Չինական բրոնզի չխամրող փայլը


Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում ներկայացված դեկորատիվ կիրառական նշանակության տարբեր տիպի առարկաները` սպասքն ու երաժշտական գործիքները, մատուցարաններն ու պատվանդանները, զարդատուփերն ու լուսամփոփները, արձանիկներն ու սափորները անբացատրելի խորհրդավոր տրամադրություն են արթնացնում իրենցով հրապուրված այցելուների մոտ: Բրոնզեփա՞յլն է պատճառը, թե՞ մեր թվարկությունից առաջ XXI-XVI դարերում ստեղծված ու մինչև մեր օրերը իրենց կենդանի ներգործությունը պահպանած սովորական թվացող իրերի կախարդիչ հմայքը: Ավելի ստույգ` հնագույն չինացի վարպետների անգերազանցելի մնացած արվեստի առեղծվածային շողարձակումը: Պատահական չէ, որ Չինաստանի 5000-ամյա քաղաքակրթության կարևորագույն բաղկացուցիչներից է վաղ ստրկատիրական հասարակարգում սկբզնավորված և մինչև ավատատիրության հաստատումը բուռն ծաղկում ապրած բրոնզի արվեստը: Այդ ժամանակահատվածում ստեղծվել են ավելի քան տասը հազար գլուխգործոցներ, որոնք անկրկնելի են ձևերի բազմազանությամբ, ոճերի ու հարդարանքի գրավչութ յամբ և, անշուշտ, կատարման անմրցելի հմտությամբ: Դրանց մնայուն արժեքը դյուրությամբ հավաստում են «Չինական բրոնզ» ցուցահանդեսի 46 եզակի նմուշների կրկնատիպերն անգամ: Հարթ, փայլեցված մակերեսով դրվագազարդ սպասքը, կենդանակերպ կամ նրբաֆիգուր լապտերները, մարտակառքերին լծված վարգող ձիերի արձանիկները, բնության երևույթները խորհրդանշող մանրաքանդակներ հիշեցնող դրվագումներով զարդարուն սափորներն ու սկահակները… Ասես միմյանցից ինքնաբուխ ծնվող նախշազարդերով` այդ մունջ առարկաները կենդանաց նում են իրարահաջորդ դարաշրջանները` ինքնահատուկ կենցաղով, հետաքրքրություններով, կրոնական հավատալիքներով, ծեսերով: Կենցաղային կիրառության առարկաների մեծամասնութ յանը ակնհայտորեն մոգական նշանակություն է տրված նրանց վրա դաջված պաճուճագեղ պատկերներով, տեսարաններով: Հաճախ դրվագված ֆիգուրները ներառում են իրենցում հիմնական պահապան ուժերի, ասենք` կենդանիների (գազանների ու թռչունների) կարևորագույն հատկանիշները և միասնաբար կազմում հավաքական կերպարը կոնկրետ պաշտամունքի: Առաջին հայացքից պարզ ու սովորական թվացող կենցաղային իրերը անձեռակերտ արարչագործության արժեք են ստանում, երբ մտովի մանրազնին փոխկապակցում ես դրանք ավարտուն ամբողջացնող առանձին տարրերը` ուռուցիկ կամ հարթ կոմպոզիցիաները, զսպանակների անսովոր շարքի փոխարկվող զարդանախշերի թեք կամ ուղղանկյուն բեկված գծերը, եղջյուրների սուր ճյուղավորումները, ռելիեֆային բազմաստիճան նախշաշղթաները… Իրենց արհեստի տեխնիկական նրբություններին տիրապետող վարպետաց վարպետները, փաստորեն, բյուրավոր սերունդներին ավանդել են հասուն գեղարվեստականությամբ աչքի ընկնող, ժամանակների փորձություններին դիմագրավելու ունակ հարուստ մի գանձարան, որը ոչ միայն նյութական, այլև հոգևոր-մշակութային պատմական արժեք ունի:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ