1915-ի Եփրատը` արևմտահայերի հարահոս դիակառք

Հայոց եղեռնապատումը` համաշխարհային կինոէկրանին

Ընդգրկված չլինելով «Այլևս... երբեք» խորագրով 20 կարճամետրաժների արտերկրյա ցուցադրությունների պետական ծրագրում` լրագրող, պրոդյուսեր Ռուբեն Փաշինյանի խաղարկային առաջնեկը` «Տղաս, ու՞ր է Եփրատը» ինքն է հարթում տարվա խորհրդով որդեգրած առաքելության իրականացման հանգրվանները` Սարատով, Մոսկվա, Տորոնտո, Լոս Անջելես... Պատահական չէր, որ Երևանի Մոսկվայի տանը կազմակերպված պրեմիերային մասնակցելու և արտերկրում ցուցադրելու ժամկետները ճշտելու համար Սոչիից հատուկ ժամանել էր Տատյանա Լուկաշևան, ով բացառիկ ֆինանսական աջակիցներից է Փաշինյանի հեղինակային կինոնախագծի իրականացման և հանրաճանաչման:

Երկխոսությունների նախապատվելի հնարքով Փաշինյանի գրած մանրապատումներին քաջատեղյակ գործընկերներս մտապահել էինք իրական միջադեպի հենքով մամուլում տպագրած համանուն պատմվածքը: 1915-ի հայկական զանգվածային սպանդից հրաշքով փրկված ու Միացյալ Նահանգներում ապաստան գտած որբացած մի հայ մանչուկ տասնյակ տարիներ տոչորվում է արհավիրքի մղձավանջային մտապատկերներից: 90-ամյա տարիքում համարձակվում է որպես զբոսաշրջիկ ոտք դնել ներկայիս Հայաստանի հողի վրա և շրջագայելիս շարունակ հարցնում է էքսկուրսավարին. «Տղաս, ասիկա Եփրա՞տն է»: Մինչև Նորավանք այնքան է հոգնեցնում նույն հարցով, որ վարորդն, ի վերջո, դրական պատասխան է տալիս: Ուխտագնացի երկյուղածությամբ այս տարօրինակ ծերունին իջնում է գետափ, լվանում ոտքերը երևակայական Եփրատում` համարելով վաղեմի փափագն իրականացած: Եվ սեղմ արտահայտչականությամբ բարձրաձայնում է իրեն ամբողջ կյանքում հետապնդած արնաներկ հուշերը: Ռուբեն Փաշինյանի այս մանրապատումն ընթերցելիս ունկերումս ինքնաբերաբար հնչում էր հանրածանոթ երգը.

- Հե˜յ, երգիր, Արաքս, իմ կյանք, իմ երազ, ջան Արաքս, դե երգիր կարոտն իմ, դու իմ մտերիմ...

Հանրային մեն մի ցուցադրության հնարավորություն գտած «Տղաս, ու՞ր է Եփրատը» կարճամետրաժ կինոժապավենի սցենարն էական փոփոխություններ չի կրել: Պապիկ-էքսկուրսավար երկխոսությունը հանրահայտ արվեստագետ Վիգեն Ստեփանյանի հետ կայացնում է ինքը` Ռուբեն Փաշինյանը: Երկրորդական դերակատարումներով հանդես են գալիս մտերիմ ընկերները, ընտանիքի անդամները: Ֆիլմն ուղղակի աղերսներ ունի նաև Ռուբենի պապի` ճակատագրի հեգնանքով ապրիլի 24-ին ծնված և երբեք զվարթ տարեդարձ չտոնած կոմպոզիտոր, երաժշտագետ Էդուարդ Փաշինյանի ապրած կյանքին:

- Քանիցս դիմել եմ ՀՀ մշակույթի նախարարությանը հեղինակային տարբեր նախագծերիս աջակցելու խնդրանքով: Երբևէ արձագանքի չեմ արժանացել և ստիպված եմ եղել համախոհների իմ ձևավորած փոքրաթիվ թիմով (Հակոբ Կարանֆիլյան, Հովհաննես Ջաղացպանյան, Լևոն Խաչատրյան) իրականացնել դրանք,- պրեմիերայից առաջ անկեղծանում է Ռուբեն Փաշինյանը:- Հեռուստաֆիլմ. վավերագրական արդեն արել էինք: Այս ֆիլմի ձևաչափն էլ ստույգ էր` խաղարկային ժանրի 15 րոպե տևողությամբ սեղմ տարածքում` որպես դիպուկ կրակոց, համամարդկային հաղորդագրություն նորովի հնչեցնել տարվա գլխավոր ասելիքը, որպեսզի նպաստավոր լինի Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացին: Ֆինանսավորման որևէ ակնկալություն չունենալով` բացառեցինք նկարահանումներն Արևմտյան Հայաստանում: «Եփրատում» մենք լիարժեք փոխըմբռնում գտանք ՀՀ վաստակավոր արտիստ Վիգեն Ստեփանյանի հետ: Ոչ թե սոսկ գլխավոր դերակատարմամբ, այլև իր ծանրակշիռ միջամտությամբ թե´ սցենարին, թե´ ռեժիսուրային, թե´ իր հերոսի արևմտահայերեն խոսքի սրբագրմանը...

Հիշեցնենք, որ Վիգեն Ստեփանյանը բոլորովին վերջերս էր Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ ֆիլմում մասնակցել Մեծ Եղեռնի թեմայի մեկ այլ կինոբացահայտման: Մի քանի առաջարկից հրաժարվել էր` համամիտ չլինելով սցենարին, ռեժիսորի և պրոդյուսերի մտայնությանը: «Եփրատի» պարագայում նրա համար առաջնային է եղել Ռուբեն Փաշինյան հայ մարդու, քաղաքացու, մտավորականի ազնիվ մղումները հնարավորինս արվեստով ներկայացնելուն սատարելը: Տևական ժամանակ աշխատած լինելով Սփյուռքում` բազմաշերտ արտիստն իր հերոսի խոսքին իսկապես ուրույն կոլորիտ էր հաղորդել: Արևմտահայերենով խաղալու բեմական փորձ էր ձեռք բերել վաղուց, Լիբանանում Օշականի «Երկնքի ճամփով» պիեսի գլխավոր հերոսի` տեր Ներսեսի դերը մարմնավորելիս:

- Օշականի պիեսն էլ մեր չսպիացած վերքերին է առնչվում,-պարզաբանում է Վիգեն Ստեփանյանը:- Գիտեք, անշուշտ, գործը. թուրքերը հայությանը ստիպում են կրոնափոխ լինել: Իմ հոգևոր հովիվը ոչ թե ստիպում էր իր հոտին հավատարիմ մնալ քրիստոնեությանը, այլ համոզիչ մի բացատրություն էր տալիս. «Եթե փոխում ես հավատքդ, ուրանում ես ինքդ քեզ, քո արմատները, դու չես կարող վայելել ակնկալածդ երջանիկ կյանքը»: Մենախոսությունս ավարտում էի Տերունական աղոթքի յուրովի թատերայնացրած ուղերձով` ալ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա ի չարէ... Այնքան ներգործուն մատուցվեց պիեսի ասելիքը, որ Արամ կաթողիկոսը ներկայացման ավարտին հանդիսավոր խանդավառությամբ օրհնեց բեմը... Չտեսնված-չլսված մի բան...

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար փաստենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչողության գեղարվեստական ընդհանրացման տեսակետից հայաստանցի կինոդիտողին «Տղաս, ու՞ր է Եփրատը» ֆիլմը փոքր-ինչ թերարժեք ներկայացավ: Գուցե պայմանավորված ֆիլմի խորհրդանշական դրամագլխո՞վ: Կամ էլ այն հանգամանքով, որ հասցեագրված է օտարազգի արվեստասերներին, արտերկրի կինոփառատոներին: «Եփրատը» որոշակի դերակատարություն կարող է ունենալ նույնիսկ Թուրքիայում` 90-ամյա պապիկի սեղմ պարզաբանմամբ որպես անհերքելի կատարված փաստ ներկայացնելով հայոց կանանց, երեխաների ու ծերերի գերծանրաբեռնված արնաներկ հարահոս դիակառքի վերածված Եփրատի մղձավանջային պատկերի չմարած հիշողության գլխահակ հավաստմամբ սոսկ: Առանց պահանջատիրական բացահայտ նկրտում ների երևակման...

Հավելենք նաև, որ մայիսի երկրորդ կեսին, տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ, «Տղաս, ու՞ր է Եփրատը» կարճամետրաժ կինոնկարը կցուցադրվի նաև Բելգիայում` Վիգեն Ստեփանյանի ստեղծագործական երեկոյի շրջանակներում:                                     

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ