ԲԱԼԵՆԻՆ


Ու ծնվել էր բալենին արշալույսի կարմիր պտուղներից ու երջանիկ էր, որ ոչ ոք չի պոկոտում իր մատղաշ տերևները, որ ոչ ոք չի ծալծլում իր նրբիկ թևերը ու... երջանիկ էր... Ու երջանիկ էր, որ ամեն առավոտ արևը խառնում էր վարսերը, ու առվակը` զովացնում ծնկները... ու երջանիկ էր, որ հեռու տեղից ոտքով ճանապարհ կտրած մարդիկ ներկեցին իրենց շուրթերն արշալույսի կարմիրից շառագունած իր պտուղներով ու համբուրվեցին ստվերում: Ու ցավեց թևը, ու սիրտը ճմլվեց ցավից, երբ համբուրվող տղան կտրեց բալենու պտղաշատ ճկույթը և նվիրեց աղջկա վարսերին, ու... աղջիկը համբուրեց նրան... Ու... բարկացավ բալենին ու որոշեց, որ հաջորդ անգամ չի ներկի մարդկանց շուրթերն արշալույսի կարմիրով ու չի զովացնի նրանց համբույրը իր պտուղներով: Ու թռչում էին գարունները... Ու ճոճում էր ձմեռը բալենու թևերն իր ցուրտ շնչով... Ու տխրում էր բալենին իր միայնակ-լքվածությունից: Ու... կարոտում մարդկանց համբույրին: Ու երևացին մարդիկ մոտալուտ վայրերում, ուր շատ էին բալենիները, ու համբուրվեցին նրանց պտուղների զովությամբ, իսկ նրանց, որ էլ չէին կարող զգալ մտերիմների գարուն համբույրները, դրեցին առվակի կողքին, բալենու ոտքերի տակ, ու... հեռացան գլխիկոր` առանց շուրջը նայելու: Ու... ինչ-որ քարեր շրջապատեցին միայնակ բալենուն: Ու քարաշատ այդ վայրում քայլում էին մարդիկ տխուր ու մոլոր, ու... չէին նկատում, որ բալենու պտուղներն արդեն մայրամուտի կարմիր են հագել, ու... ոչ ոք չէր համբուրվում նրա ստվերում, ու... բոլորը միայն ծանր հոգոց էին հանում ու շնչում նրա կռացած թևերի տակ... Ու անցան գարունները ու մարդիկ զարմացան` բալենու խեժացած արցունքներում չորացած տարիների պտուղը տեսնելուց, ու... կքված քարերին տխուր մրմնջացին «ՈՂՈՐՄԻ»: