ՀԱՅՈՑ ԿԻՆՈԱՆՁՆԱԳԻՐԸ


Տիեզերական անսահմանության մեջ անհիշելի ժամանակներից սփռված հայոց պատմության նշխարները պտտահողմի հանգույն վեր են բարձրանում անհայտության խորխորատներից£ Մեկտեղվելով` ինքնօրինակ սրբապատկերներ ձևավորում և պահանջ հարուցում պարզելու մարդկության համընդանուր հոգևոր փրկության առեղծվածը` Արարատ սուրբ լեռան աստվածաշնչյան խորհուրդը£ Ինչո՞ւ Հայաստանն ընտրվեց մեղքերից ազատագրվելու երկրորդ արմատական հնարավորությունը ստացած մարդկության դրախտավայր, և նոր կյանքի սկզբնակետը դարձավ մեր ալեհեր Մասիսը£ Փրկագործության ճանապարհը, ժամանակի և տարածության հանելուկային ուղեծրով, ձգվեց դեպի Երուսաղեմի բարձրագույն կետը` քրիստոնեության և հուդայականության սրբություն սրբոց Սիոն լեռը£ Սրբալեռ քարե երկխոսության միջնորդ ընտրված հայ ժողովրդի աստվածաշնորհ առաքելությունը ինչպե՞ս վերծանել, թեկուզ մեկնաբանելու համար պատմական փաստը աշխարհի հոգևոր կենտրոն Երուսաղեմում մինչ օրս իրականացվող տիեզերական սպասավորության դասական հայերենով£ «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի հիմնադիր տնօրեն տեր Մեսրոպ քահանա Արամյանի կատարած շուրջ հարյուր գիտահետազոտական ուսումնասիրությունները, ներառելով բազում այլալեզու պատմական հնամենի աղբյուրներում հայտագրված հիշատակությունները, ապշեցուցիչ իրողություններ վերհանեցին Ավետյաց երկիր Երուսաղեմում հայերի ներկայության£ Նույնիսկ` հայերին անհայտ, ինչպես, ասենք առաջին 3 թագուհիների հայազգի լինելը£ Զարմանալիորեն հարուստ փաստագրությամբ` հունական, եբրայական, ասորական և այլազգի ուրիշ պատմավավերագրերից քաղված, XXI դարասկզբին բացահայտվեց հայ ժողովրդի իրական դերակատարությունը համամարդկային պատմության մեջ£ Մահն աչքերի առաջ ունենալով (ահա ստուգաբա նությունը արաբական «մահտեսի» բառի) Արարատից Սիոն հոգևոր մաքրագործման դժվարին ուղին Ջաֆայից Ռամլե, ապա Երուսաղեմ անցած սերունդների, IV դարում հանդիպած առաջին հայ ուխտավորի հետքերով յուրատեսակ ուխտագնացություն ձեռնարկելով Հայաստանից դեպի Իսրայել ու Եգիպտոս` «Վէմ մեդիա արուեստներ» ստուդիան տեր Մեսրոպի հեղինակած սցենարով հղացված և Աբրահամ Տերյանի, Գևորգ Հինթլյանի ու Ռոբերտա Ռ. Էրվինի գիտական խորհրդատվությամբ, Ջոնաթան Քրիստոֆեր Քլիըրիի խմբագրությամբ վերջնական բովանդակային տեսք ստացած վավերապատման կենսագործմանը լծվեց£ Արդի աշխարհին ամենահզոր` կինոլեզվով ներկայանալու համար քառամյա համակողմանի տաժանակիր աշխատանքային դարբնոցում կռվեց տարազգի ստեղծագործական խմբի կամքն ու բեմադրատեսիլքը£ Հեղինակային շեշտադրումներին նախապատվություն տվող իտալացի կինոբեմադրիչին փոխարինեց մեր Էդգար Բաղդասարյանը` խաղարկային ու վավերագրական կինոժապավենների («Մարիամ», «Սև պատ», «Խաղեր», «Բանաստեղծի վերադարձը», «Ճեղքվածք» և այլն) պատկառելի փորձառությամբ միանգամայն գոհացնելով պրոդյուսեր տեր Մեսրոպ քհն. Արամյանի անանձնական նկրտումների արտահայտչականությունը հոգևոր կարևորագույն ասելիք ունեցող վավերագրական կինոֆիլմի£ Մինչ այս միանգամայն այլ նպատակասլացությամբ նկարահանած լինելով Երուսաղեմի ծեսերը` Էդգար Բաղդասարյանը, ամերիկյան ժամանակակից կինոտեխնիկայով երկամյա նկարահանումների բարձր որակն ապահովելուց զատ, մտահոգվեց ուրիշների ձեռքով գրված մեր պատմությունը կենդանացնող տեսաշարով ձևավորել ներկայանալի կինոանձնագիրն իր ժողովրդի£ Գեղաճաշակ մատուցմամբ արտասովոր հետաքրքիր տեսանյութի` կենտրոնացնել հայրենակիցների համազգային միտքը կարևորագույն գերխնդրի վրա. «Ինչո՞ւ կտրվեց հայոց պատմության շղթան, ու մենք հեռացանք մեր նախատիպից` հոգևոր մարդուց»£ Մեր ինքնության ու արժանապատվության այս կինոկոչնակով, նախ, հայերին է գիտակցությունը ներարկվում փոքրության (դեռ Պատմահորից եկող` «մենք փոքր ածու ենք...») բարդույթից ձերբազատվելու և սեփական պատմության ժառանգն ու տերը լինելու£ Կիսելով «Արարատից Սիոն» կինոժապավենի ստեղծագործական խմբի մտահոգությունը` հայաստանյան ցուցադրության (HD պրոյեկցիայով) հովանավորությունը ստանձնեց մշակույթի բարեկամ ՎիվաՍել¬ՄՏՍ ընկերությունը (գլխավոր տնօրեն` Ռալֆ Յիրիկյան)£ Այս ցուցադրահնարքով աննկատ ներգրավվում է կինոդիտողը տեսանյութի շարժման ընթացքում£ Մասնակցում ամենախոշոր` Զատկի պատարագին Հարություն եկեղեցում, գիշերային զգայացունց մոմավառությանը£ Ակամա շրջագայում երկրե¬եր կիր ու հոգևոր լիցքերով համակվում£ «Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր տնօրեն Մարտուն Ադոյանը, հանրահռչակելով հանդիսատեսային պահանջարկի վիճակագրությունը (մայիսի 5¬ից մինչև օրս մոտ 20 հազար կինոդիտող է հաղորդակցվել ֆիլմին), հավաստեց, որ ոչ միայն որևէ այլ վավերագրական ֆիլմ, այլև հանրահայտ «Ավատարը» համարժեք ուշադրության չեն արժանացել£ Փառք Աստծո, հոգևոր վերազարթոնքի սերմերը դեռևս տեղ են գտնում մեր կարծրացած ու խեղաթյուրված ներաշխարհում£ Հայաստանյան պրեմիերայից հաշված օրեր անց «Արարատից Սիոնը» միջազգային առաջին հաղթանակն արձանագրեց «Եվրոպական լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակով բրիտանական Swansea Bay Film Festival կինոփառատոնում£ 8 միջազգային կինոփառատոների եզրափակիչ մրցութային փուլերում արդեն ընդգրկված լինելով` այն աշխարհի ազգերին գեղարվեստական բարձր չափորոշիչներով կիրազեկի պատմական անհերքելի մի ճշմարտության մասին. քրիստոնեությունը հայ ժողովրդի գոյակերպն է, ոչ սոսկ կրոնական դավանանք և հոգևոր մշակույթների ինքնատիպ խառնարան Երուսաղեմում մայրենի լեզվով ամեն օր կատարվող տիեզերական աստվածամեծարման իրավունքը, ի դեպ` վերապահված նաև հույներին, ամրագրված է այլագզիների արժանահավատ վկայություններով£ «Արարատից Սիոնը» սովորական ֆիլմ չէ աշխարհի պատմության մեջ հայերի իրական դերակատարության մասին£ Ստեղծված լինելով մյուս կրոնների հանդեպ ընդգծված հարգալից վերաբերմունքով` այն միավորվելու անհրաժեշտությունն է շեշտադրում բոլոր տարազգի քրիստոնյաների, աստվածային սիրով գոտեպնդվելու և դիմակայելու եղբայրասպանդին£ Անգլերեն բնօրինակը պատմում է հոլիվուդյան ճանաչված դերասան Էյդան Քուինը, հայերենը` ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը£ Երաժշտությունը հեղինակել են «Ոսկե գլուբուսի» մրցանակակիր Լիզա Ջերարդը և Արա Թորոսյանը£ Ամբողջ ստեղծագործական գործընթացը գործնականում քրիստոսավայել միավորվելու հավաստիք է` սցենարից սկսած մինչև արտադրություն ու հայտնություն համաշխարհային կինոէկրանին£ Մահտեսիների մեծագույն հոգևոր սխրանքի ու անձնազոհ աստվածապաշտության շնորհիվ մեր ժողովուրդն այժմ քրիստոնեական գլխավոր սրբավայրերի հիմնական իրավատերերից է£ Սրանում, նախ, հավաստիացնելով հայրենակիցներին` ֆիլմի հեղինակները պատմական ճշմարտությունը տարածում են աշխարհում. անհերքելի են փաստերը, երբ օտարներն են վկայում£ Արնածարավ մեր «հարևանների» հանգույն հորինվածքներով մեզ նորահաստատելու կարիքը ամենևին չունենք£ Հունիսի վերջին այս ամենը հաստատում կգտնի Մոսկվայում և Կոլորադոյում կայանալիք կինոփառատոներում£ Ինչպես իրենք` ֆիլմի հեղինակներն են ասում. «Յուրաքանչյուր ճանապարհ սկիզբ է»£ «Արարատից Սիոնը» արդեն ճանապարհ է ընկել որպես քսանմեկերորդ դարասկզբի նորահայտ մի մահտեսի£ Հաջող մեկնարկը հույս է ներշնչում, որ հոգևոր մաքրագործման իր ստանձնած առաքելությունը այս անսովոր ուխտագնացության առագաստներին բարեհաջող ընթացք կապահովի£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ