Առանց ընկեր` մարդը  փուչ է աշխարհում 


 

 

Այո, հին երգի տողն է: Ժողովրդական մեկ այլ իմաստնությունն էլ ասում էր` «Ասա ո՞վ է ընկերդ, կասեմ, թե դո´ւ ով ես»: Բազմաթիվ ուրիշ հին ասույթներ էլ կան, բայց ընկերության մասին նոր ձևակերպումներ կարծես թե չեն ծնվում: Բարեբախտաբար` ընկերությունը, լավ ընկերոջ անհրաժեշտությունը չեն վերացել, բայց մարդկային ընկալումները որոշակիորեն սրբագրել է ժամանակը: Ընկերներ ունենալու անհրաժեշտությունը չի վերացել, բայց նրանց ընտրելու չափանիշներն են փոխվել: Ավստրալիացի հոգեբաններ Սյուզի Գրինը և Դոմինիկա Բերտոլուչին առանձնացրել են ընկերների 6 տեսակներ, որոնց գոյությամբ մեզանից յուրաքանչյուրը ավելի թեթև կապրի` թոթափելով տագնապները, հոգևոր բավարարվածություն գտնելով, անաչառ «դատավոր» ու անշահախնդիր խորհրդատու ունենալով:

ԼԱՎԱՏԵՂՅԱԿ ԸՆԿԵՐ.Մեր շուրջ ամեն ինչ հարափոփոխ է և այնպիսի արագությամբ, որ շատերը չեն հասցնում տեղեկանալ կատարվածի, նույնիսկ իրեն անհրաժեշտ (օգտակար կամ վնասակար) փոփոխությունների մասին: Բայց կա´ն մարդիկ, ովքեր միշտ ձեռքը ժամանակի զարկերակին են պահում: Նրանք կհարստաց նեն ձեր իմացությունը, ուշադրություն կհրավիրեն փաստերի ու երևույթների վրա, որոնք ինքներդ կարող էինք և չնկատել:

ՄԻՇՏ ԺԱՄԱՆԱԿ ԳՏՆՈՂ ԸՆԿԵՐ. Խելահեղ մեր ժամանակներում մարդիկ ազատ ժամանակ քիչ ունեն: Բայց մեզանից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է մտերիմի հետ կիսվելու, խորհրդակցելու կարիք ունենալ: Որպես ընկեր` մենք էլ գիտակցում ենք, որ մեր մտերիմներն այդ պահին չեն կարող հետաձգել գործերը` մեզ լսելու, հուզող հարցի պատասխանը մեզ հետ որոնելու: Բայց կան մարդիկ, ովքեր ծանրաբեռնված լինելով հանդերձ կարող են ժամանակ գտնել` իրենց օրվա ծրագիրը, կամ իրենց ճկունությամբ` օրվա գրաֆիկը փոխելով: Նման ընկերները պատրաստակամ են և անտարբեր չեն շրջապատի, մտերիմների հանդեպ: Նրանց ընկերակցությունը միշտ հետաքրքիր է ու հաճելի:

ԸՆԿԵՐ, ՈՒՄ ԿՈՒԶԵԻՔ ՆՄԱՆՎԵԼ.Այլ խոսքով` ընդօրինակելի մարդիկ, ովքեր մեզ շարունակ մղում են կատարելության ձգտել` հարստացնել գիտելիքները, խորացնել մասնագիտական հմտությունները, բարվոքել բարոյական հատկանիշները և այլն: Այսինքն, նրանց կողքին մեծանում է ունեցածով չբավարարվելու ձգտումը: Չնայած` ոգեշնչել-ոգևորելուց բացի, նրանց կողքին երբեմն կարող ենք հիասթափվել ինքներս մեզանից` ճանաչելով սեփական թույլ կողմերը: Բացի այդ, նրանց գոյությունն օգտակար է` եթե նրանք իրականում, էությամբ են այդպիսին, այլ ոչ թե կատարյալ ընկերոջ կեղծ կերպար են ստեղծում:

ՁԵՐ ՄՅՈՒՍ ՄՏԵՐԻՄՆԵՐԻՆ ԱՆ-ԾԱՆՈԹ ԸՆԿԵՐ. Ի տարբերություն նրանց, ովքեր սովորաբար շրջապատում են ձեզ, ոչ միայն ձեր, այլ մտերիմ են նաև ձեր մյուս ընկերների հետ, նրանց շրջանակից դուրս ուրիշ մերձավորի գոյությունն անհրաժեշտ է` թեկուզ օբյեկտիվ լինելու առումով: Նախ, նա կարծիք է հայտնում միայն փաստերից ելնելով` չճանաչելով նրան(ց), ում արարքի մասին խոսում է: Բացի այդ, նրան լիովին կարելի է վստահել ամենամեծ գաղտնիքը, որը չէիք ցանկանա ընկերական ողջ շրջապատին հայտնել: Նա չի ճանաչում մյուս ընկերներիդ, և քո գաղտնիքը քո թիկունքում բոլորի քննարկման թեման չի դառնա:

ԱՆԽՆԱ ՈՒՂՂԱՄԻՏ ԸՆԿԵՐ. Սովորաբար մենք ուրախանում ենք, երբ մարդիկ ասում են այն, ինչը մենք ցանկանո´ւմ ենք կամ ինչը մեզ հաճելի´ է լսել: Իրականում սակայն, հաճախ օգտակար է լսել նաև անցանկալի ճշմարտությունը: Ուրեմն անփոխարինելի է այն մտերիմը, ով ուղղամտորեն ասում է ճշմարիտը` մանավանդ կարևոր որոշում կայացնելուց առաջ, էական որևէ հարցում կողմնորոշվելու համար: Եթե, իհարկե, այդ անձը չարամիտ չէ և չի փորձում ընկճել ձեր ինքնավստա հությունը, այլ փորձում է ձեզ ետ պահել ցանկալին իրական համարելու մոլորությունից: Նման ընկերոջ շիտակությունը նախընտրելի է ուրիշների շողոքորթութ յունից, կեղծ մխիթարանքներից: Մի խոսքով` հաճախ դառն ճշմարտությունը նախընտրելի է կործանող հաճոյախոսություններից:

ՁԵԶ ԲՈԼՈՐԻԴ ԼԱՎ ՃԱՆԱՉՈՂ ԸՆԿԵՐ. Այսինքն` հին, ժամանակի ընթացքում փորձված մերձավոր, ում համար բոլորովին կարևոր չէ, թե ուր եք աշխատում, ում հետ եք ընկերություն անում, որքան եք վաստակում: Նա ձեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին կաք իրականում: Նրա կողքին դուք ստիպված չեք «դերի» մեջ մտնել, անհոգ կամ հաջողակ ձևանալ: Ճիշտ հակառակը, դժվարին պահերին նա լավագույն նեցուկ է, անկաշառ խորհրդատու, ով հանուն ձեզ պատրաստ է նաև որոշակի զոհողությունների: