«Քաղաքականությունն ապրուստի միջոց չպետք է լինի»


Հիմա արդեն համատարած է բացասական վերաբերմունքը քաղաքական ուժերի նկատմամբ: Քաղաքականությամբ չզբաղվողները չեն վստահում քաղուժերին, վերջիններից յուրաքանչյուրն էլ իրենից բացի մյուսներին լուրջ չի համարում: Մի խոսքով, քաղաքական դաշտ ասվածը մեզանում մի տեսակ անպտուղ փորձարարական հրապարակ է հիշեցնում, որտեղ հանգրվան փնտրողներն իրենց գոյության մասին հիշեցնում են` իշխանություններին դատափետելով միայն: Սակայն քաղաքացիական հասարակությունն էլ դատափետելուց այն կողմ չի անցնում: (Ամենաանվնաս զբաղմունքը դա է): Ասել է թե` համախմբում, ավելի ստույգ` համախմբող չկա: Համախմբում ու համախմբող` ոչ թե սոսկ (ու գերազանցապես ինքնանպատակ) իշխանափոխություն պահանջելու առումով, այլ` ամբոխից հանրության վերածվելու:

Քաղաքական մի քանի ուժեր միավորելու փորձ է ձեռնարկել Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԸ. հիրավի բազմափորձ գործիչ, ով ճանաչված է մեր պետության անկախացման պայքարի ակունքներից: Ավելին, քաղաքական պայքարի փորձը նա կուտակել էր սովետական միապետության (իր որակմամբ` բռնապետության) տարիներին, երբ խորհրդային ժողովուրդը մեծիմասամբ չէր էլ պատկերացնում, որ կարելի է անկախական լինել:

Վերոնշյալ մտահոգությունների շուրջ է զրույցը ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ

- Իսկապես, ունեմ ցանկություն` քաղաքակիրթ աշխարհի հետ Հայաստանի առնչությունները խորացնելու, դրանք ձևավորելու-կայացնելու ուղղությամբ: Ուսումնասի րելով Հայաստանի «իրական» քաղաքական դաշտը, զգացի, որ կարելի է աշխատել: Բայց հիմա ընդհանուր առմամբ հայտնի չէ, թե ինչ հավակնություններով, ինչ նպատակներով է ապրում այդ դաշտը: Երբեմն լինում են նաև ձևական ուժեր, որոնք խաղում են այնքան ժամանակ, ինչքան հանձնարարված է: Իմ այս նախաձեռնությունն այս պահի դրությամբ ընդամենը խորհրդատվական հանդիպումների շարք է: 8 հանդիպում է կայացել, որոնց ընթացքում դեռևս ընդհանրական կարևորություն ունեցող փաստաթուղթ չի ընդունվել: Սա ընդամենը տեղեկատվություն է հանրությանը. պատգամ է ուղարկված, որ մեզ նման մտածող մարդիկ փորձում են հայտարարի գալ: Նախնական փուլում դիմել ենք 7 կուսակցությունների ու քաղաքական ուժերի և բոլորից դրական արձագանք ենք ստացել: Բայց «Հիմնադիր խորհրդարանը» հետո դուրս է եկել` իրենց մասնավոր խնդիրների պատճառով, որոնք հրապարակելու իրավունք ես չունեմ: «Ազատ դեմոկրատներ»-ը մինչև վերջ չհստակեցին իրենց դիրքորոշումը: Նիկոլ Փաշինյանի խումբը ինչ-որ այլ զբաղվածություն ուներ: Մյուս հինգս` «Հայոց Համազգային Շարժում»-ը, «Ժառանգությունը», Պահպանողական կուսակցությունը, «Ժողովրդավարական հայրենիք»-ը և մենք` ԱԻՄ-ը, պարբերաբար հանդիպում ենք: Այս բոլորը որոշակի ընդհանրական կողմնորոշում ունեցող ուժեր են, և էական չէ դրանց մեծ կամ փոքր լինելը:

- Ո՞րն է սկզբունքը, որ միավորում է կամ կարող է միավորվել այդ ուժերին:

- Հենց սկզբից` առաջին քայլն անելիս մենք նշել ենք Եվրասիական տնտեսական միավորման` Մաքսային միությանն անդամակցելուն դրական չվերաբերվելը` դա վտանգավոր համարելով: Մենք կարևորում ենք ժողովրդավարությունը և Հայաստանի ինքնիշխանությունը անուրանալի արժեքներ համարող փաստաթղթերի գերակայությունը:

- Դուք Հայաստանի անկախացումից ի վեր ու դրանից էլ շատ առաջ քաղաքականության կիզակետում եք եղել: Ինչպե՞ս եք գնահատում մեր այսօրվա քաղաքական դաշտը:

- Նախ փորձենք բացել քաղաքական բառը: Քաղաքական նշանակում է պետութենական: Երբ քաղաքական գործընթացներին նայում ես այդ տեսանկյունից, ակնհայտ է դառնում, որ պետութենական կյանքով ապրող, դրանով մտահոգվող ուժերը շատ քիչ են կամ չկան: Չի´ կարելի պետությունը վտանգի ենթարկել` ազգային անվտանգութ յան տեսանկյունից: Բայց եթե ազգային անվտանգության հարցերը շահարկելով պետության դերակատարությունն այնքան են նսեմացնում, որ Ռուսաստան մեկնող ուղևորներին արդեն համարում են ՌԴ քաղաքացի, ուրեմն չեն ընկալում խնդիրը: Հասարակ օրինակ է, բայց... Ընդդիմադիր կոչվածներն էլ, խոսքս խորհրդարանական ընդդիմութ յան մասին է, «Ժառանգությունն» է միայն, որ երբեմն մի քիչ դեմք է ցույց տալիս:

- Խորհրդարանում հաճախ են հնչում կծու խոսքեր, բայց դրանք կարծես ինքնանպատակ են: Տպավորությունն այն է, որ «նկատողություն են անում` նկատվելու համար» սկզբունքով. ինչ-որ բաներ ասում են, բայց դա երևութական է:

- Սկզբունքայնություն չկա, կան չափորոշիչներ: Նրանք երևի դեմ չեն Հայաստանի ինքնիշխանության կորստին: Նրանք հեռու են ազգային քաղաքական ուժ լինելու տրամաբանությունից:

- Հետաքրքիր է, որ տոտալիտար հասարակարգում շատ ավելի առողջ էր քաղաքական դաշտը: Այլախոհները հետապնդվում էին, բայց ընդվզումը շատ ավելի նպատակային էր, ավելի ազգամետ:

- Այն տարիներին քաղաքացիական առումով կար առողջ մտածողություն: Կախվածության մեջ գտնելով, մենք ունեինք կոփվածություն. կայացած էինք: Ինձ համար, օրինակ, հեշտ էր ԱԻՄ-ը ստեղծելը. դա երևույթ էր: Ամբողջ Սովետական Միության և Արևելյան Եվրոպայի տարածքում չկար դրա այլընտրանքը: Այլախոհները ինքնուրույն մտածելու ունակ և սեփական կարծիքը պաշտպանելու ընդունակ քաղաքացիներ էին: Հետո էր, որ առատորեն ստեղծվեցին քաղաքական կուսակցություններ, որոնք սկզբունք ունեն ծառայել ոչ թե քաղաքացիների շահերին, այլ` իրենք իրենց: Ցավոք սրտի, դա միայն նորաթուխներին չի վերաբերում. նաև` հներին:

- Քաղաքական դաշտը հիվանդ է: Հիվանդ է նաև հասարակությունը: Ո՞րը որին վարակեց: Ավելի հավանական է, որ քաղաքականը տկարեցրեց հասարակությանը:

- Երկուսն էլ անմիջականորեն դերակատարություն չունեն` երբ երկրում կա չբացահայտված գաղտնի գործակալության ցանց: Եթե սրանում կասկածողներ, տարակուսողներ կային, ապա Վրաստանի, Ուկրաինայի գաղտնազերծումներից հետո ամենքի համար ակնհայտ դարձավ, որ դա հետխորհրդային բոլոր պետությունների հիմնական խնդիրն է: Գաղտնի գործակալները դերակատարություն են ունեցել հատկապես քաղաքականության մեջ: Խորհրդային կոմունիստական համակարգում նրանք տարբեր միությունների մեջ էին: Դրանց փոխարինելու եկավ դեմոկրատական համակարգը, որի ուղնուծուծը ներծծված է ԿԳԲ-ի գործակալներով:

- Այնուամենայնիվ, ասում են` անելանելի իրավիճակներ չեն լինում: Բայց մեզանում սխալ է ընկալվում ընդդիմադիր ասվածը. եթե ընդդիմություն ես, պետք է անպայման հայհոյես: Ինչպե՞ս վստահել նրանց: Բոլորը միայն իշխանություն են ուզում. իշխանափոխություն են գոչում` միայն իրենց տեսնելով վերնաթոռնե րին: Ինչպե՞ս վստահել նրանց: Ես այնպիսի ընդդիմություն չեմ ճանաչում, որը կոնկրետ ծրագրեր ներկայացնի ու քաղաքակիրթ պայքարով հետամուտ լինի դրանց իրագործմանը:

- Քաղաքական ուժը պետք է ձգտի իշխանության, որ իր նպատակներն իրականացնի: Այն պետք է տարբեր լինի և´ գործով, և´ նախևառաջ իր աշխարհընկալումով: Մինչդեռ կարևորագույն ռազմավարական հարցերում պառլամենտական ընդդիմություն համարվող քաղուժերի դեմքը չի երևում: Մեր դեպքում` մեր խոսքն ու գործը ևս տեսանելի չեն, որովհետև խորհրդարանում չենք: Բայց տեսնում ենք այդ խնդիրները: Եվ ուրախ եմ, որ հիմա միայն մենք չենք, որ տեսնում ենք: Գիտենք, որ իդեալական ո´չ մարդ կա, ո´չ էլ ուժ և չի էլ կարող լինել: Դրա համար պետք է տարբեր ուժեր միավորվեն: Հենց այդ նպատակով էլ ես որոշակի քայլեր ձեռնարկեցի:

- Որտե՞ղ սխալվեցինք, որի արդյունքը մինչ օրս չկայացող քաղաքական դաշտն է:

- 90-ականներին անջատողականների կեղծ ընտրություններում: Դեռևս 1990 թ., երբ Լևոնը ընտրվում էր. քվորում չէր ապահովված, և Լևոնը բռնությամբ ընտրվեց: Եվ ժողովուրդը չընդվզեց: Հաջորդ փուլը Գերագույն խորհրդի նախագահի ընտրութունն էր: Թեկնածուներից մեկը` ես, արտաքսված էի երկրից: Հայ ժողովրդի շահերը լավագույնս հասկացող գործիչ էի, դրա համար էին ինձ արտաքսել: Լևոնը և իր մարդիկ գնացին նրան, որ ԿԳԲ-ն կարող է մեկին բռնի արտաքսել, և ԱԻՄ-ի թեկնածուն ներկա չի լինի, չի մասնակցի ընտրությանը: Եվ դա` նոր, արդար մտածելակերպի փոխարեն: 1996-ին էլ նոր սերունդ էր, որն ապրում էր հին առնետներով: ԿԳԲ-ն էր նախապատրաստել Արցախյան կոնֆլիկտը, և մինչև այսօր օգտագործում է:

- Ի վերջո, ավելի հեշտ կլինի սկսել «0»-ից, թե՞ մաքրել քաղդաշտը: Ո՞րն է ելքը:

- Առողջ ուժերը պիտի համախմբվեն, իրար նեցուկ լինեն, չմեծամտանան: Ուժեր կան, որ քաղաքականության մեջ են և խաղում են, որ փող աշխատեն: Քաղաքականությունը ապրուստի միջոց չպետք է լինի: Եթե մեզ հաջողվի իմ այս նախաձեռնությամբ համախմբել առողջ ուժերին, ուրեմն ինչ-որ բանի կարելի է հասնել:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ