Անհասկանալի տարիմաստություն


«Միջազգային համաներում» իրավապաշտպան կազմակերպությունն օրերս հրապարակել է աշխարհում մահապատժի կիրառման մասին զեկույցը: Այն արձանագրում է դրա նվազումը և կարևորում, որ պակասել է նաև պատժի այս ծայրահեղ միջոցը կիրառող երկրների քանակը: Տարօրինակն այն է, որ թեև նվազել է մահապատիժների իրագործման քանակը, սակայն աճել է մահվան դատապարտող վճիռների թիվը:

Մասնավորապես, անցյալ տարվա ընթացքում մահապատժի է ենթարկել 607 մարդ` 22 %-ով պակաս 2013-ի համեմատ, երբ օրենքով սպանվել էր 778 հոգի: Այս թիվը չի ներառում նաև Չինաստանում կիրառված դեպքերը. այնտեղ դա համարվում է պետական գաղտնիք:

Չինաստանին, ուր ամենաշատն է մահապատիժը, հաջորդում են Իրանը (հայտարարված 289 դեպք), Սաուդյան Արաբիան (առնվազն 90), Իրաքը (ոչ պակաս, քան 61) և ԱՄՆ-ն (35):

Ինչ վերաբերում է պատժի այս տեսակից չհրաժարված երկրներին, ապա 1995 թ. դրանք 41-ն էին, իսկ անցյալ տարի` 22-ը:

2014-ին կայացվել է շուրջ 2,5 հազար մահապատժի դատավճիռ (դարձյալ` Չինաստանը չհաշված): Սակայն ոչ բոլորի դեպքում է դա կիրառվել:

Ի դեպ, Բելառուսը եվրոպական միակ պետությունն է, ուր անցյալ տարի առնվազն 3 մահապատիժ է կիրառվել: Եվրամիության բազմաթիվ քննադատություններն էլ չեն նպաստում, որ Բելառուսը հրաժարվի այդ պատժատեսակից: Մինչդեռ անցյալ դեկտեմբերին աշխարհի 117 երկիր հավանություն է տվել մահապատիժը դադարեցնելու մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին: