Օբամա-Էրդողան հանդիպմանը հաջորդած հայտարարությունները


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամա- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան հանդիպման ընթացքում երկու ղեկավարները անդրադարձել են նաև հայ - թուրքական երկխոսությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Թուրքիան աշխարհիկ, ժողովրդավարական իրավունքների գերակայությունը հարգող և միևնույն ժամանակ գլխավորապես մահմեդական պետություն է, այդ պատճառով նշանակալի ջանք է ցուցաբերում ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում փոխըմբռնում, կայունություն և խաղաղություն հաստատելու գործում»: Օբաման Իրանի միջուկային ծրագրերին առնչվող միջազգային հարցի լուծման ճանապարհին մատնանշել է Թուրքիայի «կարևոր խաղացող» լինելու հանգամանքը: ԱՄՆ նախագահը պատրաստակամություն է հայտնել անելու առավելագույնը թուրք-ամերիկյան հարաբերությունները կատարելապես լավացնելու համար: Ընդգծվել է նաև այն, որ Թուրքիան, լինելով «ՆԱՏՕ»-ի անդամ, ԱՄՆ-ի հետ միասին պարտավորվածություն են ստանձնել պաշտպանել միմյանց: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Օբաման ասել է. - Ես շնորհավորել եմ վարչապետ Էրդողանին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում համարձակ քայլեր կատարելու կապակցությամբ և այդ ճանապարհին առաջընթաց ունենալու համար աշխատել եմ խրախուսել նրան: Մեկ անգամ ևս վերահաստատել ենք այն, թե աշխարհի որ մասում էլ լինենք, ահաբեկչության դեմ միասին ենք պայքարելու: Եվ, վերջապես, շնորհավորել եմ Էրդողանին` կրոնական և էթնիկ փոքրամասնություններին Թուրքիայում ընթացող քաղաքական գործընթացում ներգրավելու գործում ունեցած հաջողությունների համար: Օբաման նաև նշել է, որ Թուրքիան շատ մեծ երկիր է, իրեն շրջապատող պետությունների վրա ազդեցություն ունի: Այդ իսկ պատճառով երջանիկ է Թուրքիայի պես երկրին բարեկամ, իսկ նրա վարչապետին` ընկեր անվանելու համար: Հուսով եմ, որ տարիներ ի վեր մեր հարաբերությունների բազմակողմանիությունը կշարունակվի այսուհետև ևս: Թուրքիայի վարչապետն էլ հանդիպումից հետո հայտնել է, որ Օբամայի հետ հանդիպման ժամանակ իրենք կարևորել են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի նշանակությունը: -Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տեսանկյունից կարևորն այս է. Մինսկի խմբի եռանախագահողները` ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, արագություն հաղորդեն այդ գործընթացին, որը կարող է շատ դրական ազդեցություն թողնել,- ասել է Էրդողանը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացումը վերոնշյալով պայմանավորող Էրդողանը հավատացրել է, որ իրենք, որպես Թուրքիայում իշխող ուժ, այդ հարցում վճռական են: Տեղեկացվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև թուրքական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են եղել պետնախարար, վարչապետի օգնական Ալի Բաբաջանը, պետնախարար և Թուրքիայի եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, քաղաքաշինության նախարար Մուստաֆա Դեմիրը և զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, բանակի գեներալ Ասլան Գյուները և Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը: Panorama.am