Ուկրաինան կկորցնի Ղրիմը


Եվ` ոչ միայն: Ռուսաստանի հետ պատերազմելու դեպքում Ուկրաինայի հարևանները կարող են նրա արևմտյան շրջաններից տարածքային պահանջներ ներկայացնել, ինչպես նաև Բեսարաբիան անջատել դրա ներկայիս տիրոջից: Ինչպես ուկրաինական «Ֆոկուս» ամսագիրն է գրել «Ինչ է կարող մեր բանակը» հոդվածում` եթե վերջին երկու դեպքերում Ուկրաինան կկարողանա խափանիչ հակահարվածով պահպանել իր տարածքային ամբողջականությունը, ապա Ղրիմի համար պայքարում հաջողության որևէ շանս նա չունի: Իրենց վերլուծությունը լրագրողներն հիմնավորում են երկու երկրների միջև հնարավոր ռազմական բախման սեփական մոդելավորմամբ, որը կազմվել է երկրի Պաշտպանության նախարարության մշակած տեսական ծրագրերից ելնելով: Ըստ «Ֆոկուս»-ի` սպառնալիքներից մեկը Լեհաստանի, Սլովակիայի և Հունգարիայի միաժամանակյա հարձակումն է Անդրկարպատ ների ու Գալիցիայի վրա: Փորձագետները գտնում են, որ այդ դեպքում` «հաշվի առնելով զինված ուժերի քանակական ու որակական հարաբերակցությունը, կտրվի հակահարված, և կվերականգնվի պետության տարածքային ամբողջականությունը»: Ուկրաինան հաղթող դուրս կգա նաև Չեռնովիցկի մարզին, Բեսարաբիային և Զմեինյան կղզուն տիրանալ ձգտող Ռումինիայի հետ զինված ընդհարման պարագայում: Սակայն Ղրիմի համար Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինան հաջողության որևէ հավանականություն չունի: Այս թերակղզու համար հակամարտության դեպքում, վերլուծության հեղինակները ներկայացրել են երկու տարբերակ, որոնցից առաջինն անվանել են «Եղբայրական գերեզման»: - Հասկանալով, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ` անխուսափելի է, Ռուսաստանն այլևս բանակցություններ չի վարի` սևծովյան նավատորմի բազաների վարձակալումը երկարաձգելու ուղղությամբ: Նա կգրավի Սևաստոպոլը և կբռնազավթի Տուզլա կղզին: Այդ կերպ նա ձեռք կբերի Կերչի նեղուցի նավարկուղին վերահսկելու հնարավորություն: Միաժամանակ, Կուբայի ափերի 4 կիլոմետրանոց հատվածում կտեղակայվեն ռուսական բանակի` Չեչնիայի մարտերում կոփված ստորաբաժանումներ: Նովոռոսիյսկից դուրս կգա դեսանտայիններով «բեռնված» ռուսական նավատորմիղը, իսկ Սևաստոպոլյան ծովախորշից սևծովյան նավատորմի հիմնական ուժերը կսատարեն յուրայիններին: Ինչպես հրապարակման հեղինակներն են խոստովանում` - Հաշվի առնելով Սևաստոպոլում իշխող տրամադրությունները` հարկ չի լինի քաղաքը մարտերով գրավել: Նվաճողների ծովային հետևակազորի ափհանման համար հարմար վայրերը կշրջափակվեն առափնյա պաշտպանության բրիգադի կողմից: Մարտի մեջ կմտնեն Կերչի և Սիմֆերոպոլի հրետանավորները: Դնեպրոպետրովսկից ու Նիկոլաևից Ղրիմ կնետվի օդուժը, իսկ Կիրովագրադից ու Օչակովից` ցամաքային և ծովային հատու նշանակության զորքերը: Թերակղզում կսկսվի իսկական ղրիմա-թաթարական դիմադրություն: Ելքը մեր օգտին չի լինի. Ուկրաինան օգնություն կխնդրի միջազգային հանրությունից: Ղրիմի համար պատերազմի երկրորդ սցենարը Ուկրաինայի և Թուրքիայի պայքարն է: - Հիշելով, որ դեռ 3 դար առաջ Ղրիմի խանությունը Օսմանյան կայսրության վասալն էր, Թուրքիան կփորձի` եթե ոչ գրավել, ապա գոնե անկախություն հռչակել թերակղզում: Եվ դեպի Ղրիմ կուղևորվեն արդեն թուրքական ռազմածովային ուժերը…,- կանխատեսում է հրատարակությունը և արձանագրում. - Հաշվի առնելով, որ ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով ուկրաինական բանակը զիջում է թուրքականին, այս հակամարտության ելքը նույնպես մեր օգտին չի լինի: