ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ Գագիկ ԳԻՆՈՍՅԱՆ


Գագիկ ԳԻՆՈՍՅԱՆ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Հայ լինելը դժվար է, բայց պատվաբեր Գագիկ Գինոսյանը 1992-1994 թթ. «Ազատագրական Բանակ» ջոկատի (հրամանատար` Լեոնիդ Ազգալդյան) X դասակի կազմում (հրամանատար` Ալեքսանդր Թամանյան) մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին: 1992 թ.օգոստոսին Վազգեն Սարգսյանի զորակոչով X դասակով ընդգրկվել են Մահապարտների «Արծիվ» հատուկ նշանակության գումարտակում: Ոչնչացրել է հակառակորդի 2 տանկ: 1994-ից ծառայել է ՀՀ Բանակում... որպես սպա: 1997 թ. ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Արծիվ-Մահապարտներ» հուշամեդալով, իսկ 1998 թ.` «Արիության» մեդալով: 2001-ից հիմնադրել է «Ծովակ» մանկապատանեկան և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը: Գագիկ Գինոսյանը երկար տարիներ աշակերտել է հայ ազգային անաղարտ արվեստի մերօրյա զարթոնքի նահապետ Հայրիկ Մուրադյանին ու նվիրվել Կարնո, Ախալքալաք և Ախալցխա աշխարհների պարարվեստին ու երգարվեստին նոր շունչ տալու, այն ժողովրդին վերադարձնելու գործին: Համերգային գործունեությանը շուտով փոխարինել է բանահավաքչական աշխատանքը, որի ընթացքում Կարնո, Ախալքալաք և Ախալցխա աշխարհների բազում պարեր ու ծագումով կարինցի մեծահասակներ անմահացան տեսաժապավենների վրա: Այդ ճանապարհին գնալով օրախնդիր էր դառնում ազգային երգի-պարի խմբի ստեղծումը, որը, ի վերջո, իրականություն դարձավ: «Կարինն» այսօր իրականացնում է իր իսկ ջանքերի շնորհիվ վերածնված պարերն ու երգերը նոր մեկնաբանությամբ ժողովրդին ներկայացնելու առաքելությունը: -Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: -Կյանքում ամենադժվարը թերևս առջևում է: Այն միշտ առկա է և գնալով խորանում է: Դա պայքար է սեփական տեսակի և ազգի պղծվող հատվածի դեմ, որն ինքն իր տեսակին ծաղրով է վերաբերվում: Այդ մարդկանց դեմ պայքարը շատ դաժան է, որովհետև այն կռվի դաշտում չէ, և դիմացինդ հակառակորդ ու թշնամի չէ, որի դեմ պայքարի ձևը սպանելն է: Այս պարագայում դու իրավունք չունես սպանելու, քանի որ դիմացինդ մղձավանջի մեջ ընկած հայն է: Շատ ավելի բարդ առաքելություն է նրան դարձի բերելը, իր տեսակին վերադարձնելը: Քանի որ այսօր համաշխար հային շատ մեծ ուժեր փորձում են ոչնչանցնել մեր ազգային տեսակը, մեզ դարձնել կառավարելի և տգետ ազգ, ապա գնալով այդ դժվարությունները մեծանում են: Վստահ եմ, որ ամենադժվարը առջևում է: -Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: Հայի տեսակը` ըստ Ձեզ: -Երբեք չեմ մտածել այդ մասին և չեմ էլ ուզում մտածել: Հայ լինելը դժվար է, բայց պատվաբեր, հայ լինելը նույնիսկ դաժան է երբեմն, բայց նաև վեհանձն է իրական հայ լինելը: Դա առաքելություն է , տեսակ, սեփական համոզմունք…Գարեգին Նժդեհի խոսքերով ասեմ…Այն ամեն լավը, վեհանձնը, կատարյալը, որ կա իմ հայրենիքում, դա է ինձ համար Հայաստանը, այդ տեսակն է ինձ համար հայկականը, հայը, որը կատարյալին ձգտող, երբեմն նույնիսկ հասնող, միգուցե անցնող տեսակն է: -Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում չասածը, ինչին այժմ կանդրադառնայիք: -Ես երկշերտ մարդ եմ, բավականին բաց, բավականին անմիջական, բայց դրա հետ մեկտեղ ունեմ երկրորդ շերտը, որը երբեք ոչ ոք չի նկատում, որովհետև շատ խորը թաքնված է, և շատ հաճախ նույնիսկ ես չեմ համարձակվում փորփրել այն: Դրա համար, այն, ինչը ասելու բան է, բոլորը գիտեն: Ես մարդկանցից գաղտնիքներ չունեմ, պարզ և մատչելի մարդ եմ, հեշտ շփվող: Երբեմն իմ տեսակը համեմատում եմ համակարգչի հետ` արտաքինից մատչելի, կառուցվածքը` բարդ: Պետք է լինել մատչելի մարդկանց համար, սակայն ներսում ունենալ շատ կատարյալ մեխանիզմ, որը բոլոր իրավիճակներում ի զորու է ոչ միայն աշխատել, այլև պատասխաններ գտնել: Դատարկ մարդը միշտ ձգտում է արտաքինից անմատչելի լինել, շղարշով ծածկել իր ներքին դատարկությունը: Ինձ թվում է` ճիշտ ապրող, իր տեսակից չամաչող, խորը և հարուստ ներաշխարհ ունեցող մարդիկ միշտ բաց են լինում: -Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: -Առեղծվածային շատ-շատ բաներ կան մեզ շրջապատող աշխարհում` սկսած մարդկային հոգեբանությունից, կենսակերպից, ֆիզիոլոգիայից մինչև տիեզերք, մինչև համակարգչային բարդ տեխնոլոգիաներ: Եթե ինչ-որ մեկը գտնում է, որ օվկիանոսի մի կաթիլ ջուրը բացահայտելով` կարող է բացահայտել ամբողջ օվկիանոսը, ապա այդ մարդը երկար ճանապարհ չունի: Պետք է թերևս ամեն ինչ բացահայտել, իսկ բացահայտելու շատ բան կա: -Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը: -Թերթի ֆորմատն այնպիսին է, որ ինչ-որ բան պատմելով կարող է զավեշտալի թվալ, կարդալով` տաղտկալի: Իննսուն տարեկան տատիկից պար էի գրառում, ասաց` մի քիչ շուտ գայիր: Մտածեցի` երևի վատառողջ է ու եթե մի շաբաթ առաջ գնայի, միգուցե ավելի լավ առողջական վիճակում լիներ և ավելի լավ ներկայացներ պարը: Զարմացած ու ափսոսանքով հարցրեցի, թե երբ պիտի գնայի, ասաց, որ երբ հորեղբայրը կենդանի էր: Դա մոտավորապես քսան տարի առաջ էր, երբ ես դեռ երեխա էի: -Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ: -Հորս պապը, այսինքն իմ մեծ պապը, երկու համաշխարհային պատերազմ անցած, երեք անգամ աքսորված մարդ է: Մանկության ամենավառ հուշերս կապված են նրա հետ: Մենք մեղուներ ունեինք: Ամառվա երեք ամիսները Սարգիս պապի հետ անցկացնում էինք բաց դաշտում: Նրանից շատ բան եմ սովորել: Ընդհանրապես, փորձում եմ բոլորից ինչ հնարավոր է կլանել: Բայց առաջին հարուստ նյութը, որն ինձ համար ուսանելի է եղել, Սարգիս պապի կյանքի փորձն է:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ