Ասեղնագործ հուշի պատառիկներ

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ-ԽՆԿԱՐԿՈՒՄ

Հավերժական ընթացք է կյանքը` դժվարություններից չընկրկող, արհավիրքներից չուժահատվող, հանց փունիկ-թռչուն մոխիրներից վեր հառնող ազգի համար: Ու այդ ընթացքը իմաստավորել է հայը: Իր համեստ կենցաղը հայ կինը նրբահյուս արվեստով է զարդարել` չմտածելով անգամ, որ իր ասեղնագործած գեղջկական տարազները, կենցաղային իրերն ու եկեղեցական խորհրդանիշերը հետագայում ձեռակերտ` դեկորատիվ-կիրառական արվեստի անգերազանցելի նմուշներ են դառնալու. ընդօրինակման արժանի զարդարվեստ, ինչը դարեր շարունակ հիացնելու և գնահատանքի է արժանանալու:

Մեկ դար առաջ թուրքական յաթաղանին զոհ գնացած հայերի հիշատակի ինքնօրինակ խնկարկում էր ՀԲԸՄ Հալեպի Մ. Սարյանի անվան ակադեմիայի ուսուցիչ Հրազդան ԹՈՔՄԱՋՅԱՆԻ «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսը: Իսկապես յուրատիպ մի համահավաք, որն իր բազմաբովանդակությամբ դադարում էր սոսկ գրքի գինեձոն լինելուց: Հայոց Եղեռնի 100-ամյակի տարելիցին նախորդող այս օրերին ցանկացած միջոցառում ոգեկոչման է նման ու հենց այդ նպատակն ունի: Ահա թե ինչու նման ամեն ձեռնարկում խորհրդանիշն է դառնում չմարող դառն, բայց նվիրական հիշողության և աշխարհին է նետվում` որպես արժանապատիվ պահանջատիրություն:

Ռիտա ՍԱՐԳՍՅԱՆ.

-Հուզմունքով և հիացմունքով միայն կարելի Է հետևել, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն ինչպես են նորովի խթանել աշխարհասփյուռ մեր ժողովրդի բոլոր համայնքների փոխլրացնող գործունեությունը: Այսքան միասնական, այսքան նախաձեռնող ու այսքան եռանդուն կարող է լինել միայն հստակ նպատակներ ունեցող ժողովուրդը. այն ժողովուրդը, որը դեպի ապագա է գնում նույնքան վստահությամբ, որքան և պահանջատեր է անցյալի վերքերի ամոքման համար: Հիանալ կարելի է այն նպատակասլացությամբ, որով այս ամիսներին գործում են հայկական ամենատարբեր կառույցներն ու մշակութային օջախներն աշխարհի բոլոր ծայրերում:

Վաղուց արդեն մեր սրտերը հատկապես արագ են բաբախում Սիրիայի մեր հայրենակիցներից որևէ լուր սպասելիս: Այսօր Սիրիայից եկած լուրը կամքի ու ոգու արիության մասին է: Սիրիայի հայությունը, գտնվելով բառացիորեն հուր ու կրակի մեջ, պատերազմական և անապահով ծանր իրավիճակում շարունակում է գործուն մասնակցություն ունենալ համահայկական կարևոր ձեռնարկներին` մասնավորապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Հալեպի Կրթասիրաց մշակութային միության նախաձեռնությամբ պատրաստված «Այնթապի ասեղնագործություն» արժեքավոր այս աշխատությունը դրա վառ վկայութ յուններից է, հայ կանանց ձեռագործ աշխատանքներին նվիրված հիանալի և բացառիկ հետազոտություն, որը, վստահ եմ, իր նպաստը կբերի հայապահպանությանը, հայ արվեստի ու մշակույթի զարգացմանը` արժանի տեղ գրավելով հայագիտական ուսումնասիրությունների շարքում:

Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆ

- Կորցնելով հայրենիք, կորցնելով մշակույթ ու արվեստ, հաստատվելով օտար հողում մեր հայրենակիցները, այնուամենայնիվ, կարողացան ոչ միայն եկեղեցի, դպրոց ստեղծել, այլև մշակույթ զարգացնել: Եվ այս գիրքը վկայությունն է այդ արվեստի, որը հայ կանայք ու աղջիկները կարողացել են վերաստեղծել ու կատարելագործել: Կարողացել են վերհիշել և իրենց արհեստով ու արվեստով այդ հիշողությունները դարձնել մնայուն արժեք:

Գրքի հեղինակը մեր սիրելի Հրազդան Թոքմաջյանն է. մարդ, ով 20 և ավելի տարիներ ղեկավարում է Սարյան ակադեմիան Հալեպում, մեր երեխաներին կրթում ու դաստիարակում է արվեստի սիրով: Լինելով պատմաբան, բանասեր, արվեստագետ Հրազդան Թոքմաջյանը կարողացավ կոթողային մնայուն գործեր ստեղծել: Իր հեղինակած նախորդ գրքերով և այս երկհատորյակով նա վերստին ապացուցում է, որ հայ ժողովուրդը իր արվեստով, իրոք, մնայուն է: Ապացուցելով նաև, թե որքան հնագույն է մեր արվեստը և փյունիկի նման վեր հառնելով, մենք շարունակում ենք մեր ճամփան:

Գիրքը կարծես շատ ավելի հարստանում և իմաստավորվում է այն իրողությամբ, որ հենց այսօր, կրակի մեջ հայտնված Սիրիայում, ուր անձրևի փոխարեն ռումբեր են տեղում, աշխատում, ստեղծագործում է Հ. Թոքմաջյանը:

Այո´, հայը ձերբազատվել է զոհի հոգեբանությունից, շտկել է մեջքը և հայացքը գալիքին հառած` արդարություն է պահանջում: Գո´ւթ չի աղերսում, պահանջում է` իմաստնանալ իր փորձով... Եվ այս գիտակցությամբ էլ ՀՀ սփյուռքի նախարարությունը մեծագույն խնամքով էր նախապատրաստել հերթական խորհրդանիշ-ոգեկոչումը: Պատմական Այնթապի հայ մամիկների ու հարսների ձեռամբ կերտված ասեղնագործության անկրկնելի նմուշներն ամփոփող գրքի շնորհանդեսի օրն ու տեղն էլ խնամքով էին ընտրված: Ուրիշ ո՞ւր, եթե ոչ Հայոց հին ձեռագրատանն այսքան առինքնող կհնչեին գնահատանքի խոսքերն ու նոր շունչ կառնեին ասեղնագործված մեր անցյալի պատառիկները, Այնթապի հերոսմարտից առանձին դրվագներ ցուցանող լուսանկարները: Եվ ուրիշ ե՞րբ առավել հոգեպարար կհնչեին սրտաբուխ խոսքերը, եթե ոչ` Այնթապի հերոսամարտի 95-ամյակի օրը: Կարևորագույն փաստարկ, որին ջերմորեն անդրադարձավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը.

- 1920 թ. ապրիլի 1-ին` 95 տարի առաջ տեղի ունեցավ Այնթապի հերոսամարտը: Թուրք հրոսակները հարձակում գործեցին` 17 հազար այնթապցիներին ոչնչացնելու ծրագիր իրագործելու: Սակայն մեր կառույցները, կուսակցությունները, ոտքի հանելով հայ տղամարդկանց, ստեղծեցին ինքնապաշտպանական ջոկատներ: ԵՎ փաստորեն 500 ջոկատայիններ, ովքեր ունեին ընդամենը 150 միավոր զենք, կարողացան մոտավորապես մեկ տարի դիմակայել թուրք զինվորներին: Կարողացան պաշտպանել մեր քույրերին և եղբայրներին: Եվ միայն վերջին պահին օգնության հասավ ֆրանսիական զորքը, և թուրք հրոսակները նահանջեցին: Սակայն ցավալիորեն և անընդունելիորեն փոխվեց իրավիճակը, երբ 1921 թ. հոկտեմբերի 20-ին Ֆրանսիան համաձայնագիր ստորագրեց թուրքական կառավարության հետ, և Կիլիկիո Հայաստանը հանձնվեց Թուրքիային: Այնթապի, Զեյթունի, Տավրոսի և հայաբնակ այլ տարածքների 100 հազար մեր հայրենակիցները, հասկանալով, որ միևնույն է` այդ տարածքները գրաված թուրքը պետք է շարունակի ցեղասպանության իր ծրագիրը, Հայկական Կիլիկայից արտագաղթեց Սիրիա:

Ներկայացուցչական էր մասնակիցների կազմը: Հանրապետության Առաջին տիկին Ռիտա ՍԱՐԳՍՅԱՆ, Սփյուռքի նախարար Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆ, Մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի նախագահ Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ, հոգաբարձուների խորհրդի անդամ Գաբրիել ՋԱՄԲԱՐՋՅԱՆ... Եվ իհարկե` բազմաքանակ հյուրեր, մասնակիցներ: Միջոցառումն անցկացվում էր Առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո` ՀՀ սփյուռքի նախարարության Հալեպի Հայ Կրթասիրաց մշակութային միության, «Փյունիկ» հիմնադրամի, Երևանի Մաշտոցի անվան մատենադարանի և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ:

Թե´ հնչող ելույթներից, թե´ ընդարձակ դահլիճում հավաքված հոծ բազմության ջերմ արձագանքից ասես հաստատակամություն էր ծորում` «Մենք եղել ենք, կանք ու պիտի լինենք», բարձրաձայն չարտաբերվող երդում էր հնչում կարծես` «Հիշում ենք և պահանջում»: Այդ ոգով էր և նախարար Հ. Հակոբյանի խոսքը.

- Մենք պետք է միասնաբար, համախմբված շարունակենք մեր գործունեությունը, զորացնենք մեր երկիր դրախտավայրը, կարողանանք պաշտպան և տեր կանգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, փայփայենք ու հայրենիքում հաստատենք սիրիահայերին և համոզված լինենք, որ միևնույն է` մեզ հաղթել չեն կարող: Թուրքերը ուզեցին թողնել միայն 1 հայ, այն էլ` թանգարանում, բայց դա նրանց չհաջողվեց: Մենք հաղթեցի´նք մահին: Այսօր ես ուզում եմ հարց ուղղել Թուրքիայի նախագահին, ով կեղծելով, ժխտելով` միջազգային հանրությանը փորձում է մոլորեցնել, թե այն ժամանակ Առաջին համաշխարհային պատերազմն էր, և մահանում էին հայեր ու թուրքեր: Իսկ 1921 թվականի՞ն էլ էր համաշխարհային պատերազմ, որ 100 հազարավոր հայեր տարագիր դարձան և ստիպված եղան լքել մեր պատմական Կիլիկիան: Մեր դատը արդար է, և մենք պետք է շարունակենք պայքարը: Պայքար` հանուն արդարության վերականգնման և հանուն նրա, որպեսզի այլևս ոչ մի տեղ ու երբեք չկրկնվի ցեղասպանությունը:

Մեծ խորհուրդ էր պարունակում մեկ այլ մանրամասն ևս: Այնթապի հերոսամարտիկներից մեկի` Ավետիս Գալեմքեարյանի ժառանգները կամեցել էին Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի ազգային թանգարանին հանձնել նրանցից մնացած մասունքները` մտրակը, ակնոցը և դրամապանակը: Եվ Սփյուռքի նախարարը հենց այդ օրը կատարեց նրանց խնդրանքը` մասունք-իրերը փոխանցելով թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանին:

Գիրքը հմայիչ է դառնում նաև այն պարզ պատճառվ, որ դրա առաջաբանը գրել է Ռիտա Սարգսյանը:

Ինքնաբուխ էր և երկլեզվյա նորատիպ գրքի հեղինակի` Հրազդան Թոքմաջյանի խոսքը.

- Ժողովրդական կիրառական արվեստում պահպանվել է մեր հին մշակույթը, նախաքրիստոնեական կրոնական մտածողությունը: Ես խորապես համոզված եմ, որ ասեղնագործության, ժողովրդական արվեստի մյուս բնագավառներով հատկապես պետք է զբաղվել, որովհետև դրանցում պահպանված է մեր հին մշակույթը: Ես համոզված եմ, որ ժողարվեստի միջոցով մեզ են հասել 1000-ամյա ավանդույթներ: Այս հորինվածքները, որ դուք նայում եք, սրանց բոլորի մեջ նախաքրիստոնեական հայկական մտածողությունն է` խարսխված հին կրոնի վրա: Այդ պատճառով շատ կարևոր է զբաղվել ասեղնագործությամբ,- շնորհակալություն հայտնելով գրքի ամբողջացմանն ու տպագրությանը նպաստած անձանց, նշեց նա:

Զոհերի հիշատակը նաև այսպես են խնկարկում:

Տեղին էր ժողարվեստի նվիրյալի այն մտահոգությունը, որ Թուրքիան այսօր Այնթապի ձեռագործ արվեստը համարում է իրենը: Բացի այդ, գրքում ներկայացված առանձին նմուշներ ոչնչացվել են Սիրիայի պատերազմի պատճառով: Ասել է թե` առավել հրատապ է դառնում նշխարի նման կենարար ու թանկ այդ արվեստի ուսումնասի րությունը, ոչնչացման ամենակուլ երախից դրա պատառիկները փրկելը:

Համահավաքի ինքնատիպ վերջնակորդ էր Այնթապի ասեղնագործության եզակի նմուշների և հերոսամարտի առանձին դրվագները պատկերող լուսանկարների ցուցադրությունը:

Հրաժեշտ տալով ոգեկոչման մասնակիցներին, ակամա մտածում ես. դու դեռ շա˜տ անելիքներ ունես, հայ սերունդ: Դու պետք է գիտակցես, թե հոգևոր ի˜նչ արժեքների ժառանգորդն ես և պետք է արժանապատվորեն նոր շունչ ու հոգի հաղորդես եղածին` շարունակելով արարել:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ