարդարացնեն սպասելիքները: Թե ո՞րն է Գյուղնախարարության շահախնդրությունը` հողագործների և վերամշակող¬իրացնող փոքր ձեռնարկությունների միջև միջնորդ դառնալու ու հսկայական միջոցներ վատնելով նման ծրագիր փորձարկելու` առաջիկայում կերևա: Դեռևս տարեսկզբին, երբ պարզ դարձավ, որ քիչ չեն այս ոլորտում ներդրումներ խոստացող ձեռներեցները, ովքեր պատրաստ են հանրապետության տարբեր համայնքներում վերամշակող գործարաններ բացել, թվում էր, թե այդպիսիք հիմա արդեն գործելիս պետք է լինեին: Մինչդեռ տպավորությունն այն է, թե Գյուղնախարարությունն ամեն կերպ փորձում է ձգձգել գյուղական կոոպերատիվների ստեղծումը: Ի դեպ, տասնամյա ծրագիրը պետբյուջեից ֆինանսավորելու տարբերակին ի սկզբանե դեմ է եղել նաև Ֆինանսների նախարարությունը: Միջնորդ լինելն, ուրեմն, ավելի՞ շահեկան է: