Սերնդեսերունդ փոխանցվող վրձնով


Թիֆլիսահայ նկարչական դպրոցում գեղագիտական մտածողության ինքնատիպությամբ, ներկապնակի արտահայտչականությամբ առանձնակի տեղ են գրավում Բաժբեուկ-Մելիքյաննե րը` հայրը և երկու դուստրերը: Ստեղծագործական որոնումների վերընթաց ոլորաններում ձեռք բերած անզուգական վարպետությամբ և թեմատիկ հետաքրքրությունների բազմազանությամբ անգերազանցելի է նկարչական ընտանիքի պարագլուխը` Ալեքսանդրը, ով մասնագիտական առաջին հմտությունները յուրացրել է Ե. Թադևոսյանի և Օ. Շմեռլինգի մոտ, կատարելագործել Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: Վաղ շրջանի սահմանափակ, մուգ գույների կոլորիտը աստիճանաբար պայծառացել է վարդագույնի, բաց կանաչավունի, դեղինի ու վառ կարմիրի գերիշխանությամբ: Նկարչի երփնագիրը հագենում է կենսալից նյութականությամբ («Ճոճ», «Աճպարարուհին», «Քրդական պար»…), բնորդի հուզաշխարհի խորաթափանց կերպավորմամբ («Ինքնադիմանկար», «Երկնագույն զգեստով Վալյան», «Լավինիա», «Փերիդե»…), ֆիգուրատիվ կոմպոզիցիոն ուրույն լուծումներով («Տանիքի վրա», «Զանգեզուր», «Մերկը և երկու ֆիգուր»…): Մ. Թոիձեի գեղարվեստական ստուդիայում, ապա Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայում նկարիչների մի քանի սերունդ աճեցրած, Վրաստանի վաստակավոր նկարչի պատվավոր կոչմանն արժանացած վարպետը, բնական է, պիտի ծնողական հատուկ հոգատարությամբ զարգացներ բնատուր շնորհով օժտված իր զավակների նկարչական ձիրքը: Նախ, ավագինը` Լավինիայինը, ով Մոսկվայի Սուրիկովի անվան Գեղարվեստի ինստիտուտն ավարտելուց հետո հաջողությամբ առաջ է տանում անհատական գործունեությունը սեփական ձեռագրի հստակեցման ճանապարհով: Հասունության հայտ էին ներկայացնում նրա լավագույն աշխատանքները` «Քանդակագործ Շախովսկոյը», «Հորս դիմանկարը», «Երեխաները», «Ինքնադիմանկար Ս. Ժիլինսկայայի հետ» և այլն: Չի ուշանում գնահատականը` Հայաստանի վաստակավոր նկարչուհու կոչումը: Եվ ընտանեկան նկարչական ավանդույթները շարունակելու ունակություններ ի հայտ բերած, իրենից 17 տարով փոքր քրոջը` Զուլեյկային, հորից ավելի գուցե հենց նա է գործնականում ուղղորդել` ճշգրտելով անդրանիկ վեհերոտ վրձնահարվածները իր գիտելիքների հիմնավոր պաշարով ու տարիների փորձառությամբ: Ավարտելով Յա. Նիկոլաձեի անվան ուսումնարանը և որպես ազատ ունկնդիր հաճախելով Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիա` Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը, այդուհանդերձ, նկարչական մկրտությունը ստանում է հոր և ավագ քրոջ արվեստանոցներում: Օրերս Հայաստանի Ազգային պատկերասրահում բացված նրա անհատական շուրջ հիսուն աշխատանքների ցուցահանդեսը` հորինվածքներ, նատյուրմորտներ, բնանկարներ - ստեղծված 1976-2006 թվականներին, յուրովի անդրադարձնում են հոր և ավագ քրոջ սերմանած գեղարվեստական ճաշակն ու աշխարհընկալումը: Նաև հավաստում, որ Թբիլիսիում ցայսօր բեղուն ստեղծագործական կյանքով ապրող նկարչուհին, հավատարիմ ընտանեկան ժառանգությանը, պահպանում և զարգացնում է թիֆլիսահայ նկարչական դպրոցի յուրօրինակ դիմագիծը: Նրա անունը տարածվել է Թբիլիսիի, Մոսկվայի, Երևանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Իտալիայի և Ֆրանսիայի արվեստասեր հասարակության շրջանում խմբակային ցուցահանդեսներում ներկայացրած կտավներով: Ամբողջական պատկերացում է տվել Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյան արվեստագետի մասին 2001-ին Թբիլիսիի «Սոլոլակի» պատկերասրահում կազմակերպված անհատական ցուցահանդեսը: Պիրադովի անձնական հավաքուծից ծանոթ «Բաղնիք» (1998), «Սուրբ Գևորգ» (1995) և «Պարեր» (2002) աշխատանքների տպավորությամբ` նկարչուհու ասելիքի հիմնական արտահայտչամիջոցներից է իրականության հեքիաթային շղարշումը: Մի շարք մասնավոր հավաքածուներից զատ, նրա նկարները գտնվում են Մոսկվայի Ժամանակակից արվեստի թանգարանում և Տրետյակովյան հանրահայտ պատկերասրահում, ինչպես նաև Գերմանիայի և Բուլղարիայի թանգարաններում: Եվ շարունակում է հարստանալ Բաժբեուկ-Մելիքյանների նկարչական ընտանիքի պատկերսարահը սերնդեսերունդ փոխանցվող վրձնով, Զուլեյկայի կենդանի արարումով: Անցյալ դարի 20-ականներից ցայսօր:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ