ՍԵՎՈՎ ՍՊԻՏԱԿԻՆ


Եգիպտական հեղափոխության քամիները հասել են Ադրբեջան: Ադրբեջանական ընդդիմությունն ընդվզում է` պահանջելով ապամոնտաժել Բաքվի արվարձաններից մեկում տեղադրված` Եգիպտոսի նախագահի արձանը: Մեկ օրում բռնապետ հռչակված աֆրիկյան հանրապետության երկարամյա ղեկավարի կերպարից Բաքվի ընդդիմադիրներն այնքան են ներշնչվել, որ Հոսնի Մուբարաքի կինն էլ իր հերթին է սկսել ազդել արմատականների նյարդերի վրա: Պարզվում է, որ ժամանակին, ի նշան եգիպտա¬ադրբեջանական բարեկամության, Բաքվի դպրոցներից մեկն անվանակոչվել է Հ. Մուբարաքի կնոջ անունով: Հայտնի դեպքերից հետո «Մուսավաթի» ղեկավարները կրթության նախարարությունից պահանջում են նաև չեղյալ համարել անվանակոչության որոշումը… Ամբողջ խնդիրը սակայն այն է, որ Հեյդարօղլին մինչև հիմա «բարտերի» եղանակով է հանդուրժել Մուբարաքի արձանը: Հաղորդվում է, որ Կահիրեից ոչ հեռու գտնվող քաղաքներից մեկում երկու ժողովուրդների հեռավոր ու գործնականում անպատկերացնելի բարեկամությունը ժամանակին Հեյդար Ալիևի արձանի տեղադրմամբ է նշանավորվել: Ասել է թե` կրտսեր Ալիևն անհանգստանալու առիթ իսկապես ունի, քանի որ չի բացառվում` Բաքվում գտնվող արձանի ապամոնտաժումն ավելի ուշ համարժեք արձագանքի արժանանա նաև Եգիպտոսում: Եվ մինչ Հեյդարօղլին ստեղծված դժվարին կացությունից ելքեր կորոնի, Ադրբեջանում «Մուսավաթի» ոգևորությունը բազմապատկվող նորանոր առիթներ են ի հայտ գալիս: Գնաճն այս երկրում նույնպես լայն թափ է հավաքել. օրեր առաջ թանկացել է ուղևորափոխադրումների արժեքը, փոստային առաքումների սակագները թանկացել են շուրջ 10 անգամ, իսկ խմելու ջրի սակագինը` 50 տոկոսով: Այս ամենը Բաքվի ընդդիմադիրների շրջանում վստահության լուրջ հիմքեր է ստեղծել, թե աստիճանաբար հասունացող սոցիալական պայթյունն առաջիկայում վերջապես կդրսևորվի, ու իրենց երկիրը նույնպես եգիպտական հեղափոխության ճանապարհով կսկսի ընթանալ: