Մահն էլ չխանգարեց, որ ընտրի


 

Երանի˜ այն թեկնածուին, ում օգտին այսպես ինքնամոռաց քվեարկել են ուզում:

Քաղաքացիական պարտքի գիտակցումը երևի նաև ինքնագնահատանք է: Եթե մեզ համար ընտրության գնալը պարզապես ինչ-որ հանձնարարություն կատարել կամ խոստումը չդրժել է նշանակում, ապա որոշ երկրներում քաղաքացին գնահատում է իր քվեն և բոլորովին ձևական չի համարում իր մասնակցությունը ընտրությանը: Ինչպես օրինակ` տարեց այս ամերիկացին:

Միչիգանի նահանգի ընտրական տեղամասերից մեկում, քվեաթերթիկը լրացնալու պահին, նրա սիրտն է կանգ առել: Նրան առաջին շտապ օգնություն են ցուցաբերել, և տղամարդը նորից կյանք է վերադարձել: Եվ առաջին խոսքը, որ արտաբերել է նա` կլինիկական կարճատև մահից հետո, եղել է հարցը` «Ես արդեն քվեարկե՞լ եմ»:

Թոշակառուի կինը, արցունքն աչքերին, փորձել է համոզել ամուսնում, թե դա կարևոր չէ: Սակայն երդվյալ ընտրողն ու սիրող ամուսինն ընդհատել է կնոջը.

- Միայն երկու բան է կարևոր. առաջինը` ես սիրում եմ քեզ, և երկրորդը` ես պետք է անեմ այն, ինչի համար եկել եմ այստեղ: Այսինքն` ընտրելու:

Եվ իր լրացրած քվեաթերթիկը զննելուց հետո միայն նա թույլ է տվել, որ իրեն հիվանդանոց տեղափոխեն (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

Միչիգանցու այսպիսի պահվածքը եզակի չէ Ամերիկայում` քաղաքացիական գիտակցության առումով: Իլինոյսի նահանգում էլ մի հղի կին ընտրատեղամաս է մտել` ծննդատուն գնալու ճանապարհը շեղելով: Եվ հազիվ է հասցրել քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցել, երբ սկսվել է երկունքը: Ամուսինը պատմել է, որ նրան ավելի վաղ` ժամեր առաջ պետք է տանեին հիվանդանոց, սակայն կինը սպասել է` մինչև ընտրական տեղամասը բացվի: