Հերոսները երբեք չեն մահանում …


Կապիտան Համլետ Մինասյան, Դև` Դավիթ Սարապյան, Էրքեջցի Կամո` Կամո Հովհաննիսյան... Երեքը արիասիրտ այն տղաներից, ովքեր մինչև կյանքի վերջին վայրկյանը պայքարեցին թշնամու դեմ` պաշտպանելու մեր երկրի սահմանները: Զոհվել են 1991 թ. դեկտեմբերին` Շահումյանի մոտ մղվող կատաղի մարտերում: 20 տարի է անցել այդ օրից, բայց կարծես թե երեկ էր, որ նրանք մեկնեցին ռազմաճակատ` հրաժեշտ տալով իրենց ընտանիքներին, հարազատներին, ընկերներին... Համլետ Մինասյանը ծնվել է Գորիսի շրջանի Հարժիս գյուղում 1958 թ. հունիսի 10-ին, մի ընտանիքում, որի հիմնադիրն է եղել Խաչունց Բադին` նրա հորեղբայրը: Ավարտել է Կամենեց-Պոդոլսկի ռազմական ինստիտուտը` ստանալով ինժեներ-սակրավորի մասնագիտություն: Ղարաբաղյան շարժման առաջին օրերից ակտիվ մասնակցել է տարբեր միջոցառումների կազմակերպմանը` համախմբելով բոլոր նրանց, ովքեր հոգով ու սրտով նվիրված էին հայրենիքի պաշտպանությանը և իրենց կյանքերով կռում էին մեր անկախությունը: Զոհվելուց մեկ օր առաջ գրել էր իր վերջին բանաստեղծությունը. Ու եթե ընկնեմ հանուն Արցախի, Շիրմիս շաղ չտաք ծաղիկներ ու լաց, Տղերք, ջնջեցեք թշնամուն վայրի, Որ հայոց հողում ես ննջեմ խաղաղ: Նրա տղաները` Արսենն ու Խորենը, ունեն բարձրագույն կրթություն և ցանկանում են պատվով շարունակել հոր կիսատ թողած գործը: Հայրը` Լալազարը, միշտ ասում է. «Եթե տարիքս ներեր` զենք կվերցնեի ու կգնայի և վրեժխնդիր կլինեի որդուս համար»: Նոր Նորքի 1-ին զանգվածի թիվ 62 դպրոցի` նրա անունը կրող ռազմական կաբինետում հունվարի 28-ին տեղադրվելու է նրա կիսանդրին ու բացվելու է Փառքի սրահ: Կամո Հովհաննիսյանը ծնվել է 1960 թ. պատմական Արցախի Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում: Մասնակցել է Շահումյանի մոտ մղվող դժվար պայքարին: Զոհվել է 1991 թ. դեկտեմբերի 12-ին` իր ծննդավայրում: Դավիթ Սարապյանը (Դև) ծնվել է 1966 թ. փետրվարի 4-ին` ճանաչված ճարտարապետ Էդուարդ Սարապյանի և ականավոր գիտնական Էմմա Սարապյանի ընտանիքում: Դեռևս մանկուց Դավթի մոտ սկսում են դրսևորվել արտասովոր ունակություններ: Հրաշալի նկարում էր, շատ կարդում, դպրոցական տարիներին գրում էր քնարական բանաստեղծություններ ու պատմվածքներ: Փոքր հասակից ուներ պատվի և արժանապատվության զգացում: Թույլերին հովանավորելու, անպաշտպաններին պաշտպանելու ներքին մղում ուներ, օժտված էր արդարության զգացումով, ինչի համար նրան անվանում էին «դպրոցի խիղճ»: Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Դավիթն ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետ: Դավիթը տեսողութ յան խնդիրներ ուներ և կարող էր ազատվել ծառայությունից: Բայց որոշում է գնալ բանակ` համարելով, որ տղամարդը պետք է անցնի քաջության դպրոց: 1984 թ. մայիսին մեկնում է բանակ: Ծառայում է Բայկոնուրի զորամասում, ապա` Խմելնիցկու մարզում, որտեղ տիրող ամենաթողությունն ու կամայականություններն էլ շատ շուտ սթափեցնում են նրան: Դեպքերի ճակատագրական բերումով Դավիթը մենակ է մնում այլադավանների հետ: 1985 թ.-ի հոկտեմբերին նրան դատապարտում են այն բանի համար, որ միայնակ կռվելով տասը հոգու դեմ` պաշտպանել էր իր պատիվը: Բանտից դուրս գալուց հետո Դավիթն ինստիտուտ չի վերադառնում: Համարում էր, որ դա իր կոչումը չի և համակվել էր գրելու ցանկությամբ: Այդպիսով փորձում էր թղթին հանձնել իր տեսածը, զգացածն ու ապրածը: Նա գրում է պատմվածքներ, որոնցում ներկայացնում է զինվորական կյանքի ծանր առօրյան և անազատության մեջ գտնվող մարդկանց չարչարանքները: Սկսվում է արցախյան պատերազմը, և Դավիթը վճռականորեն գրիչը փոխարինում է զենքով ու 1990 թ.-ին մեկնում ռազմաճակատի առաջապահ գիծ, ընդունվում է լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերը: Պատերազմի դաշտում շատ արագ բացահայտվեց Դավթի ռազմական տաղանդը: Մշտապես հայտնվում էր ամենադժվարին տեղերում, առաջապահ դիրքերում` բոլորին վարակելով իր քաջությամբ ու վճռականությամբ: Հայ ռազմիկի ուժը թշնամու վրա սարսափ էր տարածում և պատահական չէ, որ ադրբեջանցիները նրան անվանում էին «Ահեղ Դև»: Դևը հաճախ խորամանկությամբ ու հմտությամբ թշնամու մոտ բազմաքանակ զորքի տպավորություն էր ստեղծում և ստիպում նրան խուճապահար նահանջել: 1991 թ. սեպտեմբերին հատվում են Դավթի և լեգենդար Կոմանդոսի` գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մարտական ճանապարհները: - Դավիթն անմիջապես աչքի ընկավ: Բարձրահասակ, ինտելիգենտ, ներկայանալի: Զարմացնում էր իր էրուդիցիայով, կարդացածությամբ, բայց, դրանով հանդերձ, երբեք չէր ընդգծում իր գերազանցությունը: Բոլորիս հիացնում էր նրա հումորի զգացումը. նրանից կատակների ու սրախոսությունների տարափ էր հորդում: Եվ, իհարկե, ապշեցնում էր նրա բնածին ռազմական տաղանդը: Ընդունակ էր ամենաբարձր մասնագիտական մակարդակով մշակել ռազմավարական բարդ գործողություններ և նույն հաջողությամբ իրականացնել դրանք: Օժտված էր մարտական ու մարդկային հազվադեպ հատկություններով: Երբեք որևէ բան ուրիշի վրա չէր գցի, ստանձնում էր ամենաբարդ ու վտանգավոր առաջադրանքները: Իմ ամենալավ հրամանատարներից էր, ում անվերապահ վստահում էի: Իր մարտական գերազանց կարողությունները դրսևորեց հատկապես Տող գյուղի ազատագրման ժամանակ: Այդ գործողութ յունը, որ մշակեց ու ինքն էլ կատարեց, դարձավ ֆանտաստիկ իրականություն,- պատմում է Կոմանդոսը: Այո, Դավիթը լավ գիտեր Հադրութի շրջանի այդ գյուղը: Մոր հարազատ գյուղն էր, և այնտեղ, պապի տանն ադրբեջանցիները շտաբ էին հիմնել: Մութը վրա հասնելուն պես Դավիթը մենակ, զգուշությամբ մոտենում է գյուղին, վերացնում ժամապահներին ու քայլում դեպի միակ լուսավորված տունը` պապի օջախը: Օմոնականներն այնտեղ աղմկոտ խնջույք էին սարքել. Դավիթը բարձրաձայն կանչում է օմոնի պետի անունը: Վերջինս մոտենում է պատուհանին ու Դավիթը` «բռնիր» գոռալով, նրա վրա է նետում նռնակների կապուկը: Ուժեղ պայթյուն է լինում և տունը փլվում է: Դրան հետևում է մեր մարտիկների կենտրոնացված գրոհը, և օմոնականները դուրս են շպրտվում գյուղից: Այս գործողությունն առանձնահատուկ նշված է ՀՀ ԳԱԱ-ի «Հայաստանի պատմություն» ֆունդամենտալ աշխատության մեջ, որտեղ Դավթի մեծադիր լուսանկարի տակ գրված է. «1991 թ. հոկտեմբերի 30-ին ազատագրվեց ռազմական մեծ նշանակություն ունեցող Տող գյուղը: Առանձնակի արիությամբ աչքի ընկավ Դավիթ Սարապյանը` Դևը»: Տուն դառնալով` սովորաբար զուսպ Դավիթն ուրախությամբ հայտնում է մորը. - Քո հարազատ գյուղն ազատագրված է: Հիմա պետք է ազատագրել հորս հարազատ քաղաքը` Էրզրումը…: Դա մոր և որդու վերջին հանդիպումն էր… Նա նորից մեկնում է Շահումյան, մասնակցում վերջին մարտին` Թոդան գյուղի համար, որտեղից անխնա ռմբակոծվում էին հայկական գյուղերը: Այնտեղ էլ զոհվում է 1991 թ. դեկտեմբերի 10-ին` փայլուն կատարելով մարտական առաջադրանքը: Եռաբլուրի եղբայրական պանթեոնում այսօր իր հավերժական քնով ննջում է Վարդենիսի, Հադրութի շրջանի Տող, Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Թոդան գյուղերի ինքնապաշտպանության ազգասուրբ նվիրյալ Դևը` Դավիթ Էդուարդի Սարապյանը: 1996 թ. սեպտեմբերի 20-ին նա ՀՀ Նախագահի հրամանագրով արժանացավ «Արիության մեդալի»` ապացուցելով բոլոր ապրողաց` Հավերժությունն է անմահին շիրիմ: Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ