ԱՌՈՂՋ ԶԱՅՐՈՒՅԹՈՎ` «ԴԱՐԵՐԻ ԽՈՐՔԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ»


(Տխուր տպավորություններ Երևանի պատմության` այսպես կոչված թանգարանից) Թվում էր Երևանի պատմության թանգարանը, տարիներ տևած իր շենքատշումներից հետո, վերջապես... սակայն իրոք նման ոդիսևսյան դեգերումներից հետո` լեռը մուկ ծնեց և սպասվածին հակառակ, այն այսօր ցավոք այլ պրոբլեմների մեջ է: Ահա մի քանի թռուցիկ տպավորություններ... Նախ իրար գլխի դրված այդ եռահարկ կարծես, իրոք, հավաթառը, իր զբաղեցրած տարածքով մի քանի անգամ ավելի փոքր է անգամ «ամենաքյասիբ» օլիգարխի եռահարկ առանձնատան սանհանգույցներից: Գուցե թե նաև նման տարածքի պատճառով (իսկ ըստ իս նաև թանգարանագի տության ցածրանմուշության) իրար գլխի խռնված և մեծիմասամբ իրենց կոչմանը անհամապատասխան այդ ցուցանքին վայել է լոկ «կոնգլոմերատ» բառը (էլ «Զինգեր» մակնիշի կարի մեքենաներ, անճաշակ սարքված ֆայտոններ ու ձիաքարշեր, կներեք արտահայտությանս, բայց իրոք` անոռ-անգլուխ ազդագրեր, բռնցքամարտի ձեռնոցներ, արդեն ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի բուկլետային անկապ նկարի կողքին օճառ պատրաստելու ինչ-որ կաղապար (ինչպիսի միասեռություն), գավառային թանգարանին վայել «ԳԳՄԲ» գավաթներ, պատվոգրեր, ինչ-ինչ վկայականներ և նույնիսկ` խմիչքների շշերի տարատեսակ պիտակներ ու դրանց գլխավերևներում անկապ փակցված Աղասի Խանջյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի կամ մի խումբ մտավորականների «գրկում» Անաստաս Միկոյանի, այլոց, Երևանի պատմության հետ բացարձակապես չիմաստավորված նկարներ և այլն, և այլն)... Հատկապես զարմանք ու առողջ զայրույթ է պատճառում, որ ի տարբերություն աշխարհի, երևի թե բոլոր երկրների մայրաքաղաքների պատմությանը նվիրված շենշող թանգարանների (շատերումն եմ եղել), այս խեղճուկրակում (ցավով են նշում) նույնիսկ հավուր պատշաճի չեն ցուցադրված մայրաքաղաքի գերբը, դրոշը և հիմնը, (հատկապես հիմնը), իրենց հեղինակների անվանը վայել մի այնպիսի հիասքանչ ձայնալուսային, դիարամային և պանարամային լուծումներով, որոնց ստվերն անգամ չկա այստեղ ընդհանրապես... ... Համարյա ավարտին էր մոտենում բացարձակ անիմաստ ցածրությամբ դրված շատ ցուցանմուշների նաև անիմաստ «տիտրերի» գրեթե պպզած ու կռացած մեր ընթերցումը, երբ արվեստի երկրպագու, ձևավորող նկարիչ Վահրամ Որդիս շատ զգացմունքային ասաց. «Հայրիկ, ինչ լավ կլիներ, եթե այն մի շարք ավելորդությունների փոխարեն այստեղ դրված լիներ ասենք Նորքի բարձունքին կանգնած և ձեռքը աչքերին դրած Երևանին նայող Խաչատուր Աբովյանի արձանի մանրակերտը, հայտնի երգի քառատողերով. «Երանի թե մի օր հանկարծ, Քանաքեռից իջնեիր և քո սիրած Նորքում կանգնած` Երևանին նայեիր»: Գորովանքով նայելով նրան` մի երկու բան էլ իմ մտքով անցան... երանի թե նաև Երևանի բերդի մանրակերտի մեջ, իհարկե ավելի մեծ չափերով, պատկերված լիներ Սարդարի պալատը իր թատերական այն պատառիկով, որը կվերաբերվեր առաջին անգամ այնտեղ դեկաբրիստների ուժերով բեմականացված մեր ժողովրդի լավագույն բարեկամներից մեկի` Ալեքսանդր Գրիբոյեդովի անմահ «Խելքից պատուհասին»... ցանկալի կլիներ առավել ընդգծվածությամբ թանգարանում տեսնել «Ղանթարը», ջուր վաճառող տղային և Կարաբալային` իրենց վայել ինչ-որ «ունիկալ», «կոլորիտային» միջավայրերում, ինչպես դա արվում է աշխարհի շատ երկրներում: Բերեմ այդպիսի մի երկու ուշագրավ օրինակ… Տարիներ առաջ, երբ մի շատ լուրջ պատվիրակության կազմում Սարաևո քաղաքում էի, որպես պատմաբան ցանկացա լինել այնտեղ կատարած իր սպանությամբ Առաջին Համաշախարհային պատճառ դարձած սերբ հայրենասեր (դա ժողովրդի գնահատականն է) Գաբրիել Պրինցիպի տուն-թանգարանում և չնայած խմբի ղեկավար, ՍՄԿԿ Կենտկոմի պատասխանատու աշխատող, ոչ ու բարով նաև ակադեմիկոս Պլիտչենկոյի տխմար արգելքներին (հասկանալի է` ինչ բնույթի)` ես այն իրականացրի: Ինձ հատկապես զարմացրեց թանգարանի մուտքի մոտ, ոսկյա ցանկապատիկով առանձնացված և գետնին նշմարելի դարձված Պրինցիպի ոտնահետքերի ենթադրյալ տեղը, որտեղից էլ հնչել էր կրակոցը: Անցորդների ջերմ (բայց ոչ զարմացած) ուշադրությանն արժանանալով` ես, ի տարբերություն պլիտչենկոների, խոնարհվեցի նույնիսկ իր նշանավոր զավակների, ոտնահետքերը սրբացրած սերբ ժողովրդին... Դարձյալ տարիներ առաջ (1968թ.) երբ Ամենայն Հայոց, հիրավի, Վեհափառ Կաթողիկոս Վազգեն Առաջինի հանձնարարական նամակով, հայ-հնդկական կապերի ուսումնասիրության նպատակով, Հնդկաստան գնալ վերադառնալուց հետո« «Գարուն» ամսագրում տպագրված իմ հուշերում (1969 թ. N 7), ես բարի նախանձով նշել էի Դելիում ականատես եղած մի միջոցառման մասին և այն համեմատել մեր «Էրեբունի-Երևան» տոնակատարության հետ, այն շատ էր դուր եկել Երևանի էդ տարիների անզուգական քաղաքապետ, ճարտարապետ Գրիգոր Հասրաթյանին (որի մասին նույնպես, առավել դատապարտելիորեն գրեթե ոչինչ առանձնահատուկ չկա թանգարանում, ինչպես նաև նրանից ոչ պակաս երախտավոր Եղիշե Վարդանյանի), որը նույնիսկ նախաձեռնեց հատկապես տուրիստների համար նկարահանել տալ իմ առաջարկ-երազանքին համեմատ մի կարճամետրաժ կինոնկար... Սակայն ավաղ խոչընդոտեցին… Արդեն շուրջ 40 տարի անց, էն օրերի չիրականացած երազանքիս ուզում եմ խառնել ևս մի նոր ծվեն, հուսալով, որ գոնե այն իրականանա... Համոզված եմ, որ իմ այս առողջ զայրույթը սիրելի «Ավանգարդում» ընթերցելուց հետո, մեր գործունյա քաղաքապետը (որն իհարկե իր մեղքի մեծ բաժինն ունի նման խոցելի թանգարանատարածքի ընտրության գործում) Երևանի պատմության թանգարան, հատուկ նպատակային այցի կհրավիրի մեր մայրաքաղաքը սիրող մեծարգո պարոն Գագիկ Ծառուկյանին, որպեսզի իրենք ևս ինձ նման իրենց տեսածից զգայացունց լինելով, որոշեն, որ Երևանի առաջիկա 2800 ամյակի տոնակատարության հանդիսավոր բացումը արդեն կկատարվի թանգարանի համար նոր կառուցվելիք մի առանձին ու հոյակերտ տաճարում, որի ժապավենը կտրելու պատիվը անշուշտ կտրվի այդ բարեսերին` ժողովրդի շնորհակալության թագը գլխին: Հուսա°նք:

Վիսլա ՍԵԴՐԱԿՅԱՆ