Հիմա էլ` մերձղարաբաղյան 7 շրջանները


«Բակլան մերն է, ցանելու ենք` երբ ուզենք, ինչպես ուզենք» Ադրբեջանական մամուլում քննարկումների թեմա է դարձել ՀՀ նախագահի և արտգործնախարարի վերջին հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը երբեք ներկայիս` դե-ֆակտո անկախությունից ավելի ցածր կարգավիճակ չի ունենա: Այդ առիթով լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ռազմական փորձագետ Վլադիմիր Տիմոշենկոն ասել է. - Հայաստանի նախագահի և ԱԳՆ ղեկավարի վերջին հայտարարությունները որոշակի մտահանգումների են մղում: Ես, օրինակ, Ադրբեջանի ղեկավարության փոխարեն կդադարեցնեի բանակցությունները ոչ միայն նախագահների, այլ նաև արտգործնախարարությունների միջև: Վերջին շրջանում բանակցային գործընթացում որևէ տեղաշարժ չկա: Հայերը վճռական կեցվածք են ընդունել և փորձում են մեզ համոզել փոխզիջումների: Եթե մենք իսկապես ելնում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության անսասանության դիրքերից և համաձայն չենք որևէ փոխզիջման, ապա մեզ նախևառաջ որոշ ժամանակ հարկավոր է շարունակվող բանակցությունների սառեցում հայտարարել: Մինսկի խումբը թող շարունակի անհույս աշխատել, և եթե դրա համանախագահները կողմերի դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ շոշափելի ինչ-որ քայլերի հնարավորություն կզգան` թող զեկուցեն մեր հանրապետության ղեկավարությանը: Վերջիններս էլ այդ ժամանակ որոշում կընդունեն` ինչպես վարվել հետագայում: Իսկ հենց այնպես բանակցություններ վարելը, իմ կարծիքով, Ադրբեջանի համար ինչ-որ չափով նույնիսկ վնասակար է, որովհետև ժամանակն աշխատում է Հայաստանին օգտին: Որքան շատ ժամանակ է անցնում, հայերն այնքան Ղարաբաղում ամրապնդում են իրենց պայմանակարգը: Երկրորդ. ես ավելի քիչ կօգտագործեի «հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհ» արտահայտությունը: Կխուսափեի նաև «հիմնախնդրի լուծման այլընտրանքային ուղի արտահայտությունից` այն ձևափոխելով` «Ադրբեջանը կիրառում է անհրաժեշտ բոլոր միջոցները` իր տարածքային ամփողջականությունն ապահովելու համար: Եվ այդ ձևակերպումը թող յուրաքանչյուրը հասկանա յուրովի: Բացի այդ, կխնդրեի մեր զանգվածային լրատվամիջոցներին` այսքան մեծ ուշադրություն չհատկացնել մեր ռազմական բյուջեին: Դա վնասից բացի` ոչինչ չի տալիս: Այդ խնդրում ես խորհուրդ կտայի` գնալ Խորհրդային Միության ճանապարհով, որտեղ ԶԼՄ-ներում նշվում էր ռազմական ծախսերի միայն այն մասը, որն օգտագործվում էր մարտական պատրաստվածության, տեխնիկայի և զինման նպատակով: Իսկ սոցիալ-կենցաղային բնույթի, բնակարանային շինարարության, համազգեստի, սննդի, բուժման և այլ հարցերը ռազմական բյուջեում չէին ընդգրկվում: Եթե մենք, իրոք, զբաղվում ենք ռազմական շինարարությամբ` հարկավոր է այդ թեմայով քիչ խոսել. որովհետև որքան շատ ենք խոսում, այնքան ավելի է տպավորություն ստեղծվում, թե դա անում ենք ինչ-որ մեկին վախեցնելու համար: Փորձագետ Վլ. Տիմոշենկոն իրեն թույլ է տվել դրական արտահայտվել Հայկական բանակի մասին. - Հայկական բանակը նույնպես լավ է զինված: Չէ՞ որ մենք լիարժեք տվյալներ չունենք հայկական բանակի զինվածության մասին: Հիշեք միայն, թե Հայաստանին որքան տեխնիկա փոխանցվեց` 366-րդ գնդի կազմացրումից, ինչպես նաև Վրաստանից ռուսական հենակետերի դուրսբերումից հետո: Բայց այսպես իրատեսորեն արտահայտվող գործիչն անգամ վերստին ծնկներն է ծեծում արդբեջանավայել, երբ նորից հիշում է իրենց մոգոնած` իբր ադրբեջանական տարածքների 20 %-ի կորստի մասին. - Հայաստանին մարտական գործողություններ հաստա°տ պետք չեն: Նրանք փաստացի հասել են իրենց նպատակին և ձգտում են պահպանել ստատուս-քվոն: Եվ, ընդհանրապես, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում ես անմիջականորեն հենց Լեռնային Ղարաբաղը կառանձնացնեի` գրավյալ մյուս 7 շրջաններից: Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծում կարելի է թողնել հետոին, բայց մենք լիիրավ ենք ցանկացած պահի բացահայտ հարձակման անցնել և ազատել այդ յոթ շրջանները: Ու դա կլինի միջազգային իրավունքի շրջանակներում: Դա մե°ր տարածքն է: Անվանեք աշխարհում մեկ այլ պետություն, որի 20 %-ը զավթել են: Հիշեք, թե միջազգային հանրությունն ինչպես միջամտեց, երբ Իրաքը ներխուժեց Քուվեյթ: Իսկ մեր 20 տոկոս հայրենի հողերը գրավել են, և ոչ մի ուշադրություն: Միայն մի քանի տարի առաջ միջազգային ընկերակցությունը ծղրտաց` Հայաստանին` նվաճող, իսկ ղարաբաղյան վարչակարգն` անջատվողական ճանաչելով: Եվ դա` այսքան տարիների համատարած լռության ֆոնին: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մենք կլուծենք խաղաղ ճանապարհով: Բայց նրա շուրջը եղած շրջաններն իրավունք ունենք ազատագրել այնպես, ինչպես ցանկանում ենք: Չնայած` Ղարաբաղը նույնպես մեր տարածքն է և վաղ թե ուշ, այս կամ այն ճանապարհով` կազատագրենք: Միշտ ուրիշի ձեռքով հաղթողի դափնեպսակն իր արժանիքներին վերագրած պարտվողի սնապարծությո՞ւն է սա, թե ճշմարիտ ինքնավստահություն` դժվար է ասել: Սակայն սեփական երկրի հանդեպ հավատի քարոզչամեքենան, իսկապես, Ադրբեջանում լա¯վ է աշխատում: Ուշադրություն դարձնենք` իշխանություններին «քննադատում» են ոչ ռազմատենչության համար, բայց նաև հասարակական կարծիք ձևավորում` ընդհուպ մինչև միջազգային հանրությանը նախապատրաստելով, որ ամեն պահի կարող են նոր պատերազմ սանձազերծել: