Ուսամա բեն Լադենի «աջ թևը» ազատության մեջ


 

Արմատական իսլամի քարոզիչ աբու Քաթադան, ով նախկինում Ուսամա բենի Լադենի աջ թևն էր համարվում, ազատ է արձակվել բրիտանական բանտից:

Մշուշոտ Ալբիոնի իշխանությունները նախապես ցանկություն էին հայտնել «Ալ-Քաիդայի» առաջնորդի օգնականին ուղարկել Հորդանան, որտեղ նրան ցմահ բանտարկություն և իր իսկ հավաստմամբ` մեծ փորձություններ են սպասվում:

Սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռ հունվարին արգելել է տեռորիզմի մեջ մեղադրվողի արտաքսումը: 1993-ին Քաթադան քաղաքական ապաստան էր խնդրել Մեծ Բրիտանիայում: 2001-ին` ԱՄՆ-ի ողբերգական դեպքերից հետո բրիտանական իշխանությունները նոր օրենքներ ընդունեցին տեռորիզմի դեմ, իսկ 2002-ին Քաթադան ձերբակալվեց:

Ի դեպ` սեպտեմբերի 11-ի տեռորիստական ակտն իրականացնող մահապարտների բնակարանում հայտնաբերվել են Քաթադի քարոզների ձայնասկավառակները:

«Տերմինատորի» երազանքն անկատար մնաց

Առնոլդ Շվարցենեգերն այդպես էլ չի կարողացել իրականացնել իր վաղեմի երազանքը` գոնե մեկ անգամ լինել Թաջ-Մահալում: Հնդկաստան կատարած այցի շրջանակներում տերմինատորը փորձել է գնալ երազանքի հետքերով, սակայն տաճարը փակ է եղել, քանի որ աղոթքի ժամ էր: Առնոլդը, սակայն չի ընկճվել, լուսանկարվել է և հեռացել:

Հնդկաստան այցելությունն առաջինն էր նրա կյանքում, իսկ ճանապարհորդության ավարտին նա հրաժեշտ է տվել «տերմինատորյան» հայտնի արտահայտությամբ` ես դեռ կվերադառնամ: