Հանցագործությունը վաղեմություն չունի


Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մաշտոցի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 18 տարի առաջ տեղի ունեցած սպանության դեպքը: Սպանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել նախկինում 4 անգամ դատապարտված` 72-ամյա Յուրիկ Նասիբյանը և 38-ամյա Աշոտ Խաչատրյանը: Պարզվել է, որ նրանք 1993 թվականի մայիսի 20-ի երեկոյան, հանցավոր համաձայնության գալով, բնակարան գնելու պատրվակով մտել էին Շինարարների փողոցի բնակարաններից մեկը, որտեղ Աշոտ Խաչատրյանը խոհանոցային դանակով սպանել էր տանտիրուհի Թամարա Դերզյանին, և հափշտակելով տարբեր հնաոճ իրեր... հեռացել էին: Օրեր առաջ ՀՀ ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը մեկնել էր ՌԴ Վլադիմիր քաղաք, որտեղ հափշտակված իրեղեն ապացույց հանդիսացող հնաոճ ափսեն ճանաչման է ներկայացվել տուժողի դստերը, որը ճանաչել է մոր տնից հափշտակված իրը: Հափշտակված իրերը մասամբ առգրավված են: Յուրիկ Նասիբյանն ու Աշոտ Խաչատրյանը ձերբակալված են: Ըստ որոշակի տեղեկատվության` Աշոտ Խաչատրյանը մեկուսարանում որոշել է ինքնադատաստան տեսնել` փորձելով կախվել սավանով: Իրավապահները, սակայն, կանխել են: Հարկ է նշել, որ մեր բազմաթիվ հայրենակիցների զարմանքը շարժած պաշտոնական այս հաղորդագրությունը շատ ավելի ազդեցիկ է բարոյահոգաբանական առումով: Այն հերթական «իրեղեն» ապացույցն է, որ ոստիկանությունը վերագտնում է իր իսկական կերպարը: Վերջին մեկ ամսում մարդիկ ավելի ուշադրությամբ են հետևում հասարակական կարգի պահապաններին, և նրանց հանդեպ ձևավորված ոչ բարենպաստ վերաբերմունքը ակնհայտորեն «ճաք է տալիս»: Ո՞ւր մնացին այն համազգեստավորները, ովքեր ինքնամեծար կեցվածքով ու անտարբեր հայացքներով` չէին էլ նշմարում, որ դիցուք հանրային փոխադրամիջոցները եռաշարք կանգառ են անում, իսկ ուղևորները գալարապտույտ ելք են որոնում դեպի մայթ: Այսօր կենտրոնական փողոցների գրեթե ամեն բանուկ խաչմերուկում ոստիկանները համբերատար կերպով, առանց նյարդայնանալու, առանց սրան¬նրան վիրավորելու` կարգազանց հետիոտնին ու վարորդին սովորեցնում են ճիշտ տեղից հատել փողոցը և ճիշտ տեղում կանգառ անել` չվտանգելով որևէ մեկի կյանքը: Այո, սովորեցնում են, որովհետև մարդիկ այլ բարքերի էին վարժվել` աններելի թողտվության արդյունքում: Եվ ի՞նչ է փոխվել... «Ընդամենը» համակարգի ղեկավարի պահանջկոտ հետևողականությունն է ավելացել: Իր աշխատանքը հարգող մարդն է միայն հարգանք վաստակում: Այսօր տեսնելով հայ ոստիկանի պահվածքը` ակամա հիշում եմ 1-2 տարի առաջ կատարված մի դեպք. Աբովյան¬Իսահակյան փողոցի հատույթում մի ստահակ ճարպկորեն պայուսակիցս թռցրեց հեռախոսս: Զգացի միայն, որ ինչ¬որ մեկը դիպավ պայուսակիս և իսկույն բռնեցի կողքիս հանգիստ կանգնած տղամարդու թևը. ափի մեջ ծալված մի տոպրակ կար, որի կողքին հեռախոսս էր: Աղմկելով շուրջս էի նայում, երբ տեսա հայացքը մեզ հառած` ճողոպրող մի համազգեստավորի: Մե˜ղք էր տղան. հետո՞ ինչ, որ ոստիկան էր ու պարտավոր էր պատասխանատվության տանել տեղում բռնված գողին… Հիմա արդեն դա էական չի թվում. նախ` անցյալ է, բացի այդ` տուժողը ոչ թե ես, այլ հանցագործը դարձավ, որովհետև ավարն իրեն չմնաց: Իսկ ամենակարևորը` հայ ոստիկանը սկսել է գիտակցել իր կոչումը. նրան սովորեցնում են արժանապատվորեն ծառայել: Իսկ ինչ վերաբերում է վերոնշյալ` 18-ամյա վաղեմությամբ հանցագործության բացահայտմանը, ապա դա ընկալվեց որպես նորանշանակ Ոստիկանապետի սկզբունքայնության հերթական դրսևորում: Պաշտոնյա, ում համար «ժամկետանց» հանցագործություններ չկան` եթե նույնիսկ դրանք կատարվել են ո´չ իր պաշտոնավարման ընթացքում: Քանի՞ ոստիկանապետ ու մանր¬մունր հրաման տվողներ են փոխվել 18 տարում: Քանի˜¬քանի չբացահայտված այդպիսի հանցագործություններ են «փակվել»` անհեթեթ «հիմնավորումներով»: «Տաք հետքերով» հանցագործին չգտած համակարգում շուրջ երկու տասնամյակ անց կարողանում են չարագործներին ի հայտ բերել: Եվ դեռ ասողներ կան, թե «մեկ ձեռքը ծափ չի տալիս»: Կտա´, իհարկե, եթե մղումն ազնիվ է: Մանավանդ` երբ այդ «ձեռքը» համակարգի ղեկավարն է ու մտահոգ է թե´ այդ համակարգի առողջացմամբ և թե´ մարդկանց անվտանգությունն ապահովելու խնդրով: Իսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոչ միայն պահանջկոտ ղեկավար է, այլ նաև ճիշտ կողմնորոշող և հետևողական: Ղեկավար, ով անգամ իր ներողամտությամբ պարտավորեցնել գիտե: