ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈ´ՒՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵ


Որքան էլ ձմեռը համառի, այնուամենայնիվ գարունն արդեն վստահաբար անցնում է իր տիրապետությանը` հատկապես երկրի արևելյան ու հարավային շրջաններում հաստատելով իր ներկայությունը: Տավուշի ու Սյունիքի մարզերում արդեն սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները, իսկ Լոռու մարզի մի շարք գյուղերում գերիշխողը կանաչն է. որոշ տեղերում նկատելի են աշնանացանի կանաչ ծիլերը: Գարնան հետ հայ գյուղացու հոգսերի ու մտահոգությունների կծիկներն են քանդվում, տագնապներն են չոքում նրա շեմին: Հողագործի տառապանքը մե˜ծ փորձ ունի: Արդեն քանի տարի` ձեռնոցների նման փոփոխվող գյուղնախարարները խոստանում են շրջադարձեր գյուղատնտեսության մեջ, բանկային կապիտալի ազատ ներդրում, նոր տիպի վարկեր և պետական աջակցություն: Սակայն տարիների հետ խոստումները հնանում են, մաշվում, մոռացվում, իսկ գյուղացին մնում է իր հոգսերի հետ` կորցնելով հավատն ու վստահությունը: 2010 թվականին գյուղատնտեսության մեջ գրանցված 16 տոկոս անկումը վարչապետը հիմնավորեց բնակլիմայական պայմաններով, մինչդեռ մասնագետները պնդում են, որ միայն 6 տոկոսն է պայմանավորված եղել կլիմայական պայմաններով: 10 տոկոսը հետևանք է որակյալ սերմացուի բացակայության, ոռոգման գների թանկացման, համապատասխան բուժանյութերի ձեռքբերման հետ կապված դժվարությունների, կուլտիվացիայի և այլ ագրո միջոցառումների անհասանելիության: Մոտավոր հաշվարկներով, գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար գյուղացուն անհրաժեշտ է 180 հազար դրամ: Այդ գումարը ձեռք բերելու համար գյուղացիները դիմում են բանկերին, որոնք էլ տարեցտարի բարձրացնում են տոկոսադրույքները` ռիսկային համարելով գյուղացիական վարկերի տրամադրումը: Գյուղնախարարությունը մի քանի տարի շարունակ հողվորներին խոստանում է ապահովել բարձրորակ սերմացուով, անգամ` անհատույց, սակայն մինչև օրս խոստումներն իրականություն չեն դարձել` սպանելով վստահությունը ոչ միայն այս կառույցի հանդեպ: Դեռ անցած տարի նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը խոստանում էր ԱԺ գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարությունյան Խաչիկի հետ լուծել մի շարք հարցեր, նպաստել վարկերի տրամադրմանը, հատկացնել սերմացու: Սակայն ամեն ինչ վերջացավ նրանով, որ նախարարի գիտությամբ ավելի քան 400 միլիոն դրամ փոշիացվեց` անհասկանալի խորհրդատվական գործունեության համար: Հետո նախարարը հեռացավ իր պաշտոնից` վերջին պահին հափշտակելով նախարարությանը նվեր տրված հեռուստացույցը: ԱԺ հանձնաժողովի նախագահն էլ, հազարավոր մղոններ հեռու լինելով գյուղատնտեսությունից, բավարարվեց դեկլարատիվ հայտարարություններով` հավանաբար կարծելով, թե պոպուլիզմով կարելի է վարունգ ու լոլիկ աճեցնել, հացահատիկ ստանալ… Նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանն էլ ոնց որ թե միայն աղոթքներով է որոշել բերրիացնել հողն ու ապահովել բարձր բերք: Աստծուն չապավինելով, ինչ խոսք, ոչնչի չենք հասնի: Դրվատելի է և գյուղին ու գյուղատնտեսությանն աջակցելու` հայ եկեղեցու մտահոգությունը: Սակայն մի՞թե գյուղացին այդպես էլ չի տեսնելու պետական աջակցությունն ու հովանավորությունը: Իսկ աջակցություն ասելով` գյուղացին առաջին հերթին հասկանում է անտոկոս վարկերի տրամադրում, երաշխիքային գյուղատնտեսության սկզբունքների ներդրում, բարձրորակ սերմացուի հատկացում: Սրանք այն պայմաններն են, որոնք շատ վաղուց զարգացած երկրներում ապահովում են գյուղատնտեսության համաչափ գործունեությունը, լուծում պարենային բարդ խնդիրներ: Իսկ մեզանում գյուղացին արդեն համոզված է, որ նորից մենակ է մնալու հողի և իր հոգսերի հետ: Սխալվո՞ւմ է նա: Ապացուցե´ք…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ