Դագաղի գովազդ 


 

Եվ ինչպե՞ս կարող էր դժգոհություն չարտահայտել լեհական կաթոլիկ եկեղեցին, երբ այդ գովազդն ուղեկցվում է մերկ կանանց նկարներով:

Դագաղագործ Դոմինիկ Լինդները գովազդային օրացույց է տարածել` սգո պիտույքի ֆոնին էրոտիկ կեցվածք ընդունած մերկ կանանց պատկերով (տեղեկացրել է ՌԻԱ «Նովոստի»-ն):

Ո՞ր նորմալ մարդը դագաղ պատկերող օրացույց կդնի իր գրպանը կամ սեղանին: Իսկ ահա եկեղեցին այդ արարքը որակել է որպես թեթևամիտ վերաբերմունք մահվան հանդեպ:

Արդեն պատրաստ են 2013-ի օրացույցները և սգո ծառայություններ մատուցող ֆիրմայի տերը ոգևորված պատմել է, թե մտքի ի˜նչ թռիչքով են արվեստի գործերը ծառայեցրել աճյունարկղի գովազդին: Դագաղները պատկերված են անապատի, տիեզերքի, կուսական անտառների և խորտակվող «Տիտանիկի» ֆոնին: Մարտ ամսի էջին մերկ շիկահեր կնոջ ձեռքին վիշապ է, իսկ նոյեմբերի էջի գեղեցկուհին պոկում-դուրս է բերում դագաղի կափարիչի վրա պառկած հանգուցյալի սիրտը:

- Օրացույցի գաղափարը ոմանց դուր է գալիս, ոմանց` ոչ: Բայց մեր փիլիսոփայությունը հասարակ է. մեզ համար դագաղն ընդամենը կահույք է, սովորական ապրանք, իսկ մահը մարդկանց նվաճում է այնպես, ինչպես կանայք,- լրագրողներին ասել է Լինդները:

Նա նույնիսկ պարծեցել է, որ տարեցտարի մեծանում է իրենց օրացույցների պահանջարկը. անգամ արտասահմանից իրենք պատվերներ են ստանում:

- Մենք կամեցել ենք ցույց տալ, որ դագաղը կրոնական խորհրդանիշ չէ: Դա ապրանք է: Ինչո՞ւ են մարդիկ վախենում դագաղներից, բայց չեն վախենում հագուստից, շպարանքից, զարդերից,- հռետորաբանել է հանգուցյալների կահույքագործը:

Իսկ եկեղեցին ստիպված է վերստին հիշեցնել, որ մարդու մահին պետք է լրջորեն վերաբերվել, այլ ոչ թե դրան սեքս խառնել: