Վստահության նախադուռ


Հայաստանի անկախացումից առայսօր գրեթե կորել է բնակչության վստահությունը պետական կառույցների հանդեպ: Հետևաբար, այդորակ է տրամադրվածությունը նաև ԱԺ-ում ձևավորվող հանձնաժողովների նկատմամբ: Թեև ոմանց համար միշտ ինչ-որ մի բանից դժգոհ լինելն է բնականոն հոգեվիճակ, բայց 2008 թ. մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրող ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողովը երևի թե անձնավորված վերաբերմունքին տուրք տալու դեպքը չէ: Քանի որ զոհվածների հարազատների համար ինչ-որ չափով մխիթարող է բացահայտումը, թե իրականում ի՞նչ և ինչո՞ւ է տեղի ունեցել այդ չարաբաստիկ գիշերը: Ուստի հանրօգուտ կլինի` մարդիկ վայր դնեն իրենց քաղաքական հավակնությունները և միահամուռ ուժերով լծվեն արդարամատույց գործին: Իսկ այդ հանձնաժողովի` մինչ այժմ ծավալած գործունեությունը, ըստ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության քարտուղար և հիշյալ հանձնաժողովի անդամ Արտաշես ՇԱՀԲԱԶՅԱՆԻ` - Հաշվետվությունների համար անշուշտ դեռ վաղ է: Մենք մեր աշխատանքների կազմակերպման փուլը ավարտեցինք: Դիմել ենք միջազգային կազմակերպություններին, այդ թվում` ԵԱՀԿ, Եվրամիություն, Վենետիկի հանձնաժողով, ԵԽԽՎ` առաջարկելով, որ նրանք փորձագետներ ուղարկեն: Կարծում եմ, որ դրական պատասխաններ կստանանք այդ կազմակերպություններից: Արձագանքեցին որոշ արտախորհրդարանական ուժեր` Նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյան, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյան և Ազգային Միաբանության փոխնախագահը: Վերջին նիստին մեզ միացավ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նամակներ ենք գրել գլխավոր դատախազին, ոստիկանապետին: Հանձնաժողովը հատկապես պետք է համագործակցի գլխավոր դատախազության, արդարադատության նախարարության, ոստիկանության նաև հատուկ քննչական ծառայության հետ: Պետք է անպայման այցելենք ձերբակալվածներին` մեր գործընկերներին, զոհվածների հարազատներին, վիրավոր քաղաքացիներին: Հանձնաժողովը արդեն իսկ նամակներ է ստանում. մեզ դիմում են կալանավորված անձինք: Նամակ ունենք ազգային անվտանգության երկու նախկին ծառայողներից, ովքեր բողոքում են իրենց ներկայացված դատավճռի մասով: ...Հասարակության մեջ կան հարցականներ. ովքեր էին մեղավորները, ինչո՞ւ այսպես եղավ, ո՞վ է ավելի շատ մեղավոր, որ իր գործողություններով մղեց այս գործողություններին: