Նախագահական ողջույն` հանգուցյալին


Վենեսուելայի առաջնորդը սիրում է գիր ու գրականություն, սիրում է գրողներին, բայց ոնց որ թե քիչ է կարդում: Կամ գուցե հիշողությո՞ւնն է դավաճանում…

Ինչևէ: Օրերս Նիկոլաս Մադուրոն իր ներկայությամբ պատվել է մայրաքաղաք Կարակասում կազմակերպված գրքի տոնավաճառը, սակայն անհարմար վիճակի մեջ է հայտնվել: Ինչպես տեղեկացրել է El UniversΖl-ը, նա սիրով խոսք ու զրույցի է բռնվել տարբեր երկրների գրողների հետ: Հետո մոտեցել է արգենտինական գրականության ցուցափեղկին ու ողջունել է իր երկիրը ներկայացնող մարդկանց: Նրանցից մեկի հետ անկաշկանդ խոսքուզրույցի ընթացքում նա հիշել է «Լատինաամերիկյան ազգի պատմություն» գրքի հեղինակ Խորխե Աբելարդո Ռամոսեին և խնդրել է իր ողջույնները հաղորդել նրան:

-Նա վախճանվել է 20 տարի առաջ,- տարակուսել է արգենտինացին` հավանաբար ափսոսալով, որ չի կարող նախագահի հանձնարարությունը կատարել:

-Օհ, Աստվա´ծ իմ,- շփոթահար է եղել Մադուրոն:

Անցած ամռանն էլ նա պատմել էր, որ իր նախորդը` հանգուցյալ Ուգո Չավեսն իրեն հայտնվել է փոքրիկ թռչունի տեսքով:

-Տե´ս, տես` այս թռչնակը ինձ է փնտրում. նա այստե´ղ թռավ: Հետո էլ ասում են, թե ես հորինում եմ. բայց նա թռավ երգելով: Այս թռչնակը երջանիկ է, որ ես աշխատում եմ,- հայտարարել էր նա` Մերիդա նահանգում անցկացվող միջոցառման ժամանակ:

Եվ դա առաջին դեպքը չէր, երբ Մադուրոն Չավեսին համեմատում էր փետրավորների հետ: Նա հավաստիացրել էր, թե անցյալ տարի ապրիլին` նախընտրական արշավի առաջին օրը, Չավեսը փոքրիկ թռչնի տեսքով հայտնվել էր իրեն աղոթքի ժամանակ` օրհնելով իր ընտրապայքարը: