ԵՐՋԱՆԻԿ ԵՂԻՐ, ՀԱՅՈՒՀԻ


Իմաստուններից մեկն ասել է` «Եթե գիտակցում եք, որ համարյա անհնար է կանանցից գլուխ հանելը, ուրեմն` արդեն սկսել եք հասկանալ նրանց»: Առեղծվածային ու համարյա անընկալելի լինելով` կանայք միևնույն ժամանակ պարզ են. նրանց պետք է ընդամենը գնահատել, սիրել ու փայփայել: Անկախ` թե ինչն են համարում երջանկության գրավականը, բոլոր կանայք ձգտում են երջանիկ լինել... Եվ պարտադիր է` երջանիկ լինեն հենց թեկուզ նրա համար, որ անձամբ իրենք երջանկություն սփռող և երջանկության աղբյուր են... 1. Ո՞րն է կանացի երջանկության գրավականը: 2. Ուժեղ լինելը գուցե ինչ-որ տեղ խանգարո՞ւմ է կնոջը: 3. Լինելով բազմազբաղ կին` հաջողվո՞ւմ է ընտանիքին բավարար ժամանակ հատկացնել. 4. Ի՞նչ կոչ կանեիք տղամարդկանց : Այս հարցերի պատասխանել են ՀՀ խորհրդարանի պատգամավորուհիներ Ռուզան ԱՌԱՔԵԼՅԱՆԸ (ՀՅԴ) և Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆԸ (ԲՀԿ) 1. - Շատ պարզ է. գնահատված և հարգված լինելն է, որովհետև կարող են քեզ սիրել, երկրպագել, բայց երբ կողքիդ տղամարդը, ընտանիքդ, երեխաներդ, հարազատներդ չեն գնահատում քո կատարած աշխատանքը, մի տեսակ թերի է դառնում երջանկության լիակատար զգացումը: Իմ կարծիքով` մարդը երջանիկ է այն ժամանակ, երբ հոգու, խղճի հետ խաղաղ է ապրում: Ես միշտ դեմ եմ եղել այն կարծրատիպային կարծիքին, թե քաղաքականությամբ միշտ զբաղվում են անձնական կյանքում անհաջողակ կանայք: Դա ուղղակի անհեթեթություն է` սովետական ժամանակներից մնացած ինչ-որ թերի դիտարկում կամ ընկալում. չի´ կարող անձնական կյանքում խնդիր ունեցող կինը լիարժեք ընդգրկվել աշխատանքային գործունեության մեջ: Բոլոր կանայք, ովքեր հաջողության են հասել` քաղաքականության մեջ կամ այլ բնագավառում, միանշանակ երջանիկ են նաև ընտանիքներում. Դա աքսիոմ է, որն իմ գնահատմամբ քննարկման ենթակա չէ: 2. - Սովորաբար տղամարդիկ շատ ավելի ըմբռնումով մոտենում և գնահատում են ուժեղ կանանց, քան հենց իրենք` կանայք: Հայաստանում ընտրողների հիսուներկու տոկոսը կանայք են, և բոլոր սոցհարցումների համաձայն` հարցին, թե կուզենայի՞ք ունենալ կին նախագահ, կին վարչապետ, նրանք պատասխանել են` ոչ, տղամարդիկ` այո: Կնոջ ուժեղ լինելը բացարձակապես կին-տղամարդ հարաբերություններում չի խանգարում. խանգարում է միայն կին-կին հարաբերություններում: 3. - Եթե շատ անկեղծ` այնպես չէ, որ իմ ցանկացածի չափ ժամանակ կարողանում եմ ընտանիքիս հատկացնել: Իսկապես ժամանակս չի հերիքում, սակայն շնորհակալ եմ հարազատներիս, ծնողներիս, որ ըմբռնումով, սիրով օգնում են ինձ` ինչ-որ տեղ «չկատարել» այն, ինչը պետք է անեմ: Սակայն ասեմ, որ տեսակով տնակյաց եմ. տանել չեմ կարողանում աղմկոտ-միջավայրեր և նման ժամանցներ: Բացառությամբ կուսակցական հավաքների` ամեն օր ժամը 6-7-ից հետո իմ հարկի տակ եմ: Աշխատում եմ հոգնությունս թոթոփել նաև գրքեր կարդալով: 4. - Տղամարդ հավաքական կերպարին կոչ կանեի գնահատել կին հավաքական կերպարին, որովհետև հայ կինը (ես շատ եմ լինում արտերկրում և տարբեր հոգեկերտվածքի կանանց ծանոթ եմ) աշխարհի ամենախելացի, ամենաինտելեկտուալ և գեղեցիկ կանանցից է: Իսկ գնահատված լինելու համար հարկ է, որ նախ հենց կինը գնահատի իրեն: 1. - Այդպիսի բանաձև չկա միանշանակ: Իմ կարծիքով` ցանկացած կին ամբողջ կյանքում պայքարում է երջանկության համար: Երբեմն լինում են պահեր, երբ թվում է` երջանիկ ես, բայց հետո զգում ես, որ այն քո սպասածը չէր և միշտ փնտրում ու փնտրում ես: Իսկ դա շատ լավ է. նշանակում է` երջանկության մասին կնոջ պատկերացումն անընդհատ զարգացման մեջ է, քանզի, երբ թվում է` արդեն հասել ես դրան, բայց շուտով դա չի բավարարում, ու նորից ձգտում ես ավելիին` մեծ երջանկության: Սա դրական դինամիկա է. կարծում եմ` ամեն նորմալ կնոջ համար, ով մտածել, վերլուծել գիտի, երջանկությունը չի կանգնում մի կետում, այլ շարունակական է, շարժման մեջ է և` զարգացող: Ինձ համար անշուշտ ևս եղել են պահեր, որ մտածել եմ` երջանիկ եմ, սակայն առ ժամանակ հետո նորից փնտրել եմ երջանկություն: Բայց և այնպես, իմ ամենամեծ երջանկությունը աղջկաս գոյությունն է: 2. - Ոչ: Այդ մտայնությանը ես միշտ դեմ եմ եղել. կնոջ ուժեղ լինելն առողջ հոգեբանության և բարձր ինտելեկտի վկայություն է: Հենց ուժեղ կանայք են ավելի կանացի: Մեզանում շփոթ կա. մտածում են` եթե կամային կին է, անհատականություն է, ուրեմն` կորցրել է կանացիությունը: Իսկ ես մտածում եմ ճիշտ հակառակը` նուրբ, քնքուշ կինը կարող է ուժեղ լինել, որովհետև ունի կանացիություն, որը նրան ավելի ինքնավստահ և ուժեղ է դարձնում: Կանացի ուժ է, երբ չես վախենում մենակությունից, դժվարութ յուններից և ամենակարևորը` դրանք հաղթահարում ես բարոյականությանը հավատարիմ մնալով: 3. - Ժամանակս փորձում եմ հնարավորինս ճիշտ բաշխել: Եթե կենցաղային ինչ-որ խնդիրների կարգավորում էլ ձգձգվում է` չեմ հասցնում, դրանից ողբերգություն չեմ ապրում: Սակայն ասեմ, որ միշտ ժամանակ գտնում եմ` աղջկաս դաստիարակությամբ զբաղվելու համար, որովհետև կյանքում եթե երբևէ խնդիրներ եմ ունեցել, ապա միայն անդաստիարակ մարդկանց հետ են եղել: Միակ իմ ձգտումը, ճիգն այն է, որ աղջիկս դաստիարակված մարդ լինի և հասարակության մեջ իր հետ առնչվողներն ուղղակի չխորշեն: 4. - Կուզենայի, որ ամեն մարդ` լինի կին, թե` տղամարդ, դիմացինին հարգելով ապրի, նրա մեջ դրական մի բան փնտրելով ապրի և ոչ` թերությունից կառչելով, մարդուն նվաստացնելով:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ