ՄԵՐ ՄԻՋԻ ՈՐԴԸ


Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի անզգույշ հայտարարությունը, թե իրենց երկրում ապօրինի միգրանտների մեծ մասը Հայաստանից և Բանգլադեշից են և նրանք շուտով արտաքսվելու են, «ախորժաբեր կերակուր» է դարձել նույնիսկ հայ վերլուծաբանների համար: Ավելին, էլեկտրոնային կայքերից մեկում տեղադրված «վերլուծության» մեջ հեղինակը, խախտելով տարրական բարեկրթության բոլոր կանոնները, գրում է. «Եվ այստեղ, իհարկե, մեզ է պատկերանում արտագաղթ սարսափելի երևույթի նոր, կարծեք թե մինչև այսօր աննկատ մնացած մի երես` դեգրադացված, աշխատանքի հանդեպ հակումները կորցրած մի հսկայական զանգված, որը Եվրոպայում ապրում է խանութներ թալանելով կամ սոցիալական նպաստների հաշվին: Եվ դժվար է ասել, թե այդ մարդկանց վերադառնա՞լն է Հայաստանի համար լավ, թե՞ չվերադառնալը: Չէ՞ որ Եվրոպայում մնալով էլ` այդ մարդիկ խաղում են Հայաստանի և հայության վարկի հետ, մեծապես նպաստում են հայությանը երրորդ սորտի ժողովուրդ դիտարկելուն»: Այս մտքին հաջորդում է մյուս մեղադրանքը. «Դա նշանակում է, որ Հայաստան կարող են վերադառնալ հազարավոր մարդիկ, որոնք Եվրոպայում վարժվել են, այսպես ասած, անաշխատ եկամուտներին կամ պարզապես գողությամբ ապրելուն: Այսինքն` կարելի է պատկերացնել, թե հոգեբանական նկարագրի առումով ինչ դեգրադացիա ապրած հայաստան ցիներ կարող են վերադառնալ Հայաստան»: Ֆրանսիայում ապրում է մոտ 500 հազար հայ, նրանց մի մասին կարող ենք բնիկներ համարել, որովհետև ահռելի հայազանգվածն այս երկրում բնակություն հաստատեց 1915-ի Ցեղասպանությունից հետո և հիմնավորվեց գլխավորապես Մարսելում: Ֆրանսիական իշխանությունները դիմեցին մարդասիրական բոլոր քայլերին, աջակցեցին հայրենիք ու տուն կորցրած մարդկանց: Ֆրանսիա ներգաղթած հայերն էլ բոլորեքյան նվիրվեցին այդ երկրին, ստեղծեցին իրենց ազգային և հանրային կառույցները, ներգրավվեցին ֆրանսիական հասարակության մեջ` իրենց ավանդը բերելով կինեմատոգրաֆում, թատրոնում, երաժշտության և գրականության մեջ, կերպարվեստում… 1990-ականներից ի վեր ձևավորվեց արտագաղթի մի նոր ալիք, որի ծնող պատճառը Հայաստանում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրողությունն էր, շրջափակումը, որը մինչև այսօր չի գտել իր միջազգային գնահատականը, չեն հնչել դատապարտման վճռական խոսքեր: Եվրոպական մի շարք երկրներ և հատկապես Ֆրանսիա գաղթած հայաստանցիների մի զգալի մասը կարողացավ գտնել իր տեղը, լուծել սոցիալական և տնտեսական խնդիրները: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում մշակույթի և գիտության մարդիկ, ազնիվ մտավորականներ, ովքեր նաև ցանկանում էին հասնել ինքնահաստատման, ապրել և ստեղծագործել եվրոպական մշակույթների խաչմերուկում: Սրանք օբյեկտիվ մղումներ են, որոնք ոչ ոք չի կարող դատապարտել: Որքան էլ միջազգային եզրաբանությամբ և իրավական բնութագրումներով այդ մարդիկ միգրանտներ կոչվեն, այնուհանդերձ նրանք այս մոլորակի բնակիչներ են, ովքեր իրավունք ունեն ապրելու և ստեղծագործելու այնտեղ, որտեղ առավել հեշտ է հասնել եվրոպական ներգրավվածության: Նրանց գողությամբ ու թալանով ապրող չես կարող կոչել, չես կարող անհիմն մեղադրանքներ ներկայացնել… Իհարկե, միգրանտների մեջ բոլորը չէ, որ ունեն առաքինի նկարագիր: Ինչպես ցանկացած ժողովուրդ, մենք էլ ունենք մեր հանցագործները, մեր հասարակության «տականքները», որոնք սովոր են ցանկացած իրականության մեջ ապրել ուրիշների հաշվին, չխորշել գողություններից, այլևայլ հանցագործություններից: Ինչպես ժամանակին Կոնֆիցիուսն է ասել` «հանցագործությունը չունի ազգային պատկանելություն»: Հետևաբար, մարդն իր հայրենիքում է, թե նրա սահմաններից դուրս` նա պատրաստ է հանցանք կատարել, որովհետև գոյություն ունի նաև «հանցագործության հոգեբանություն» և «հանցագործության ֆիզիոլոգիա»: Բոլորին ու միասնաբար հանցագործ կոչելը բարոյական չէ: Առավել անբարո է փաստերի խեղաթյուրումը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 1995-2010 թվականներին Ֆրանսիայի իրավապահ ծառայությունների կողմից գողության համար մեղադրանք է ներկայացվել ընդամենը 7 հայի, որոնցից երեքն են եղել նախկին հայաստանցիներ: Նրանցից ոչ մեկն ապօրինի ճանապարհով չի թափանցել այդ երկիր: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալներով` նշված տարիներին կատարված գողությունների ու հափշտակությունների թիվը կազմում է 307 հազար: Իսկ 307 հազար հանցագործութ յան մեջ ընդամենը 7 հայի մասնակցությունը քանակական և որակական ցուցանիշ չի կարող համարվել: Առավել հաճախ հիշվել են ռուսների, թուրքերի, աֆրիկյան և արաբական երկրներից ապօրինի ճանապարհով ներգաղթածների անուններ: Ապօրինի ճանապարհով Ֆրանսիա թափանցած հայերի խնդիրն այլ է և չի կարող քննարկվել այն ենթատեքստում, որն առաջարկում է 1in.am կայքի վերլուծաբանը: Մարդու իրավունքների կոնվենցիան հաստատում է անձի ազատ տեղաշարժման իրավունքը, մինչդեռ հատկապես հետխորհրդային տարածքում հայտնված երկրների հանդեպ, որոնց մեջ է նաև Հայաստանը, կիրառվում են անհամաչափ և խտրական մեթոդներ: Եվրոպական երկրների դեսպանատները արհեստական արգելքներ են դնում մարդկանց առջև, խոչընդոտում նրանց տեղաշարժմանը, ամեն մեկի մեջ տեսնում հանցագործի: Երբեմն խանգարում են մարդկանց` մասնակցելու եվրոպական տարբեր փառատոների, մրցույթների, գիտաժողովների: Ապօրինի ներգաղթյալներին Հայաստան վերադարձնելու` Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի ոչ կոռեկտ մեկնաբանությունը ոչ թե պետք է հայ «վերլուծաբանին» մղեր «տխուր» եզրակացություններ անել, վիրավորել հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր ապրում են Եվրոպայում, այլ մղեր մի ազնիվ քայլի` բանավեճ ծավալելու միգրացիայի և նրան ուղեկցող օրենսդրական սկզբունքների մասին: Իսկ Հայաստանը միշտ էլ ուրախությամբ է ընդունում տուն դարձողներին, քանի որ աշխարհում ամեն մարդ ձգտում է դեպի իր վերջնական հանգրվանը` Հայրենիք… Օտարների` մեր դեմ արած հայտարարությունները կանխելու, համապատասխան հակահարված տալու փոխարեն` ինքներս ենք սկսում մեզ մեղադրանքներ ներկայացնել` այսպես ոչ միայն կազմաքանդելով ազգային բարոյականությունը, այլև հագուրդ տալով «մեր միջի որդին», որի թելադրանքով` հարձակվում ենք ինքներս մեր դեմ, մեր արժեքների դեմ, մեր բանակի դեմ… Բայց երևի ժամանակն է, որ վերջապես ուշքի գանք ու հասկանանք, որ ինքնաոչնչացմամբ ոչ մի լավ բանի չենք հասնի…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ