ՀԱԼԵՊԻՆ` ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ 


Արդեն տևական ժամանակ մեր թերթն իր ուշադրության կենտրոնում է պահում Սիրիայում ընթացող պատերազմական գործողությունները, անդրադառնում մասնավորաբար հալեպահայության խնդիրներին, փորձում բարոյական աջակցություն ցուցաբերել պաշարման մեջ հայտնված մեր հայրենակիցներին:

Թերթի որդեգրած նման սկզբունքով է պայմանավորված նաև մեծագույն ուշադրությունը անվանի հրապարակագիր և հանրային գործիչ Հարութ Սասունյանի նոր նախաձեռնութ յանը: «Կալիֆորնիա Կուրիեր»-ի հրատարակիչն ու խմբագիրը համոզված է, որ սիրիահայերի աջակցության համար տասնյակ միլիոնավոր դոլարներ են հարկավոր` Սիրիայում գտնվող հայերի, ինչպես նաև Հայաստանում, Լիբանանում, Հորդանանում և այլուր ապաստանած սիրիահայերի հրատապ կարիքները հոգալու համար: Այդ նյութական միջոցները կարող են ձեռք բերվել օտար և հայկական աղբյուրներից: Մենք հեռախոսազրույց ունեցանք անվանի մտավորականի հետ, ով վերահաստատեց իր մտահոգությունները և շարադրեց սիրիահայերին գործուն աջակցություն ցուցաբերելու իր ծրագիրը, ինչն էլ ներկայացնում ենք ստորև.

- ...Օտար աղբյուրները կներառեն` Միացյալ Նահանգների Կոնգրեսը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR), միջազգային բարեգործական կազմակերպությունները և այլ կառավարական գործակալություններ: Հայկական աղբյուրները կներառեն` Հայաստանի Հանրապետությունը, խոշոր հայկական կազմակերպությունները և ձեռնարկությունները, ինչպես նաև անհատ բարերարներին: Միջոցներ կարելի է ձեռք բերել նաև լայն հասարակությունից` հատուկ միջոցառումների, զանգվածային փոստային առաքումների, ինչպես նաև հեռուստամարաթոնների միջոցով... 

Վերջին օրերին շատ սրտաճմլիկ հեռախոսազանգեր եմ ստացել Սիրիայի մեր հայրենակիցներից, ովքեր հուսահատորեն աղերսում են աշխարհասփյուռ հայությանը օգնել իրենց, քանի դեռ ուշ չէ: Անխղճություն կլինի միայն փշրանքներ  տալ մեր հայրենակիցներին, որոնց կյանքն ամեն վայրկյան վտանգի տակ է: Սիրիահայության ողբերգական ճակատագիրն այս օրհասական պահին պետք է արժանանա բոլոր հայերի առաջնահերթ ուշադրությանը, քանզի դա կենաց-մահու հարց է: Մնացած բոլոր խնդիրներն ու ծրագրերն այժմ պետք է մի կողմ դրվեն:

...Պարզ է, որ Սիրիայում տիրող զգայուն իրավիճակի պատճառով, ոչ բոլոր գործողությունները կարող են հրապարակային լինել: Այդուհանդերձ,  Հայաստանի կառավարությունը և Սփյուռքի կազմակերպությունները որոշ բացահայտ և հատուկ քայլեր պետք է ձեռնարկեն`  հավաստիացնելու համար սիրիահայերին, որ նրանք թողնված չեն իրենց ողբերգական ճակատագրի քմահաճույքին, որ աշխարհասփյուռ հայերը խորապես ցավում են նրանց բարօրության համար, և հնարավոր ամեն ինչ կանեն այս օրհասական պահին նրանց նեցուկ լինելու:

Հարութ Սասունյանը հույս ունի, որ աշխարհի ողջ հայությունը կարձագանքի իր նախաձեռնությանը, իսկ «Հայաստան» հիմնադրամն էլ նոյեմբերի վերջին կազմակերպվող հեռուստամարաթոնի ողջ հասույթը` 100 տոկոս, կհատկացնի սիրիահայությանը: Բոլորիս համար Արցախի խնդիրն առաջնային է, սակայն չպետք է մոռանալ, որ Սիրիայում այսօր այնպիսի վիճակ է տիրում, երբ կարող ենք կորցնել ոչ միայն գաղութը, այլևս այստեղ ապրող հայությանը: Այսպիսի մտահոգություն ունի Հարութ Սասունյանը: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ