Ներքին ճգնաժամ և փակուղի


Ընդդիմության ամառային միտինգաշարը, հակառակ կանխատեսումներին, ոչ թե քաղաքական ճգնաժամի առկայությանը, այլ դրա բացակայությունն է առայժմ միայն փաստում: Ճգնաժամի բացահայտման հանրահավաքային «գիտափորձերը» հավանաբար համոզիչ և վերջնական արդյունքների հասնելու նպատակն ունեն: Ուստիև բնավ էլ պատահական չէ, որ դրանք ոչ միայն մայրաքաղաքային, այլ, ինչպես հայտնի է, արդեն նաև մարզային տեղակայվածություն ունեն: Ընթացիկ արդյունքները ակնհայտորեն գոհացնող ու համոզիչ չեն, քանի որ Լ. Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում գրեթե մեկամսյա մեծ ընդմիջում հայտարարելով` այնուամենայնիվ խոստացավ այդ ընթացքում դարձյալ շարունակել նստացույցերն ու պիկետները, ինչպես նաև մարզային հանրահավաքները: Տեսանելի է, որ նախկին լայնամասշտաբ գործունեության համար նպաստավոր նախադրյալները թիմն այլևս կորցրել է, և ներկայում խնդիրն ավելի քան համեստ է. մինիմիջոցառումների շարունակականությամբ ժամանակ շահել: Ժամանակ, որն ակնհայտորեն Լ. Տեր-Պետրոսյանի օգտին չի աշխատելու… Իսկ այն փակուղային իրավիճակը, որում հայտնվել է «համաժողովրդական շարժումը», որքան ուշ ամբողջանա, այնքան երկար հնարավոր կլինի պահպանել այդ պայքարի` աննկատ դարձող հետագիծը: Իսկ շարժումն սկսել է նմանվել պարտված թեկնածուի ընտրական շտաբի, քանի որ վերջին հանրահավաքում դարձյալ վերահաստատվեց, որ թիմի նպատակը ձերբակալվածների ազատ արձակումը և մարտի 1-ի իրական կազմակերպիչների բացահայտումն ու պատժումն է: Ընդ որում, դժգոհ լինելով հանդերձ, «համաժողովրդականն» այլևս այն շտաբներից է, որտեղից հաղթած թեկնածուին «մեծահոգաբար» նաև ծրագրային առաջարկներ են արվում: Այսպես, վերջին ուրբաթահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց «կազմել տեխնոկրատներից կազմված պրոֆեսիոնալ կառավարություն, դադարեցնել ոստիկանական և հարկային տեռորը, վերացնել մենաշնորհային արտոնությունները, հարկային դաշտ բերել անխտիր բոլոր խոշոր գործարարներին, ապահովել դատարանների լիակատար անկախությունը» և այլն: Համընկնումներն այնքան շփոթեցնող են, որ մի պահ կարող է նույնիսկ թվալ, թե մեջբերվածը հատված է կառավարության հերթական նիստից, քանի որ առաջին Նախագահը ըստ էության ուղղակիորեն թվարկեց նոր կառավարության հիմնական առաջնահերթությունները: Սա երկխոսության (այն էլ` լիարժեք կառուցողական հիմքերով) լավ սկիզբ կարո՞ղ է դառնալ, թե՞ ոչ` առայժմ դժվար է ասել: Բայց այն, որ Լ. Տեր-Պետրոսյանի ամառային թեզերում կամ, այլ կերպ ասած, հանրահավաքային երկրորդ փուլի բոլոր ելույթներում բոլորովին էլ ոչ պատահաբար է աստիճանաբար արդիականանում երկխոսության հիմնահարցը, նույնպես ակնհայտ է: Եվ այս պարագայում, այլևս կարևոր չէ թիմի առաջնորդի հին ու նոր տեսակետների հակասականությունը… Ավելի հետաքրքիր է ջանասիրաբար հյուսված որոգայթներից դուրս պրծնելու ճիգերի արտահայտչաձևերը, ինչի ընթացքում, որքան էլ զարմանալի լինի, քննադատության սլաքը հատկապես Ռ. Քոչարյանի դեմ է ուղղվում… Մի գործչի, ով արդեն քանի ամիս չի առնչվում երկրի հասարակական-քաղաքական գործընթացներին: Առաջին Նախագահը թերևս փորձում է ուրվագծել գործող իշխանության հետ երկխոսության այն նեղլիկ արահետը, որը շարժումը փակուղուց դուրս բերելու միակ միջոցը թերևս կարող է դառնալ: Ու ստիպված առաջին Նախագահը «թարմացնում» է հիշողությունը, վերհիշում Սերժ Սարգսյանի հետ նախկինում արված ընկերության մասին ու ձևակերպում, թե ընկերական հարաբերությունները (թեկուզև դրանք ինչ-որ պահից կընդհատված լինեն) մարդուն իրավունք է տալիս հին ընկերոջը «դու»-ով դիմել… Ինչ խոսք, նման վերափոխումը կատարելապես ի չիք է դարձնում թաթար-մոնղոլական, ավազակապետական և համանման մյուս բոլոր բնորոշումների ողջ քարոզչական բովանդակությունը: Բայց խնդիրն այսօր ոչ այնքան նախկին գնահատականները սրբագրելուն, այլ նախ և առաջ շարժման ներքին ճգնաժամի հաղթահարման ելքերին է միտված: Լրջագույն հիմնահարց, որն անգամ Լ. Տեր-Պետրոսյանին է հարկադրում իր «բարձր» դիրքից նահանջելու գնով վերանայել մրցակիցներին ոչ շատ վաղուց տրված բնորոշումները: Նույնիսկ համագործակցության «խայծն» է հանրահավաքից հանրահավաք մեջտեղ բերվում` հավաստիացումներով, թե թիմում մշակվել է երկխոսության կոնկրետ ծրագիր: Իսկ մեկամսյա «զինադադարը», փաստորեն, հիմա արդեն իշխանության հայեցողությանն է թողնելու` Լ. Տեր-Պետրոսյանի թիմի հետ այս փուլում երկխոսելու նպատակահարմարությունը որոշելը: Եվ քանի որ դրա հավանականությունը արդեն այնքան էլ մեծ չէ, ուստիև այստեղ ևս ընդգծվող փակուղին աչքի առաջ ունենալով` առաջին Նախագահը հիմա էլ հոխորտում է, թե հավանական է նաև, որ օգոստոսի 1-ից շարժման գլխավոր կարգախոսը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը դառնա: Հանգամանք, որ վերջնականապես բացահայտում է Նախագահի նոր ընտրություններ անցկացնելու դեպքում չառաջադրվելու վերաբերյալ Լ. Տեր-Պետրոսյանի ավելի վաղ արված պնդումների բուն նշանակությունը: Մի քանի ամսվա ընթացքում երկրորդ անգամ ծանր պարտություն կրելն, անշուշտ, բոլորովին էլ հաճելի չի լինի, իսկ պնդումները, թե թիմում մեկ տասնյակի չափ պոտենցիալ նախագահացուներ կան, խուսանավելու արդեն այլընտրանք չունեցող փաստի ապացույցն է: Ինքնին երկրորդական է դարձել նաև կոնգրեսի ստեղծման հեռանկարը: Դժվար չէ նկատել, որ այս մասին թիմում ընդգրկվածները միայն առիթից առիթ են խոսում, քանզի մեծ է հավանականությունը, որ քաղաքական ուժերին միավորելու փորձը շարժումը կազմաքանդելու ամենադյուրին տարբերակը դառնա: Ասել է թե` վերելքի հույսերը կարող են անակնկալ գահավիժման վերափոխվել: Հետևաբար, կոնգրեսի հիմնումը ներկայում ռիսկային է համարվում, որին նկատելի զգուշավորությամբ է մոտենում անգամ թվում է թե այլևս կորցնելու ոչինչ չունեցող Լևոն Տեր-Պետրոսյանը: