ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ «ՇՔԵՐԹ» Է ՍՊԱՍՎՈՒՄ 


 

Երբ ՀՀ Սահմանադրությամբ հաստատվեց այն դրույթը, որ կառավարությունը պետք է ունենա փոխվարչապետի մեկ պաշտոն, անտարակույս, առարկություններ եղան:

Առաջարկություններ հնչեցին, թե պետք է ունենալ վարչապետի առնվազն երկու տեղակալ, քանի որ մեզանում գործառույթների հստակեցում դեռևս չի կատարվել: Ճիշտ է, համաձայն սահմանադրական մեկնաբանության, երկրի նախագահն է հանդիսանում գործադիր մարմնի ղեկավարը, այսինքն` կառավարության ղեկավարը, ուստի վարչապետը յուրովի վերածվում է փոխնախագահի: Սակայն սա բնավ էլ չէր նշանակում, որ վարչապետի տեղակալների հարցում պետք է անորոշություն տիրեր: Մեզ մոտ փոխվարչապետը նաև տարածքային կառավարման նախարարն է. հանգամանք, որն առաջին պլան է բերում տարածքային կառավարումը` մյուս ոլորտները կարծես դարձնելով երկրորդական: Հանուն այս անհավասարության էլ հարկավոր էր Սահմանադրության վերանայումը և փոխվարչապետի ինստիտուտի ընդլայնումը:

Հիմա արդեն հստակ է, որ նախագահական ընտրություններին զուգընթաց, երկիրը պատրաստվում է սահմանադրական հանրաքվեի` ներառելով փոխվարչապետների թվի ավելացման հարցը: Ըստ որոշ տեղեկությունների, նախատեսվում է կառավարության ղեկավարի երեք հաստիք: Որքանո՞վ է արդարացված այս թիվը, և ինչո՞ւ հանկարծ մեզ մոտ որոշեցին գնալ դեպի Սահմանադրության բարեփոխմանը` նախկինում մերժելով փոխվարչապետների կամ պետական նախարարների միանգամայն արդարացված ինստիտուտի գոյությունը: Ոմանք հակված են պնդելու, որ սահմանադրական փոփոխությունը խիստ անձնավորված է մի քանի հոգու բարձր պաշտոններ տալով` հագուրդ կտրվի ոմանց ամբիցիաներին: Անգամ անուններ են հիշատակվում, թե ովքեր են զբաղեցնելու փոխվարչապետերի պաշտոնները:

Սակայն մի կողմ թողնենք անձնավորումները և ըստ էության դիտարկենք խնդիրը: Գիտենք, որ Հայաստանում պաշտոնների հարցում ի սկզբանե թույլ է տրվել անհամաչափութ յուն, կառավարությունը դիտարկվել է ընդամենը համակարգող մարմին` պաշտոնական «առատությունը» տեղափոխելով նախարարություններ: Այժմ մեր ամեն նախարար երեք տեղակալ ունի: Երբեմն հստակեցված չեն փոխնախարարների գործառույթները, ճշգրտված չեն նրանց լիազորությունների սահմանները: Նախարարությունների հզորացումը և գործառույթների կարևորումը, թվում է, թե ճիշտ է, որովհետև մենք որդեգրել ենք ճյուղային կառավարման սկզբունքը: Սակայն այդպիսով ձևավորել ենք բավական թույլ կառավարություն, վարչապետին թողել գրեթե միայնակ: Ասվածի ապացույցը հենց տարածքային կառավարման նախարարի և փոխվարչապետի պաշտոնների միատեղումն է: Ավելին, մենք մինչև այսօր չունենք օրենք` տարածքային կառավարման մասին: Հետևաբար` այս նախարարությունը գործում է ոչ օրենսդրական դաշտում: Օրենսդրական դաշտից դուրս են նաև մարզպետա րանները: Եվ հենց նման հանգամանքներում հարկավոր է առավել հզորացնել կառավարությունը, մանավանդ որ Սահմանադրությամբ վարչապետին տրված են լայն լիազորութ յուններ:

Ունենալով առնվազն երկու փոխվարչապետ, կառավարությունն ի զորու կլինի համաչափորեն վերահսկելու բոլոր ոլորտները, առավել նպատակասլաց դարձնելու կառավարության գործունեությունը: Սա աներկբա է: Բայց կա մի խնդիր, որն արդեն մտահոգող է: Հայաստանի պետական կառավարման համակարգը չափազանց բյուրոկրատացված է, ստեղծված են մեծաթիվ նախարարություններ և այլ գերատեսչություններ: Ունենք 18 նախարարություն, 7 առընթեր մարմին, նախարարություններին կից գործում են տարբեր գործակալութ յուններ և կոմիտեներին հավասարեցված վարչություններ, 29 միջկառավարական հանձնաժողով, նախարարության կարգավիճակ ունեցող 6 հանձնաժողով, կառավարության աշխատակազմի 19 ստորաբաժանում` բոլորն էլ իրենց աշխատակազմերով: Սրանց գումարենք 10 մարզպետարան: Հիմա աշխատակազմեր են ունենալու նաև փոխվարչապետերը: Եվ բոլորը` պետական բյուջեի հաշվին: Ստացվում է, որ մեր բյուջեի մի զգալի մասն ուղղորդվում է պետական ապարատի պահպանմանը: Սա արդեն նորմալ երևույթ չէ: Գուցե առավել նպատակահարմար դիտվի մի քանի ստորաբաժանումների և վարչությունների լուծարումն ու փոխվարչապետների լիազորությունների ընդլայնումը: Այդ դեպքում մենք կկրճատենք ավելորդ վարչարարությունը և առավել դյուրին կդարձնենք պետական կառավարումը: Դյուրին և նպատակասլաց:

Լ.Մ.