Հայ խաղաղապահների ջոկատը կմեկնի Աֆղանստան


Երեկ Ազգային ժողովի նիստում ձայների մեծամասնությամբ վավերացվեց ՆԱՏՕ-ի հետ «2009 թվականի հոկտեմբերի 19-ին և 2009 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված` Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված ՆԱՏՕ-ի հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ նամակների փոխանակմամբ կնքվող համաձայնագիրը»: Հայկական խաղաղապահ առաքելությունը ծրագրվում է տեղակայել Աֆղանստանում 2010 թ.-ի փետրվարին: Ընդ որում, սահմանված կարգով հայ խաղաղապահներին ապահովելու բոլոր ծախսերը, այդ թվում աշխատավարձը, սնունդը, փոխադրումը, զինումը, մնալու ծախսերը, իր վրա պետք է վերցնի հայկական կողմը: Ըստ համաձայնագրի, Հայաստանի Աֆղանստան են մեկնելու 40 խաղաղապահներ` ապահովելու Կունդուզի օդանավակայանի անվտանգությունը: Հայ խաղաղապահների կազմում կընդգրկվեն հետևակային դասակը, մեկ սպա-բժիշկ և երեք շտաբային սպաներ, որոնք կգտնվեն հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության կազմում և կապահովեն Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը, մասնավորապես թռիչքային դաշտի անվտանգությունը: