ԱՌՈՂՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՈՉ…


Կուսակցական դաշտի խոշորացման ու ամբողջացման առումով ՀՀԿ¬ն ու ԲՀԿ¬ն կարծեք թե մագնիսի դեր են ստանձնել: Հատկապես` միայնակ գոյատևելու հույսը կորցրած կուսակցությունների և հավատընծա քաղուժ որոնողների համար: Ըստ ամենայնի` մանր կուսակցությունների լուծարման և միավորման գործընթացն առաջիկայում շարունակվելու է` միաժամանակ լարված պահելով նշված երկու ուժերի այդպես էլ առարկայական չդարձող (բարեբախտաբա´ր) լարվածության թեման: Ակնհայտորեն (և ո´չ հանիրավի) ո´չ ՀՀԿ¬ն, ո´չ էլ ԲՀԿ¬ն ուղղակի ջանքեր չեն գործադրում` հնարավորինս շատ մանր ուժերի իրենց շուրջը համախմբելու ուղղությամբ: Սակայն հակառակ տեսանելի ջանքերին ու մրցակցության բացակայությանը` հակասությունների թեման այդպես էլ չի մոռացվում: Իրականում նման միտումը հանգեցնում է այն մտքին, որ ինչպես Երևանի քաղաքապետի և խորհրդարանական վերջին ընտրություններում, հաջորդ տարի նույնպես Հանրապետականն ու Բարգավաճը հիմնական մրցակիցներ են դառնալու: Ավելին, կուսակցական դաշտի խոշորացումն էլ ի´ր հերթին է այդ մրցակցությունն ավելի հետաքրքիր ու լարված դարձնելու, ինչն այսօրվանից արդեն լիարժեքորեն բացառում է միանգամայն խաղաղ ընտրարշավի ու քվեարկության հեռանկարը: Թերևս, սա էլ հենց անհեթեթ շահարկումների հիմնական թիրախն է դարձել: Այս շրջանում, երբ խանդավառությամբ մատնացույց է արվում, որ նախորդ ընտրություններում ներկայիս կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ¬ն ու ԲՀԿ¬ն ամենուր այնքան էլ համերաշխ չէին, հարկ է վերհիշել, որ նրանց բացառիկ ու տվյալ պահին իսկապես օրախնդիր համերաշխության ու նպատակասլացության ականատեսը հանրությունը դարձավ անհամեմատելիորեն կարևոր մի «դրվագում»` Նախագահի ընտրությունների ժամանակ: Եվ եթե թերահավատությունն ու կասկածները 2008¬ի վերաբերյալ լինեին, միգուցե այս պարագայում իրավիճակի անկանխատեսելիության մասին պնդումները փոքր¬ինչ հավանական կարելի լիներ համարել: Մանավանդ, որ ոչ մի կերպ չի գտնվում ու չէր էլ կարող գտնվել պատասխանն այն հարցի, թե ինչու պետք է ՀՀԿ¬ն կամ ԲՀԿ¬ն հրաժարվեին ընտրապայքարից և կամ մասնակցության հայտ ներկայացնեին պարզապես ընտրական գործընթացներում ներգրավված լինելու համար: Սովորաբար ընդդիմադիր շրջանակների «տրամաբանությունը» միայն այսքանով է սկսվում ու ավարտվում. եթե մրցակցություն կա, ուրեմն դա պարտադիր միմյանց դեմ է ուղղված և քաղաքական առումով աղետալի հետևանքներ է ունենալու: Մինչդեռ առողջ մրցակցությունը միշտ էլ լավագույն նախապայման ու երաշխիք է: Եվ մրցակիցները բնավ հակառակորդներ չեն: