ԽԱՅՏԱԲՂԵՏ ՈՒ ՀԵՏԱՔԻՐՔԻՐ


 

ԱԺ առաջիկա ընտրություններում թիվ 6-րդ ընտրատարածքը կուսակցական ներկայացվածության առումով խոստանում է ամենախայտաբղետներից մեկը դառնալ: Դեռ շաբաթներ առաջ էր հայտնի դարձել, որ այստեղ առաջադրվելու մտադրություն ունի Աջափնյակի ներկայիս թաղապետ Ռուբեն Հովսեփյանը, ում սատարելու են Հանրապետական կուսակցությունը` «Նիգ Ապարան» հայրենակցական միությունը, ինչպես նաև Հովսեփյանի եղբայրը` հանրապետության գլխավոր դատախազը: Շատ չանցած պարզ դարձավ, որ «Բարգավաճ Հայաստանն» էլ Վահան Կարապետյանին է պատրաստվում առաջադրել: Վերջինիս անունը թեև ընտրազանգվածին ոչինչ չի ասում, սակայն ԲՀԿ թեկնածուն Վիկ Դարչինյանի մտերմագույն ընկերն է, իսկ Վիկն էլ, ըստ տեղեկությունների, քարոզարշավի ողջ ընթացքում պատրաստվում է Վահանի հետ լինել: Հավաստի տեղեկություններով` «Ժառանգությունը» մեծամասնական թեկնածուներ առաջադրելու որոշումը քողազերծելով` ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին է նախատեսում Աջափնյակի ընտրատարածքում առաջադրել:

Սույն եռյակի մասնակցությամբ արդեն իսկ թեժ ընթացք խոստացող մրցապայքարը, սակայն, առաջիկայում նորանոր դեմքեր է ընդգրկելու: Աջափնյակում թեկնածու է առաջադրելու նաև ՀԱԿ-ը: Հավանական է, որ թիվ 6-ում իր ուժերը փորձի նախօրեին ՕԵԿ-ից հեռացած և պատգամավորական մանդատը վայր դրած Գագիկ Բաղդասարյանը ևս: