Չկորցնե°նք մեր ինքնությունը


ՀՀ ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում բուռն քննարկումների առիթ հանդիսացած «Մայրենի լեզվի մասին» օրենքում փոփոխութ յունների մասին օրինագիծը մեծ հնչեղություն ստացավ նաև հասարակության տարբեր շերտերում£ Պատճառը Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու ծրագիրն է£ Դպրոցներ, որոնցից ՀՀ պետական լեզուն ընդհանրապես վտարված կարող է լինել£ Մինչդեռ իր անկախ պետականության համար պայքարած երկրում դեռևս կայացած չէ կրթական համակարգը£ Այն առումով, որ ամեն շրջանավարտ իր մայրենիի գիտակը լինի£ Բացի այդ, ի՞նչ սկզբունքով պետք է ընտրենք, թե ո՞ր լեզվով է օտար կրթություն ստանալու օտարամոլ ծնողի զավակը£ Եվ ամենակարևորը` առանց այդ էլ մեր սուղ բյուջեն ինչո՞ւ պետք է ֆինանսավորի օտար մշակույթի արմատավորումը£ Կամ, ի՞նչ երաշխիք, որ իր ազգային շահը պաշտպանող ինչ¬որ երկիր, դիցուք` Թուրքիան, թուրքական դպրոց չի հիմնի այստեղ (մեր իսկ օրենքով) ու դեռ մի փոքրիկ կրթաթոշակ էլ չի սահմանի` Հայ դատի ապագա պահանջատերերին թուրքերեն «ներարկելու» համար£ Խնդիրն այսչափ աղմկահարույց չէր լինի, եթե մեզ համար ազգային նկարագիր դարձած` օտարին «մեր գլխին տեղ տալու» հյուրընկալությունը չլիներ£ Դպրոցներ թող բացվեն` որքան ուզում են և ինչ լեզվով ցանկանում են£ Բայց` կիրակնօրյա դպրոցների տեսքով, այն էլ` վճարովի, ինչպիսիք աշխարհասփյուռ հայերն էլ ունեն` տարբեր երկրներում£ Ի դեպ` խորհրդարանականների շրջանում էլ քիչ են այս խնդրով մտահոգվողներ£ Եվ իրենց տեսակետն ամեն կողմը հիմնավորում է յուրովի. ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆԸ, օրինակ, իր դիրքորոշումը պարզաբանում է Սահմանադրության հետ այդ օրինագծի հակադրությամբ£ - Կարծում եմ սա քաղաքական պատվեր է, ինչը փորձում են իրականացնել օտարալեզու դպրոցների հիմնումով£ Իսկ եթե հանրակրթության վերաբերյալ պատվեր լիներ, այն պետք է լիներ լեզվամշակութային քաղաքականության շրջանակներում, ինչի արդյունքում է°լ ավելի պետք է ամրապնդվեր սահմանադրությամբ ամրագրված մեր մայրենի լեզուն£ Չենք էլ կարող պատկերացնել, թե հետագայում ի՞նչ հետևանքներ կարող է թողնել օրենքի փաթեթի վերամշակված տարբերակը, ըստ որի` Հայաստանում օտարալեզու 15 դպրոց պետք է հիմնվի£ Օտար լեզուների ուսուցման դեմ մենք որևէ առարկություն չունենք£ Ավելին` գործող օրենքի 6¬րդ և 7¬րդ կետերով հնարավորություն է ընձեռվում լուծել օտար լեզուների իմացության խնդիրը£ Իսկ այն պատճառաբանությունները, թե ուզում ենք մրցունակ լինել միջազգային շուկայում և ինտեգրման գործընթացներում` հնարովի է£ Լեզուն մրցակցային արժեք չէ£ Մրցակցային արժեքը կրթական համակարգն է, և մեր բոլոր ջանքերը պետք է ուղղորդել կրթության բնագավառի խնդիրների լուծմանը£ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԻ հավաստմամբ` «Մայրենի լեզվի մասին» օրինագծի վերամշակված տարբերակում բարեփոխվել են նախկինում հասարակությանը մտահոգություն պատճառող մի քանի դրույթներ£ - Մեր հանձնաժողովն այս օրենքում փոփոխությունների առնչությամբ տվել է դրական եզրակացություն, և կարծում եմ` այն կնպաստի, որպեսզի մենք համաշխարհային ինտեգրման գործընթացներում կարողանանք համապատասխան մրցունակ գիտական կադրեր և որակյալ կրթական համակարգ ապահովել£ Ես համամիտ եմ, որ կրթությունը մեր ազգային անվտանգության բաղկացուցիչ օղակներից մեկն է, բայց չեմ կարծում, թե օրենքի ընդունումով կարող ենք վտանգել կրթական համակարգը, ասել է թե` մեր ազգային անվտանգությունը£ Երկուշաբթի օրը Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիներն օրենքի առնչությամբ իրենց դժգոհությունն արտահայտում էին նաև պաստառներով, որոնց վրա գրված էին. «Լեզուն գույք չէ` պարտքի դիմաց», «Ազգադավ օրինագիծը հանել օրակարգից», «Հայերենի հետ կարող է մրցել միայն հայերենը»… Ակցիայի մասնակիցներից մի քանիսի կարծիքը նույնպես հետաքրքիր էր£ Գրիզելդա ՂԱԶԱՐՅԱՆ. Մենք հայ ենք, և պետք է անաղարտ պահենք մեր մայրենի հայերենը£ Մենք փոքրաթիվ ազգ ենք և մեր դպրոցը հզորացնելով ու կարևորագույն կրթօջախ դարձնելով միայն կարող ենք դիմակայել արտաքին մարտահրավերներին£ Իսկ օտարալեզու դպրոցներ հիմնելով, մենք վտանգում ենք մեր հայկական ինքնությունը£ Հիշենք հայազգի կայսրերին. ի՞նչ տվեցին նրանք հայ ազգին և հայկական պետությանը. ոչի°նչ£ Եթե ինքնությունդ հայկական չէ, դու ազգիդ ոչինչ տալ չես կարող£ Ներսիսյան դպրոցը մեր ազգին հանճարներ է տվել, որովհետև ուսուցումը կատարվել է ազգայինի հենքի վրա£ Աշոտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Օրենքի այս կետը փոխելու պահանջը հակասահմանադրական է£ Մենք պատմությունից գիտենք, որ մեր լեզուն փոխելով, մեր ազգությունն ենք փոխում£ Այս օրենքի ընդունումով ազգափոխության գործընթացի սկիզբն ենք դնում£ Դա դեմ է մեր Անկախության հռչակագրին, դեմ է Նժդեհի բոլոր սկզբունքներին, և ընդհանրապես հակազգային նախագիծ է£ Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Հայաստանում օտարալեզու կրթություն չի° լինելու£ Որպեսզի շահարկումներ չլինեն, ասեմ, որ մենք ազգային փոքրամասնություններին մեծագույն հարգանքով ենք վերաբերվում, ուղղակի այս օրենքի ընդունումով կխաթարվի միասնական կրթական համակարգը, իսկ հատվածական կրթությունը կնպաստի հատվածական հասարակության ձևավորմանը, որտեղ արժեքների չափանիշները տարբեր կլինեն£ Մենք դեմ չենք օտար լեզուների ուսուցմանը£ Դեմ չենք միջազգային լեզուների կիրառմանը, բայց հայերեն լեզվին ձեռք մի տվեք£ Այդ ամենը կարելի է անել` թարգմանելով ծրագրերը և համապատասխանեցնելով մեր պայմաններին£

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ