ԱՂՄԿԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ Էլ ԱՓԻ ՄԵՋ Է ԱԶԴԵՑԻԿ


 

Քաղաքացուն վրաերթի ենթարկած և պատահարի վայրից փախուստի դիմած լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորման շուրջ բարձրացված աղմուկը պիտի որ մարեր` խափանման միջոցը փոխելուց ու նրան ազատ արձակելուց հետո: Սակայն սենսացիաների սիրահար որոշակի շրջանակներ կարծես չեն ուզում հանդարտվել:

Շարունակվում է շրջանառվել այն թյուր կարծիքը, թե տեղի ունեցածը լրագրողի նկատմամբ հետապնդում է, զգուշացում և ակնարկ` կապված նրա մասնագիտական գործունեության հետ: Լրագրողն էլ հատուկ շեշտում է, որ հետամուտ է լինելու ամբողջ գործի բացահայտմանը, նաև տալու է այն մարդու անունը, ում ուղեղում ծնվել է նման գաղափարը: Մի քանի լրատվամիջոց այս ակնարկը կապեցին ոստիկանության ու նրա պետ Վլադիմիր Գասպարյանի անվան հետ` հավանաբար մոռանալով մանր-մունր երևույթների վերաբերյալ վերջինիս արտահայտած հստակ դիրքորոշումների մասին:

Ինչի՞ համար է այս ավելորդ աղմուկը, ի՞նչ նպատակ ունեն նույն ծեծված թեմայի շուրջ հրավիրվող ասուլիսները:

«Հայկական ժամանակի» մեր գործընկերներին լրացուցիչ հարթակ պետք չէ. թերթի, խմբագրի ու թղթակիցների անունները հանրությանը հայտնի են` առանց անհարկի այս աղմկարարության էլ: Առավել ևս` գործին առնչվող նյութերը դեռ քննության փուլում են: Ինչո՞ւ խոչընդոտել քննությանը` եթե իսկապես արդարության վերհանումն է նրանց պահանջը: Ավելին, մի՞թե ոստիկանությանը հայհոյելու, անձնական վիրավորանքների մեթոդն է ամենանախընտրելին` սեփական ինքնությունը հաստատելու, սկզբունքայնություն ու վրեժխնդրություն թատերականացնելու համար: Ինքնամաքրման ուղին նախընտրած կառույցին աջակցել է պետք, կամ գոնե չխանգարել, այլ ոչ թե` հանիրավի դատափետել: Չէ՞ որ հենց նույն աղմկարարներն էլ, կասեն, որ մեր հասարակության առողջացումը իշխանության բոլոր օղակների պարտականությունն է: Այդ թվում և` չորրորդ իշխանության: