«Հարկադրեց», որ վերանորոգեն
Ինչպես հիշում ենք, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 10 աղբատար մեքենա ու 10 ձյունամաքրիչ տրակտոր էր նվիրել Գյումրիին: Սակայն, ինչպես նշում են որոշ աղբյուրներ, վերջերս ԲՀԿ-ական վերնախավը, այցելելով Գյումրի ու տեսնելով համաքաղաքային աղբանոց տանող ճանապարհը, որը գտնվում էր ողբերգական վիճակում, հրաժարվել էր նախատեսած նվերը Գյումրի ուղարկել այնքան ժամանակ, քանի դեռ կարգի չի բերվել ճանապարհը:
Այլ կերպ ասած Գագիկ Ծառուկյանն է հարկադրել, որպեսզի գյումրեցիները վերանորոգեն Բուլվարային թաղամասի` դեպի աղբանոց տանող 2 կիլոմետրանոց իրենց ճանապարհը: Այս ճանապարհի վերանորոգումն արդեն սկսված է, իսկ իրականացնողն էլ ավագանու նախկին անդամ Չուբար Զաքարյանն է, ով ժամանակին դուրս չէր գալիս Վարդան Ղուկասյանի աշխատասենյակից, ստանում էր բոլոր ճանապարհաշինական պատվերները: Հիմա էլ օրնիբուն նա Բալասանյանին է փառաբանում` արդեն ստանալով առաջին պատվերները: Ուշագրավ է այն հանգամանքը, որ հիմա այդ աշխատանքներում ընդգրկված է նաև «Արամ էլիտշին» կազմակերպությունը, որն, ըստ քաղաքապետարանից ստացված տեղեկության, իր կատարած աշխատանքների համար գումար չի պահանջել:
Ստացվում է, որ Գյումրիում կան կազմակերպություններ, որոնք անվճար ծառայություններ են մատուցում, բարեգործություն անում: Իսկ ինչ վերաբերում է աղբատար մեքենաներին, ապա քաղաքապետարանից փոխանցեցին, որ Ծառուկյանի նվիրած աղբահաններից 2-ն արդեն իսկ Գյումրիում են, 2-ը գտնվում են Երևանում, 4-ը ներկրվում են Հայաստան: Եվ որպեսզի գյումրեցիները չկասկածեն իր ասածին, Զոհրապ Եգանյանը մեզ ցուցադրեց ԲՀԿ առաջնորդի նվիրած տրակտորները, որոնք կայանած են Գյումրու քաղաքապետարանի ավտոպարկում: