Գիտելիքահենք տնտեսությունը երազանքներով չի´ ստեղծվում


ՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ վճարովի համակարգով սովորող պետական բուհերի 1-ին կուրսերի 600 գերազանցիկ ուսանողների Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կրթաթոշակներ հատկացնելու արարողությանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, թե Նախագահի հանձնարարականով Կառավարությունն այդ նպատակի համար հատկացրել է 60 միլիոն դրամ. - Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ գիտելիքին նվիրված մարդիկ կառավարեն երկիրն ու ղեկավարեն բարեփոխումները,- ասաց նա,- լինեն այն իդեալը, որին կձգտենք ու նոր սերունդը կդաստիարակենք հենց այդ արժեքների հիման վրա: Մինչդեռ «դաստիարակելու» բան առանձնապես չկա: Հազարամյակներ շարունակ մեր ժողովրդին հատուկ է եղել սերը ուսման, գիտելիքի նկատմամբ` սերնդեսերունդ փոխանցվելով: Ցավոք, դա գնալով մարող իներցիա է դառնում: Քանզի գիտելիքն այսօր Հայաստանում…պահանջա˜րկ չունի: Մինչև չպարզենք, թե ինչպե՞ս հասանք այս օրին` ո´չ Վարչապետի երազած «գիտելիքահենք» (ասել է` մրցունակ) տնտեսությունը կունենանք, ո´չ ուսումնատենչ երիտասարդություն, ոչ էլ կաճեցնենք վաղվա ղեկավարների այն հերթափոխը, որը պիտի բարեփոխումներ իրականացնի` մեր պետական, տնտեսական ու հասարակական կյանքը նոր ժամանակների մարտահրավերի մակարդակին բարձրացնելով: Համազգային չարիքի վերածվող այս աղետն սկսվեց մեր նոր պետականության կառուցման առաջին իսկ օրերից: ՀՀՇ-ական «թավշյա հեղափոխության» շնորհիվ պետական ու հասարակական կյանքի մակերևույթ բարձրացան այնպիսի մարդիկ, ովքեր, համաշխարհային պատմությանը հայտնի բոլոր նախորդ հեղափոխությունների տխուր օրինակով, փրփրաերախ հարձակվեցին… հայ մտավորականության ականավոր դեմքերի վրա: Անկարող եմ մոռանալ, թե ինչպես դեղնակտուց մի ոչնչություն պետական պաշտոնաթերթում համարձակվել էր լեզվագարություններ թույլ տալ նույնիսկ մեր համազգային մեծության` բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հասցեին: Որովհետև մեծ բանաստեղծուհին, իրեն հատուկ խիզախությամբ, ձաղկում ու նշավակում էր իրենք իրենց «ազգընտիր» հռչակած նոր ղեկավարների մոլոր ու խոտոր քայլերը: Բոլոր ժամանակներում մտավորականությունը եղել է «ժամիշխանների» ոխերիմ թշնամին: Ուստի ոմանք ձգտել են նախ և առաջ չեզոքացնել ինքնուրույն դատելու ընդունակ, հասարակության մեջ կշիռ ու հեղինակություն, զանգվածներին իրենց ետևից տանելու ունակություն ունեցող մարդկանց: Անցյալներում այդպիսիներին ուղղակի ոչնչացնում էին, նոր ժամանակներում` վարկաբեկում: Որպեսզի ժողովրդին որքան հնարավոր է` շուտ իջեցնեն ամբոխային մակարդակի: Որովհետև ամբոխին կառավարելը հեշտ է: Մարդկանց նախիր են դարձնում և քշում` ուր ուզում են: Դրա համար մեծ խելք պետք չէ. լկտիություն է պետք, ամբարտավանություն, բարոյազրկություն… Ունե՞ս այդպիսի արգահատելի որակներ` ինչքան ուզում ես և ինչքան կարող ես` կողոպտիր բազմաթիվ սերունդների արյուն-քրտինքով ստեղծված ազգային հարստությունները, ինչը և, ավա˜ղ, տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ… Հայաստանի ներկա Հանրապետության առաջին սերնդի մեծահարուստների բացարձակ մեծամասնությունն իր նախասկզբնական կապիտալին տեր դարձավ հենց այդ կարգի քրեական ճանապարհով: Խիղճ, բարոյականություն, ինտելեկտ ունեցող ո՞ր իսկական մտավորականը, ո՞ր ազնիվ գործիչը կարող էր այդպիսի արգահատելի ճանապարհ ընտրել: Ուստի հասարակական գիտակցության մեջ աստիճանաբար սկսեց արմատավորվել այն մտայնությունը, թե ինտելեկտը խանգարի˜չ հանգամանք է նյութապես բարեկեցիկ ապրելու համար: Իսկ առանց կրթության` բարձր ինտելեկտ համարյա չի լինում: Ահա այն առաջին պատճառը, որն աճող սերնդի աչքում զորեղ հարված հասցրեց բարձրագույն կրթությանը. ըչ թե դիպլոմ ձեռք գցելու, գիտելիքի ծարավին: Երկրորդ հարվածը հասավ այն ժամանակ, երբ երիտասարդները համոզվեցին, որ պետական կառավարման գրեթե բոլոր հատվածներում դիրք ու պաշտոն ստանալը ամենևին կամ գրեթե ամենևին կապ չունի գիտելիքի, գործը հասկանալու, պարտականությունները բարեխիղճ կատարելու և նման «երկրորդական» բաների հետ: «Վերևներում» ազդեցիկ հովանավոր ունե՞ս` արագորեն առաջ կգնաս պետական կառավարման հիերարխիկ սանդուղքի երկար աստիճաններով: Չունե՞ս` լավագույն դեպքում կմնաս մանր աստիճանավոր: Գործը դո´ւ կանես, իսկ պատիվն ու պաշտոնի բարձրացման բերկրանքը կվայելի քեզնից տասնապատիկ-հարյուրապատիկ անարժան պաշտոնակի´ցդ: Ոչնչով ավելի լավը չէ մասնավոր հատվածը: Այստեղ էլ կադրերի աշխատանքային առաջխաղացումը, աշխատավարձի չափը, կոլեկտիվում նրանց դիրքն ու հեղինակությունը պայմանավորված են մեծ մասամբ գործատուի հետ ամենաբազմազան, նույնիսկ… ինտիմ կապերով: Գործատուն անձնական վստահություն ունի՞ վարձու աշխատողի նկատմամբ, վերջինս վայելու՞մ Է նրա հովանավորչությունը, թե՞ ոչ. գլխավորը դա´ է աշխատողի կամ մասնագետի համար, ոչ թե նրա որակավորման աստիճանը: Մեր մասնավոր գործատուների նոր խավը դեռ չի հասկանում, որ հենց իր համար ավելի շահավետ կլինի, եթե իրեն պատկանող բիզնեսի ստորաբաժանում ները ղեկավարեն ունակ, գործից հասկացող մարդիկ, ոչ թե անձամբ իր հարազատները կամ ծանոթ-բարեկամները: Վերջապես, պետության, տնտեսության, հասարակության կենսագործունեության գրեթե բոլոր օղակներում առկա աներևակայելի բյուրկրատիզմը պարզապես սպանում է ամեն մի նախաձեռնություն ու խանդավառություն: Մինչև մեզանում մի տաղանդավոր գաղափար ճանապարհ է հարթում իր համար` տարիներ են անցնում, մարդը հիասթափվում է, սկսում է արտերկրներում իր գաղափարները կյանքի կոչելու, մասնագիտական կարիերա անելու ուղիներ որոնել: Մինչև հիմա հատկապես գիտական մտավորականության շատ ներկայացուցիչների արտագաղթի պատճառներից մեկը հենց այդ բյուրոկրատիզմը հաղթահարելու անհնարինությունն է եղել: Երիտասարդությունը տեսնում է այս տխուր վիճակը, գիտակցում է, որ Հայաստանից դուրս ինքը, որպես մասնագետ, շատ ավելի պահանջված, ստանալիք վարձատրությունն էլ շատ և շատ ավելի մեծ կլինի, քան հայրենի պետության մեջ: Մանավանդ, այժմ համացանցի միջոցով ամենևին դժվար չէ աշխատանք որոնել նաև դրսում: Եվ որովհետև աճող սերնդի մեջ արտերկրներում աշխատանք գտնելու համարձակությունը ավելի շատ հատուկ է երիտասարդ տղամարդկանց, քան կանանց, այդ պատճառով էլ արտագնա աշխատանքի մեկնողների մեջ պատանիներն ավելի շատ են, քան աղջիկները: Այդ երևույթն էլ իր հերթին առաջացնում է ժողովրդագրական ճգնաժամ: Վերարտադրողական տարիքի հասած երիտասարդ կին ու աղջիկների մի զգալի հատված կա, որն ուղղակի չի´ կարող ընտանիք կազմել: Որովհետև հակառակ սեռի համապատասխան ազատ թեկնածուների սուր պակաս է զգացվում: Ինչ-որ տեղ կարդացել եմ, թե այժմ Հայաստանում ամուսնության պատրաստ յուրաքանչյուր 6-7 աղջկա ընդամենը 1 փեսացու է հասնում: Ամուսնանալու, ընտանիք կազմելու, երեխա ծնելու հեռանկարից` փեսացուների պակասի պատճառով, զրկված այդ աղջիկների մի զգալի հատվածն էլ ստիպված շարունակում է ուսումը, մտածում է ասպիրանտուրա ընդունվելու, դիսերտացիա պաշտպանելու մասին: Ահա, թե ինչու մեր բուհերում սովորող գերազանցիկների մեջ աղջիկներն են մեծ թիվ կազմում, ինչից այդքա˜ն զարմանում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Զարմանալ պետք չէ´, հետևություններ անել ու գործե´լ է պետք: Գիտելիքահենք տնտեսությունը երազանքներով ու բարի ցանկություններով չի´ ստեղծվում…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ