Ժամ Հատուցումի


 

Նախկինում կատարված ևս մեկ հանցագործություն բացահայտվեց

Ոստիկանությունը հավաստիացնում է` ոչ մի հանցանք անպատիժ չի մնալու

Որքան էլ «ցեխ շպրտողներին» դուր չգա, միևնույն է` փաստերն ավելի համառ են, իրողությունը` հստակ: Վերջին ամիսներին ՀՀ ոստիկանության ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում հայտարարությունները չգրանցելու արատավոր պրակտիկային: Օրերս տեղի ունեցած ոստիկանության կոլեգիայի նիստում այդ գործելաոճը վերստին քննադատության ենթարկելով` ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշել էր, որ դեռ ևս նաև բարձր էշելոններում կան ոստիկանության աշխատակիցներ, որոնց թվում է, թե հանցագործության դեպքերի սակավությունը կարող է դիտվել որպես լավ աշխատանքի արդյունք: Վլադիմիր Գասպարյանը պարզորոշ բացատրեց, որ այդպես մտածողներն այլևս հանդուրժելի չեն համակարգում, և որ նման մտածելակերպով ոստիկանը ջուր է լցնում հանցագործների ջրաղացին:

Իհարկե, առաջընթացն ակնհայտ է. գրեթե ամեն օր բացահայտվում են նախկինում կատարված հանցագործություններ, ու պարզվում է, որ դրանց մեծ մասի պարագայում հայտարարություն չի տրվել, կամ, գուցե չի ընդունվել:

Այսքանից հետո դժվար է մեղադրել այն քաղաքացուն, ով հանցավոր ոտնձգությունից տուժած, բայց ոստիկանի հանդեպ վստահություն չունենալով` նույնիսկ հայտարարութ յուն չի տալիս: Տարիներով կորցրածը մեկ օրում չես վերականգնի, բայց ամենօրյա հետևողական ու պատվախնդիր աշխատանքով մեկիկ-մեկիկ բացահայտելով նաև նախկինում կատարվածները` կարելի է հասնել նպատակին: Ներկայացվող օրինակը ասվածի վկայություններից է:

Ճիշտ երկու տարի առաջ, ժամը 04.50-ի սահմաններում, դիմակավոր 2 անձինք մուտք էին գործել Երևանի Մխիթար Հերացու փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը, որտեղ բնակվում էին Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ: Երևանի պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանողներ Մաղոիդ Ջահուդարիին և Դիպակ Սինդղիին ավազակները ահաբեկել ու սպառնացել էին և փող պահանջել: Այնուհետև գինու դատարկ շշով հարվածելով Ջահուդարիի գլխին` հափշտակել էին սեղանին դրված 2 դրամապանակներն ու դիմել փախուստի: Տուժողը տեղափոխվել էր հիվանդանոց, երկարատև բուժումներ ստացել և ապաքինվել:

Հնդիկ ուսանողների կորուստը զգալի էր: Դեպքի մասին նրանք ահազանգել էին ոստիկանություն, մանրամասն նկարագրել տեղի ունեցածը` հուսալով, որ հանցագործությունը կարող է արագ բացահայտվել: Սակայն սպասումը տևեց երկու տարի: Ոստիկանության պետի փոփոխությունից հետո միայն, երբ խիստ պահանջ դրվեց վերանայել նախկին տարիներին կատարված, բայց դեռևս չբացահայտված հանցագործությունները, այս քրեական գործը նույնպես հայտնվեց ուշադրության կենտրոնում և…

Օրերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին: Անհրաժեշտ էր դրանք անմիջապես ստուգել: Եվս մի քանի ժամ, և Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 52 շենքի մի բնակարանից, ավազակություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեց 1988 թ. ծնված, նախկինում դատապարտված Կարեն Մկրտչյանը:

Ոստիկանություն հրավիրվեցին նաև զարմացած տուժողները` Մաղոիդ Ջահուդարին և Դիպակ Սինդղին:

Մի շարք անհերքելի ապացույցների ճնշման տակ Կարեն Մկրտչյանը ստիպված էր խոստովանել, որ հանցագործությունը, ոմն Սերգեյի հետ, կատարել է ինքը:

Հնդիկ ուսանողները ոստիկանությունում նորից վերհիշելով երկու տարի առաջ կատարվածի մանրամասները, նաև երախտիքի խոսքեր ուղղեցին ոստիկանության ծառայող ներին, նրանց, ում ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բոլորովին վերջերս, նախկինում կատարված մեկ այլ հանցագործություն բացահայտելու առիթով ասել էր. «Տեսնո՞ւմ եք, տղերք, եթե ցանկանում եք` ստացվում է…»:

Ձեռնարկվում են միջոցառումներ Կարեն Մկրտչյանի հանցընկերոջը` Սերգեյին հայտնաբերելու ուղղությամբ: