1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Որքան էլ քննարկումների երկար ճանապարհ անցած լինի հանրապետության գյուղական համայնքները խոշորացնելու ծրագիրը, միևնույն է, գործադիրը վերջերս միայն հավանություն տվեց գործընթացը կանոնակարգող հայեցակարգին: Եվ գալիք տարեսկզբից մեկնարկելու է հատկապես փոքր համայնքների «օպտիմալացման» ծրագիրը: Գործընթացն առաջիկա ընտրությունների հետ կապելն ու այդ ամենին քաղաքական աստառ տալը սխալ է: Ամենապարզ հաշվարկներով` «օպտիմալացումը» թափ կառնի, խորհրդարանի ընտրություններն արդեն ավարտված կլինեն, իսկ Նախագահի ընտրությունների պարագայում բացարձակապես նշանակություն չի ունենա` մե՞կ, թե՞ մի քանի համայնքի բնակչություն է քվեարկության մասնակցում: Ժամանակին, երբ շրջանները մարզերի վերափոխվեցին, թեր և դեմ կարծիքների պակաս նույնպես չէր զգացվում: Կյանքը ցույց տվեց, որ տարածքային վարչամիավորների խոշորացումից հետո առավելությունները գերակշռում են թերություններին: Առայժմ, սակայն, պարզ է, որ որևէ գյուղ մեծ համայնքի թաղամաս դառնալու հեռանկարը սիրով չի ընդունի: Հեռավոր բնակավայրերում ըստ էության աշխատատեղեր են կրճատվելու: 4-5, երբեմն էլ ավելի աշխատատեղը մի քանի տասնյակ բնակիչ ունեցող համայնքի համար, իհարկե, անկարևոր կամ երկրորդական չի կարելի համարել: Այլ հարց է, որ համայնքային բյուջե ասվածը փոքր համայնքներում հենց մի քանի մարդու աշխատավարձ վճարելու նպատակով է ձևավորվում: Այսինքն, դժվարությամբ ու մշտապես ոչ լրիվ չափով հավաքագրվող տեղական հարկերը բեռ էին դարձել տասնյակ ընտանիքների ուսերին: Եվ հայտնի չէ, թե արդյո՞ք արժե այդ գնով պահպանել գյուղապետարանների մի քանի աշխատակիցների հաստիքները: Իհարկե, հարկային բեռից գյուղաբնակները չեն ազատվի, սակայն համայնքների խոշորացումը թերևս հարկաչափերի վերանայման լիարժեք հնարավորություն կտա: Տա Աստված, որ այդ վերանայումը նվազեցնի, այլ ոչ թե բարձրացնի այդ հարկաչափերը: Ինչ վերաբերում է չարաշահումներին, ապա մինչև հիմա հենց նույն գյուղական համայնքների աղքատիկ բյուջեների յուրացման տասնյակ դեպքեր են հայտնի, որոնց առնչութ յամբ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել: «Օպտիմալացումը» թերևս տեղական բյուջեների ծախսը նույնպես վերահսկելի ու թափանցիկ կդարձնի: Այնպես որ` թեև համայնք ները դժվարությամբ են հաշտվում միավորման գաղափարի հետ, բայց շատ չանցած` «օպտիմալացման» առավելություններն ակնհայտ կդառնան:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ