«Բուհերը խփում են դպրոցների գործին»


Այսօր երիտասարդությունը վարակված է դարի հիվանդությամբ` բուհամոլությամբ: Երիտասարդներ, ովքեր դպրոցն ավարտելուց հետո չգիտեն, թե ինչ պահանջներ կամ ակնկալիքներ ունեն կյանքից, և առջևում իրենց ինչ է սպասվելու: Եվ իրենց ծնողների ցանկությամբ ընդունվում են բուհեր` մյուսներից հետ չմնալու համար: Արդյունքում բուհ ընդունվածների մի մասը ավարտելուց հետո համալրում է գործազուրկների կամ վաճառողների, մատուցողների շարքերը: Դժվար չէ պատկերացնել ծնողների հոգեվիճակը. բուհ ընդունվելու համար մասնավոր պարապմունքի են տվել իրենց երեխաներին, և այդ պարապմունքների դիմաց կրկնուսույցներին վճարելու համար զրկել են իրենց գրեթե ամեն ինչից, էլ չհաշված, թե դպրոցում ինչքան նախատինք են կրել` իրենց պարապող երեխաների անթիվ բացակայությունների պատճառով: Վերջին տարիներին տարածված երևույթ է, որ ավարտական դասարանների աշակերտները բուհ ընդունվելու համար պարապում են կրկնուսույցների մոտ և այն էլ` դասերի հաշվին: Այս երևույթն առավելագույնս դրսևորվում է մայրաքաղաքում, բայց սրանից զերծ չեն նաև մարզերի դպրոցները: Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի վեց միջնակարգ դպրոցներից չորսում փորձեցինք մանրամասներ ճշտել այս առնչությամբ: Թիվ 3 միջնակարգն ունի երկու ավարտական դասարան` հայկական և ռուսական` համապատասխանաբար աշակերտների 16 և 14 թվաքանակով: Տնօրեն Լուսինե Կարապետյանի խոսքերով` նախորդ տարիների համեմատ այս տարի դպրոցում դիմորդների թիվը այդքան էլ մեծ չէ: - Դպրոցում դիմորդները քիչ թիվ են կազմում, և բնական է, որ 2-3 առարկա պարապող աշակերտը չի կարող դասերից չբացակայել, բայց սա այն դեպքերին է վերաբերում, երբ աշակերտն ընդհանրապես այդ օրը դասի չի գալիս: Տիկին Կարապետյանի հավաստմամբ` դասի եկած աշակերտը պարզապես չի կարող վերջին ժամերից փախչել: - Դպրոցում հսկողությունը մեծ է: Մինչև դասերի ավարտը դպրոցի մուտքի դուռը փակ է, և աշակերտները դպրոցից դուրս գալու ոչ մի հնարավորություն չունեն: Սրանում մենք ինքներս համոզվեցինք, քանի որ մեծ դժվարությամբ մտանք դպրոց: Բայց տնօրենը հրաժարվեց ներկայացնել 11-րդցիների այդ օրվա (դպրոց էինք գնացել շաբաթ օրը) բացակայությունների թիվը: Ըստ թիվ 5 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Լարիսա Լուլուկյանի` դպրոցում շատ են բուհ ընդունվել ցանկացողները, ովքեր անհատական պարապում են, բայց նրանց բացակայութ յունների թիվը դպրոցում փորձում են հասցնել նվազագույնի: - Մենք հասկանում ենք, որ դժվար է միաժամանակ երեք առարկա պարապել: Այդ պատճառով էլ, երբ երեխան խնդրում է վերջին ժամերից ազատել, քանի որ չի հասցրել պարապմունքը վերջացնել, մենք ընդառաջում ենք նրան: Դպրոցում կան երեք ավարտական դասարաններ` 20-24 աշակերտների թվաքանակով: Երբ դասամատյանից փորձում էինք հանել օրվա բացակայությունների թիվը, տիկին Լուլուկյանը մեզ ասաց, որ «չի ուզում» այդ օրվա բացակայությունները նայենք, քանի որ սովորաբար այս օրերին դրանց թիվը լինում է մեծ: Բայց մյուս օրերի բացակայությունների հետ մենք տեսանք նաև շաբաթ օրվա բացակայությունների թիվը: 11 «գ» դասարանում 20 աշակերտից ներկա էին 12-ը, իսկ մյուս օրերին բացակաների թիվը կազմում էր մոտ 4 հոգի: Գրեթե նույն վիճակն էր նաև մեր այցելած մյուս դպրոցներում: Կրթության և գիտության նախարարության հաստատած կարգի համաձայն` հանրակրթական ուսումնական հաստատություններում 240 ժամից ավելի անհարգելի բացակայողները դպրոցից պետք է հեռացվեն: Նշենք, որ 240 դասաժամը հավասար է 40 օրվա բացակայության: Բայց մեր դիմորդները պարապում են ոչ թե մի քանի ամիս, այլ ամբողջ տարի: