Պաշտոնական լրահոս Նախարարը բարձր է գնահատել


Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակներում խորհրդատվական հերթական այցով Հայաստանում էր գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի համատեղ փորձագիտական խումբը: Փորձագիտական խմբի հետ քննարկումներն ուղղված են եղել պաշտպանության ռազմավարական վերանայման 3-րդ փուլի ամփոփմանը և 4-րդ փուլի իրականացման մեթոդաբանության քննարկմանը: Անցկացված խորհրդակցություններին մասնակցել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում ներգրավված ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան վարչությունների ու առանձին բաժինների ներկայացուցիչները: Այցի ընթացքում փորձագիտական խումբն իր նախնական դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովին: Աշխատանքների արդյունքները փորձագիտական խմբի անդամներն օրեր առաջ ներկայացրել են ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել միջազգային փորձագետների կողմից մինչ օրս ցուցաբերված օժանդակությունը` ընդգծելով այդ աշխատանքների շարունակականության անհրաժեշտությունը: