ԼՐԱՀՈՍ


u Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր եռօրյա պետական այցով Հայաստան կժամանի Լատվիայի Նախագահ Վալդիս Զատլերսը տիկնոջ` Լիլիտա Զատլերեի հետ: Լատվիայի Նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում են էկոնոմիկայի, ներքին գործերի, բնապահպանության նախարարները, խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը, պաշտոնատար այլ անձինք: Լատվիայի Նախագահը և տիկին Լիլիտա Զատլերեն ՀՀ Նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ ներկա կգտնվեն Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը: Վաղը ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա Լատվիայի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վալդիս Զատլերսի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր: Հայաստանի և Լատվիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Լատվիայի Նախագահը կայցելի նաեւ Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառ կտնկի Հիշատակի պուրակում: Երեւանի պետական համալսարանում Նախագահ Զատլերսը հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Հայաստան այցի օրերին Լատվիայի Նախագահը կլինի նաեւ Երևանի կոնյակի գործարանում և Մատենադարանում: u ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած` է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին (ISAF) ներդրում կատարող երկրների արտաքին գործերի նախարարների Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին առաջին անգամ մասնակցել է նաև Հայաստանը: Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն իր ելույթում անդրադարձել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերային համագործակցությանը` ընդգծելով խաղաղապահության ոլորտում փոխգործակցությունը և գործողություններին մասնակցությունը: Նա նշել է, որ միջազգային անվտանգությանը և կայունությանը ներդրում կատարելու հստակ մտադրությամբ Հայաստանը որոշում է կայացրել զորախումբ տեղակայել Աֆղանստանում: Հայ զինվորականների մեկնումը Աֆղանստան նախատեսված է 2010թ. առաջին ամիսներին: