ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԸ «ՓԱԿՎՈՒՄ» Է, ԻՍԿ ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ...


Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի հարազատներն արդեն պետությանը հասցված գումարի մի ահռելի մասը վերադարձրել են և սպասում են, թե ինչ որոշում կկայացվի: Իսկ ահա մեր աղբյուրները վկայում են, որ կալանքի տակ գտնվող բարձրաստիճան ոստիկանն, այդուհանդերձ, չի պատրաստվում լռել` եթե հանկարծ ստիպված լինի երկար ժամանակ անցկացնել ազատազրկման վայրերում… Նա ու իր պաշտպանը բազմիցս են բարձրաձայնել, թե ինչու է մեղադրանք առաջադրվում միայն Օհանյանի հանդեպ, երբ նա գործել է արդեն նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ենթակայության ներքո: Իսկ Ա. Սարգսյանը հազիվ թե տեղյակ չլիներ այն ամենից, ինչում այսօր մեղադրում են ՃՈ նախկին պետին: Ի դեպ, Ալիկ Սարգսյանի դեմ փաստարկներ ունեն նաև Արարատի նախկին մարզպետը և էլի ուրիշներ, ովքեր ոչ մեկ անգամ հայտարարել են, որ ոստիկանությունում և Արարատի մարզում նախկինում տեղի ունեցած բոլոր չարաշահումների մասին տեղյակ է եղել Ալիկ Սարգսյանը: Եվ ոչ միայն տեղյակ է եղել… Ինչպես ժողովուրդն է ասում` «չես բռնվել` գող չես»: Ու հենց այս «փիլիսոփայությունն» էլ այսօր օգնում է նախկին ոստիկանապետին որևէ պատասխանատվություն չկրել: Ավելին, նա այսօր երկրի նախագահի խորհրդականն է, լիովին պաշտպանված: Սակայն նոր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կադրային փոփոխությունները և նրա պահանջով կատարվող բացահայտումներն այլ բան են վկայում. Ոստիկանությունում շատ բան գլխիվայր էր շրջվել հենց Ալիկ Սարգսյանի պատճառով, ու հիմա նոր ոստիկանապետը հընթացս նաև «սանիտարական մաքրման» աշխատանքներ է իրականացնում: